Հայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հսկայական գործ է անում` հայկական մշակույթը եւ ընդհանրապես` հայկական յուրաքանչյուր դրսեւորում աշխարհում պրոպագանդելու համար: Տարիներ շարունակ նա իր երաժշտությամբ անում է այն, ինչը վերափոխում է Հայաստանի իմիջը: Նա պարզապես լուսավոր մեղեդիներ է նվագում եւ աշխարհին, (նաեւ` մեզ) հիշեցնում մեր հողի իմաստուն ու բարի ուղերձները: Վերջերս Ջիվան Գասպարյանին Իտալիայում անցկացված «Ֆրանցիսկո» մրցույթում շնորհվել է բարձրագույն պարգեւ` ազգային երաժշտությունը լավագույնս պրոպագանդելու համար: Իսկ օգոստոսի 31-ին նա ելույթ է ունեցել Ստամբուլում: Թուրքիայի կառավարությունը` նախապատրաստելով իրենց նախագահի այցը Հայաստան, հրավիրել էր անվանի երաժշտին` հայ եւ թուրք երաժիշտների համատեղ համերգ կազմակերպելու նպատակով: Խաղաղությանը միտված այդ համերգին մասնակցել է թուրք երգիչ Բինգյոլը, ով թուրքական ազգային երգեր է երգել Ջ.Գասպարյանի խմբի հետ: Անհամբերությամբ սպասվող հայ-թուրքական ֆուտբոլային հանդիպումը, ըստ քեռի Ջիվանի` ընդամենը պատրվակ է, իսկ բուն նպատակը համերաշխություն հաստատելն է: «Ֆուտբոլ է էլի՜, դա չէ կարեւորը, կարեւորը խաղաղության ճանապարհը բացելն է, հո փակուղու մեջ չե՞նք հայտնվելու կամ էլ պատերազմի կոչեր հո չե՞նք անելու»,- ասաց 80-ամյակը շուտով տոնող վարպետը: Ի դեպ, սույն թվականի նոյեմբերին Ջ.Գասպարյանի հոբելյանի առիթով Հայաստանում մեծ համերգ է կազմակերպվելու, սպասվում է Պիտեր Գաբրիելի, Զուկեռոյի եւ այլ շատ հնչեղ համբավ ունեցող երաժիշտների այցը: «Նրանք կգան, ինձ կշնորհավորեն, իսկ ժողովրդի համար էլ լավ տոն կլինի»,- իրեն հատուկ համեստությամբ ու պարզությամբ ասաց Ջ.Գասպարյանը: