ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին: Ըստ Ս. Սարգսյանի` ազգային անվտանգության այնպիսի առանցքային խնդիրների շուրջ համագործակցության կարեւորությունն, ինչպիսիք են արտաքին ագրեսիայի վտանգը, թմրաբիզնեսի, անօրինական միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլ մարտահրավերները, կասկած չեն հարուցում եւ ձեւական մոտեցման իրավունք չեն տալիս: Անդրադառնալով Հարավային Օսիայի վերջին իրադարձություններին, Ս. Սարգսյանը նշել է, որ դրանք ցույց տվեցին Հարավային Կովկասում ազգամիջյան կոնֆլիկտների ուժային ճնշման փորձերի վտանգավորությունը: Ս. Սարգսյանի համոզմամբ, խնդիրների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է, եւ Հարավային Օսեթիայի իրադարձությունները սթափեցնող ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր դեռ նման պատրանքներ ունեն` իրենց ռազմական պոտենցիալը հզորացնելով եւ ռազմատենչ հայտարարություններով հանդես գալով: «Ազգի կամքին հակառակ՝ ուժային լուծումներ պարտադրելու փորձերը Հարավային Կովկասում հղի են ռազմական եւ աշխարհաքաղաքական լուրջ հետեւանքներով»,- ասել է Ս. Սարգսյանը: