Էջմիածին քաղաքի որոշ մտավորականներ դժգոհում են գործող քաղաքապետ Հրաչիկ
Աբգարյանի անօրինական գործողություններից՝ պնդելով, որ վերջինս քաղաքապետի
պաշտոնում ընտրվելուն պես սկսել է Էջմիածնի մշակութային եւ կրթական
կառույցները թալանել: Նրանք վրդովված հայտարարում են, որ քաղաքապետը
վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորյալն է, բայց իր գործունեությամբ
խայտառակում ու վարկաբեկում է «Հանրապետական» կուսակցության
հեղինակությունը: Էջմիածնում կատարվող իրադարձությունների վերջին ուշագրավ
փաստն այն է, որ միայն վերջերս պարզվել Է, որ քաղաքապետը նշանակությամբ
եզակի Գավառագիտական թանգարանի տարածքը դեռեւս մեկ տարի առաջ գաղտնի
կերպով վաճառել է: Էջմիածնի Գավառագիտական թանգարանի տնօրեն Հասմիկ
Հակոբյանի հավաստմամբ՝ 1964թ. գործող թանգարանն, արդեն 20 տարի է,
տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում, ընդ որում, մշակութային
օջախներից ամենաակտիվ կենտրոնն է: «Քաղաքապետը մեկ տարի առաջ թանգարանի
շենքը գաղտնի վաճառել է, բայց մենք նոր ենք իմանում,- ասում է տիկին
Հակոբյանը: -Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ինձ տեղյակ չեք պահել, որ աճուրդի եք
հանել, չէ՞ որ կոլեկտիվն առաջնային է, մի մասն ասում է՝ կանչել ենք, դուք
չեք եկել, իսկ մյուս մասն էլ ասում է՝ «Գինդ» թերթը կարդայիք եւ գայիք»:
Տիկին Հակոբյանի խոսքերով՝ քաղաքապետն առաջարկում է թանգարանը տեղափոխել
զագսի վարչական շենքի առաջին հարկի 170քմ ունեցող տարածք: Մինչդեռ
թանգարանն ունի 700քմ տարածք եւ 12.000 ցուցանմուշ, որից 300-400-ն են
ցուցադրվում: Քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են ցուցադրել
նմուշներն այն քանակությամբ, որքան տարածությունը թույլ է տալիս:
Թանգարանի աշխատակիցներն ասացին, որ Էջմիածնի քաղաքապետ Հ. Աբգարյանը
թանգարանի տարածքը 3 մլն դրամով վաճառել է գործարար Զարզանդ Կարապետյանի
որդուն՝ քաղաքապետարանի Ծրագրավորման բաժնի վարիչ Արսեն Կարապետյանին:
Թանգարանի տնօրենն ասում է, որ Էջմիածնում մեկ սենյականոց բնակարանն արժե
10.000 դոլար, իսկ թանգարանի հսկայական տարածքի համար վճարվել է սիմվոլիկ
գումար, որը նույնիսկ 6000 դոլար չի կազմում: Ի դեպ, թանգարանը գտնվում է
բնակելի շենքում, իսկ այդ նույն շենքի մեկ սենյականոց բնակարանն արժե
18.000 դոլար: Թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանը պատմում է. «Օրեր առաջ
քաղաքապետի հանձնարարությամբ ներկայացուցիչներ եկան ու պահանջեցին
ընդունել զագսի շենքի տարածքը: Գնացինք, զագսի շենքը չափեցին: Ասում եմ,
բայց շուրջ 7000 հնագիտական նյութ ունենք, այդ ֆոնդերն ո՞ւր պետք է
տանենք, ասում են՝ կտանենք ակումբի շենքում կտեղավորենք: Ասում են՝ ամեն
նմուշից մեկ հատ կդնես, իսկ մյուսները կլցնենք ակումբի շենքում: Ոտքս
գետնին խփելով՝ ասացի, որ ես թանգարանի շենքից դուրս չեմ գա, ասացին,
ուրեմն դիմում գրի ազատվի, այն դեպքում, երբ 38 տարվա աշխատանքային ստաժ
ունեմ: Ասում եմ՝ էս մի կտորն էլ մի կերեք»: Այս խնդրի շուրջ առանձնակի
հոգատարությամբ պայքարում է նաեւ քաղաքապետարանի Կրթության բաժնի արդեն
նախկին վարիչ Սուսաննա Հարությունյանը, որը հոկտեմբեր ամսին կայանալիք ՏԻՄ
ընտրություններին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Հարցին, թե
արդյո՞ք տիկին Հարությունյանի շահագրգռվածությունը սուբյեկտիվ չէ,
այսինքն՝ քաղաքապետ դառնալու նպատակով, վերջինս բացառելով ասաց. «Ես
ուզում եմ, որ էջմիածինցին քաղաքապետարանում հարց լուծելու համար կաշառք
չտա, չմերժվի, հարցի լուծման համար դրական պատասխան ստանա: Գործող
քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածին քաղաքի բոլոր
կաթսայատները վաճառել է: Մանկապարտեզները նույնպես վաճառել է, նույնիսկ
ինքն իրեն մանկապարտեզ է նվիրել եւ դարձրել սպրորտդպրոց: Թվով հինգ
գրադարան վաճառել է, եւ պարզ է, որ դրանք դառնալու են խանութներ: Եթե,
աստված մի արասցե, նա մեկ տարի էլ քաղաքապետի պաշտոնում լինի, ապա, վստահ
եմ, յուրաքանչյուր բնակչի համար մի խանութ կբացվի, խանութների թիվն այդքան
շատացել է: Մայթերը վաճառված են, դուք գնացեք Մեսրոպ Մաշտոցի արձանի կողքը
նայեք: Ամբողջ հայությունը հպարտանում է, որ Գրերի գյուտի 1600-ամյակն է,
իսկ քաղաքապետարանի աշխատակազմը, տեսեք, թե ինչպես է դա տոնում, արձանի
տարածքն աղբանոցի է վերածվել: Հենց հիմա աճուրդի են դրել երաժշտական
դպրոցի առաջին հարկը, ընդ որում, դա շատ հին եւ ճարտարապետական մեծ արժեք
ներկայացնող շենք է: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի եղբայրը Մշակույթի
բաժնի ղեկավարն է, եւ նախարարն էլ շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում
Էջմիածնում: Հովիկ Հովեյանը քաղաքապետի հետ բարեկամական կապեր ունի,
այնպես որ, իրադարձություններին լավ տիրապետում է: Թումանյանի եւ Աղայանի
անվան գրադարաններն անվանափոխեցին Հովեյանի հոր՝ Վաչագան Հովհաննիսյանի
անունով: Հանճարների անունները հանեցին, որ Հովեյանը ֆինանսապես օգնի,
բայց դա, չասեմ՝ անբարո, գոնե անտակտություն է»: Տիկին Հարությունյանը
բարձրաձայնում է, որ քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին հովանավորում է վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը. «Ձուկը գլխից է հոտում, ես բացարձակապես չեմ
վախենում ասել, որ նա վարչապետի հովանավորյալն է: Ես անձամբ վարչապետին
նամակ եմ գրել, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ
եմ խոսել: Նրան ասել եմ, որ օրենսդիր մարմինը 2002թ. ընդունել է որոշում,
ըստ որի՝ մշակութային արժեք եւ կրթական համակարգ ներկայացնող շենքերը
չպետք է վաճառվեն: Ազգային ժողովը մի բան ընդունում է՝ մեկ այլ բան
կատարում է Տեղական ինքնակառավարման մարմինը: Վերահսկողական որեւէ օղակ
չկա, իսկ ավագանու անդամների բերանները մի բան գցում է, որ լռեն: Այս տարի
ավագանու նիստ ընդհանրապես չի եղել. ոչ ֆինանսական բյուջե է հաստատվել, ոչ
նախկին հաշվետվություն է ներկայացվել, ու իրավունք չունեն որեւէ գործարք
կատարել, բայց անում են, որովհետեւ ինքը կարող է վարչապետի հետ գնալ
լճերում քեֆ անել ու հարցերը կարգավորել: Հանրապետական կուսակցության մեջ
լավ մարդիկ կան, բայց նրանք պիտի ամաչեն: Հանրապետականներն առաջնորդվում
են Նժդեհի «Հայրենիք եւ հայրենասիրություն» գաղափախոսությամբ, բայց
Հանրապետական կուսակցության Էջմիածնի տարածքային լիդերը՝ քաղաքապետը,
յուրովի է ընկալում այդ հայրենասիրությունը՝ միայն թալանելով: Էջմիածինը
թալանվում է»: