Քարերը հավաքելու ժամանակը

06/09/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, ինչպես արդարացիորեն նշում են շատ լրագրողներ եւ մեկնաբաններ, Վարդան Օսկանյանի քարոզած կոմպլեմենտարիզմը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Այլեւս մանեւրելու տեղ չկա. հարցը շատ կոնկրետ է դրված՝ կամ Ռուսաստանի հետ ենք, կամ Ռուսաստանի դեմ։

Իհարկե, Խաչատուր Աբովյանի «օրհնված սհաթից» ի վեր մենք միշտ էլ Ռուսաստանի հետ ենք եղել, եւ թվում է՝ այլ կերպ լինել չէր էլ կարող։ Սակայն այսօր, անկախ մեր կամքից, ստեղծվել է այնպիսի մի վիճակ, երբ Ռուսաստանի հետ լինելը նշանակում է է՛լ ավելի սեղմել շրջափակման օղակը՝ թշնամանալ Վրաստանի հետ եւ արտաքին աշխարհի հետ հարաբերություններ պաշտպանել միայն Իրանի միջոցով։ Ի՞նչ անել։ Թվում է՝ լավագույն տարբերակը կլիներ նախկին քաղաքականությունը շարունակելը՝ «ո՛չ նալին, ո՛չ մեխին»։ Մեր իշխանությունները վերջին օրերի ընթացքում փորձում էին դա անել՝ մասնավորապես, հստակ դիրքորոշում չարտահայտելով վրաց-ռուսական հակամարտության հարցում։ Բայց ռուսներին այս պահվածքն այլեւս չի բավարարում, նրանք «հստակ դիրքորոշում» են պահանջում։ Իսկ այդ դիրքորոշումն, իհարկե, պետք է լինի Ռուսաստանի օգտին՝ մանավանդ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ Ավելին, երկու օրից ստանձնելու է այդ կազմակերպության նախագահությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը, որ երեկ տեղի էր ունենում Երեւանում, ֆորմալ իմաստով սովորական նիստ էր՝ անելիքների ու ծրագրերի մասին։ Հարցեր քննարկվեցին, համաձայնագրեր ստորագրվեցին՝ իրավապահ մարմիններում, փրկարարական եւ անվտանգության ծառայություններում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման մասին։ Ու թեեւ լրագրողներին թույլ չտրվեց մասնակցել այդ նիստին, սակայն դրան հաջորդած ասուլիսից պարզ երեւում էր, որ շոշափված գլխավոր թեման ամենեւին էլ փրկարարների վերապատրաստումը չի եղել։ Դա զգացվում էր մասնավորապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերից, ով, շեշտելով, որ «ՀԱՊԿ-ի գործունեության գոտում իրավիճակը արմատապես փոխվել է», հատկապես կարեւորեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ելույթը՝ «վրացական ագրեսիայի պատճառների» մասին։ Դրանից հետո էստաֆետն անցավ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին, ով համառոտ ներկայացրեց փակ նիստում իր ունեցած ելույթը։

Նրա խոսքերով, նավթով եւ գազով հարուստ կովկասյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան շահերի գոտի են հանդիսանում որոշ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի համար։ Սակայն անհրաժեշտ է ոչ միայն արդյունահանել այդ հարստությունները, այլեւ կազմակերպել դրանց տեղափոխությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ են համապատասխան ռեժիմներ՝ այն հանրապետություններում, որոնք գտնվում են այդ տարածքում։ «Եվ մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է դա իրականացվել Վրաստանում։ Հիշում ենք, թե Սահակաշվիլիին ինչպես բերեցին իշխանության։ Ոչ մի ժողովրդավարության մասին այստեղ խոսք լինել չի կարող։ Եվ հիշում ենք այն խոստումները, որ նա տալիս էր ընտրությունների ժամանակ՝ թե կմիավորի Վրաստանը, կդարձնի այն միասնական։ Մենք երբեւէ չենք մերժել տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց դրա հետ մեկտեղ՝ դրա ձեւերն ու մեթոդները տարբեր կարող են լինել»,- ասաց Պատրուշեւը՝ անթույլատրելի համարելով Հարավային Օսիայի ժողովրդի, իր իսկ ձեւակերպմամբ, ցեղասպանությունը։ Պատրուշեւի քննադատության թիրախը ոչ միայն Վրաստանն էր, այլեւ ԱՄՆ-ը. «Մենք գիտենք, որ մի շարք պետություններ զինում էին Սահակաշվիլիի Վրաստանին, եւ այդ երկրի ռազմական բյուջեն մեծացրել են 30 անգամ։ Եվ հասկանալի է, որ պատրաստվում էին այս ամենին։ Զենքի չկիրառման մասին համաձայնագիրը եւ մյուս համաձայնությունները, որոնք ծրագրված էր ստորագրել, ընդհատվեցին, որովհետեւ Վրաստանն ուղղակի դադարեցրեց շփումներն այդ հարցի շուրջ։ Դա տեղի ունեցավ Կոնդոլիզա Ռայսի՝ Վրաստան այցելելուց հետո»։ Եթե ի մի բերենք Պատրուշեւի խոսքերը, ապա կարելի է առանձնացնել մի քանի «մեսիջներ»՝ ուղղված մի կողմից՝ Արեւմուտքին, մյուս կողմից՝ ՀԱՊԿ անդամ երկրներին։

Առաջին հերթին, ռուս պաշտոնյան, առանց ավելորդ ձեւականությունների, հայտարարեց, որ Ռուսաստանն այլեւս չի հանդուրժի ԱՄՆ-ի՝ խաղի կանոններ թելադրողի դերը։ Հիշեցնելով, որ ԽՍՀՄ փլուզումից եւ վարշավյան պայմանագրի վերացումից երկբեւեռ աշխարհը վերածվեց միաբեւեռի, որտեղ Միացյալ Նահանգներն էր պայմաններ թելադրում եւ դեպքերը զարգանում էին նրանց սցենարով՝ Պատրուշեւն ասաց. «Այս իրադարձություններից հետո Ռուսաստանն իր մասին հայտարարեց որպես կենտրոն։ Եվ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ այն միջազգային կազմակերպությունները, որոնց նա անդամակցում է՝ Համագործակցության Շանհայյան կազմակերպությունը, ՀԱՊԿ-ն, որի դերը գնալով կմեծանա»։ Ըստ Պատրուշեւի, տեղի են ունեցել քաղաքական լուրջ փոփոխություններ, եւ ուժերի դասավորությունը փոխվել է։ Սակայն դեպքերը դեռ զարգանում են այնպիսի սցենարով, որն անհանգստացնում է Ռուսաստանին։ «Մենք տեսնում ենք, որ չնայած այդ ողբերգական իրադարձություններին, Սահակաշվիլիի ռեժիմին շարունակում են աջակցել։ Տեսնում ենք, որ հումանիտար բեռներ են տեղափոխվում ռազմանավերով, որոնք համալրված են ժամանակակից զինատեսակներով։ Մենք գիտենք, որ Չեյնին այցելում է Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, հավանաբար՝ փորձելով նրանց վստահություն ներշնչել այս իրավիճակում, փորձելով հասնել նրան, որ այդ երկրները լինեն ԱՄՆ-ի լիակատար ազդեցության տակգ Ամենագլխավորը՝ օբյեկտիվ գնահատական տրվել է տարբեր կողմերից. ոչ մեկը չի կասկածում, որ պատերազմն առաջինը սկսել են վրացիները, որ դա միտումնավոր են արել՝ հասկանալով, որ զոհվելու են խաղաղ բնակիչներ»։

Իհարկե, Ռուսաստանին, ինչպես արդեն նշեցինք, հարկավոր են վերջնական ձեւակերպումներ։ Ավելի կոնկրետ՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչում։ Իհարկե, այդ ամենը բացահայտորեն չի ասվում, եւ Պատրուշեւի խոսքերով, այս երկրների անկախության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության իրավասության շրջանակներում է։ «Ամեն պետություն ինքնուրույն պետք է որոշում ընդունի՝ այդ պետությունների անկախությունը ճանաչելու կամ չճանաչելու մասին։ Ռուսաստանը ոչ մեկի վրա ճնշում չի գործադրի, որ նրանք ճանաչեն։ Բայց մենք հետաքրքրված ենք: Առանձին պետություններ, երբ կգիտակցեն եւ կունենան կատարվածի իրական պատկերը, կճանաչեն եւ՛ Հարավային Օսիան, եւ՛ Աբխազիան»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հետո նույն կերպ կվարվեն զգալի թվով երկրներ։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ այդ «առանձին երկրներն» առաջին հերթին պետք է լինեն ռազմավարական գործընկերները, այսինքն՝ նաեւ Հայաստանը։

Փաստորեն, կարելի է այս ամբողջ պրոցեսը՝ եւ՛ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների երեկվա նիստը, եւ՛ դրան հաջորդելիք ԱԳ նախարարների եւ նախագահների հանդիպումներն ընկալել որպես «օբյեկտիվ պատկերի եւ ինֆորմացիայի մատուցում», որի ավարտից հետո այս երկրները ստիպված կլինեն դիրքորոշում հայտնել։ Ի դեպ, Ն. Պատրուշեւը բավական ուշագրավ «դիտարկում» արեց՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նույնպես միանշանակ աջակցություն կհայտնեն Ռուսաստանի գործողություններին, ինչպես արեց Շանհայյան կազմակերպությունը, նա ասաց. «Անկեղծ ասած՝ այլ ընտրություն էլ չկա»։

Ահա այսպես. ամեն երկիր ինքն է որոշում՝ ճանաչե՞լ, թե՞ ոչ, բայցգ պետք է ճանաչի։

Անկեղծ ասած, Ռուսաստանի դիրքորոշումը լիովին հասկանալի է եւ արդարացված՝ մարդիկ մտածում են սեփական երկրի մասին եւ ցանկանում են վերականգնել գերտերության կարգավիճակը։ Սակայն անհասկանալի է, երբ փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, կարծես իրենց սիրտը Հայաստանի համար ավելի շատ է ցավում, քան հայաստանցիներինը, եւ, որ մեր դժվարությունների հարցում իրենք ոչ մի մեղք չունեն։ Օրինակ, Նիկոլայ Բորդյուժան, խոսելով կազմակերպության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, նշում էր, որ այսօր կան անդամ պետությունների ինքնիշխանությանը վտանգող իրական սպառնալիքներ։ Եվ բերում էր Հայաստանի օրինակը. «Վերջին օրերի ընթացքում Հայաստանն ապրում է շատ դրամատիկ ժամանակաշրջան։ Փաստացիորեն արգելափակված է երկաթուղին, տնտեսական համալիրի կենսապահովման համար անհրաժեշտ բեռները մեծ դժվարությամբ են Հայաստան մտնում։ Եվ դա արվում է հարեւանների կողմից»։ Այ քեզ բան, քիչ է մնում մտածես, որ վրացիներն իրենք են պայթեցրել Գորիի մոտակայքում գտնվող երկաթուղային կամուրջը, որի պատճառով Հայաստան մտնող բեռները մնացին Վրաստանում։ Կամ քիչ է մնում մոռանաս, թե ով է ծիծաղելի պատրվակով տարիներ շարունակ փակ պահել Վերին Լարսի անցակետը։ Ամենավատը, սակայն, այն է, որ չես էլ համարձակվում մտածել, թե հայ պաշտոնյաներից որեւէ մեկը կփորձի բանավիճել, ասել, որ չի կարելի մեզ բոլորիս հիմարի տեղ դնել։ Սակայն, մյուս կողմից, երբ տեսնում ես, որ Բորդյուժայի ասածները լուռ լսում է Արթուր Բաղդասարյանը, ով ժամանակին ՆԱՏՕ-ի հետ ջերմ հարաբերությունների կողմնակիցն էր, հասկանում ես, որ երբ խելոք լսող կա, ասող միշտ էլ կլինի։