Լավ մարզավիճակում են

06/09/2008

«Մերձմոսկովյան «Խիմկի» թիմի կազմում վերջին խաղերում ես շատ գոլեր եմ բաց թողնում եւ դժգոհ եմ դրանից, բայց Հայաստանի հավաքականի խաղին ես լավ եմ տրամադրված` լավ հասկանալով Հայաստան-Թուրքիա խաղի մարզական եւ ոչ միայն մարզական կարեւորությունը»,- այսօր կայանալիք խաղից առաջ ասել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Սա աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղն է, եւ հայտնի է, որ հաջող սկիզբը գործի կեսն է: Մենք լավ ենք նախապատրաստված Թուրքիայի թիմի հետ խաղին, լավ ենք տրամադրված, մեզ համար սա զուտ մարզական խաղ է ուժեղ մրցակցի հետ, եւ ոչ ավելին, մենք ավելի ուժեղ թիմերի հետ ենք խաղացել: Քաղաքական հարցերը մեզ վրա չեն ազդում, մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք, բայց, իհարկե, հասկանալի է, որ եթե խաղում ենք Թուրքիայի թիմի հետ, ապա անպայման համապատասխան ասոցիացիաներ են առաջանում մարդկանց մոտ, բայց մեր խնդիրը հաղթելն է»,- ասել է պաշտպան Կարեն Դոխոյանը: Իսկ հարձակվողներ Ռոբերտ Արզուանյանի ու Էդգար Մանուչարյանի կարծիքով` այս հանդիպումը հերթական պրոֆեսիոնալ փորձ է: «Մենք խաղացել ենք ուժեղ թիմերի հետ: Սա մի մարզական խնդիր է, որը պետք է լուծենք խաղադաշտում: Սա սպորտ է, եւ մենք ցանկանում ենք հաջողության հասնել, քաղաքականությունն այլ բան է»,- ասել է Ռ. Արզումանյանը: