Հանդիպել են

06/09/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի հրավերով Աբդուլլահ Գյուլի` Երեւան նախատեսվող այցին: Հարեւան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը մեր երկիր դրական համարելով, Ս. Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Ս. Սարգսյանն ասել է, որ Կովկասում տեղի ունեցող եւ ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում եւ լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում: Նրանք քննարկել են Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարեւոր խնդիր է նախաձեռնել, Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը ցանկացած խնդրի մասին խոսելու, քննարկելու կողմնակից է: «Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Ս. Սարգսյանը: