Հիմա գո՞լ, թե՞ Գյուլ

06/09/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երկու օր հետո կկայանա երկար սպասված Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Որպես հայ երկրպագու, ես, բնականաբար, ցանկանում եմ մեր տղաներին միայն հաղթանակ: Եվ այդ հաղթանակին սպասում եմ այնքան, որքան կսպասեի, ասենք, Հայաստան-Իսպանիա կամ Հայաստան-Ռուսաստան խաղերի ժամանակ:

Ոչ ավել, ոչ պակաս:

Եվ Ծիծեռնակաբերդն այստեղ

կապ չունի:

Ինչքան էլ պնդեն, որ արդի սպորտը քաղաքականություն է (ամենեւին մտադիր չեմ վիճել այս տեսակետի հետ), բայց տվյալ պարագայում` դա ավելի կաշկանդում է մեր ֆուտբոլիստներին, քան ոգեշնչում: Որովհետեւ չեմ կարծում, թե Լեհաստանի հավաքականին հաղթելուց առաջ մեր տղաներն այցելել էին մեծ Եղեռնի հուշահամալիր: Այնպես, ինչպես, օրինակ, Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստները ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպելուց առաջ չեն այցելում Նագասակիի կամ Հիրոսիմայի զոհերի հուշահամալիր: Այսօր ավելի լավ է՝ մեր ֆուտբոլիստները մարզվեն:

Հանգիստ թողնենք մեր թիմին եւ անցնենք ավելի հրատապ խնդիրների: Առավել եւս, որ վերջին մեկ ամիսը ցույց տվեց, թե ինչքան խնդիրներ կարող է ունենալ Հայաստանը, երբ տարածաշրջանում որեւէ ցնցում է լինում: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ գագաթաժողովում, այդ կազմակերպության մյուս անդամների հետ համատեղ, Հայաստանը ստիպված է լինելու ավելի որոշակի մոտեցում ցուցաբերել վրաց-հարավօսական (կամ վրաց-ռուսական) հակամարտության վերաբերյալ, պարզ է դառնում, որ վիճակը կարող է եւ «պալաժենի» դառնալ: Կարծում եմ` Գյուլի ներկայությունը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին՝ ՀՀ քաղաքացիներին ավելի շատ հենց այս տեսակից պետք է հետաքրքրի:

Մամուլում արդեն նշվել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի հետ կապված «բոլոր հարցերը լուծվել են»: Նիկոլայ Պատրուշեւը երեկ Երեւանում գտնվելու ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է որոշի՝ ճանաչել կամ չճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, բայց միեւնույն ժամանակ՝ վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններն էլ կգիտակցեն` ինչ է պատահել, եւ կճանաչեն երկու պետությունների անկախությունը: Իսկ այն հեռանկարը, որ Ղարս-Գյումրի երկաթգծի շահագործման վերականգնումը կարող է Հայաստանը վերադարձնել տարածաշրջանային ծրագրերի մեջ, որից նա գրեթե դուրս էր մղվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Ղարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման հետեւանքով, կասկածից դուրս է թողնում այն հարցը, որ Հայաստանը կարող է շարունակել կոմպլեմենտար քաղաքականությունը:

Կասկածից վեր է նաեւ այն, որ նման հստակություն մտցնելուց հետո, մենք ստիպված կլինենք կրկին անգամ կանգնել տնտեսական դժվարությունների առջեւ: Հասկանալի է, որ եթե Հայաստանը ճանաչի վերոնշյալ երկու պետությունների անկախությունը, ապա կարելի է ասել, որ «հյուսիսային սահմանների բլոկադան» ապահովված է: Դե, իսկ եթե չճանաչի` անկասկած կապահովվի ոչ միայն «էներգետիկ բլոկադան» (կարծում եմ` ավելորդ է նշել, որ Հայաստանի ողջ էներգահամակարգը դե ֆակտո գտնվում է ռուսների ձեռքին)…

Մեր տարածաշրջանի սրընթաց զարգացումները հուշում են, որ գոնե այս անգամ մեր իշխանությունները չպետք է կրկնեն 20-րդ դարի սկզբի սխալները: Եվ եթե իշխանությունների մինչ օրս արված բոլոր քայլերը ողջ քաղաքական դաշտը գնահատում է դրական (բացառություն է կազմում միայն ՀՅԴ-ն), ապա հույս ունենանք, որ գոնե այս անգամ աշխարհաքաղաքական խաղերից մենք դուրս կգանք ոչ թե պարտված, այլ հաղթանակած: Եվ վերոնշյալ «հյուսիսային սահմանների բլոկադան» այդքան էլ ծանր չի անդրադառնա մեր պետության եւ քաղաքացիների վրա, եթե միաժամանակ ճեղքվի արեւմտյան բլոկադան: Կարծում եմ` հենց այս նպատակն էր հետապնդում դեռեւս հունիս ամսին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Գյուլին: Իսկ եթե որոշ քաղաքական գործիչներ դեռ համակարծիք են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն մտքին, որ Հայաստանը հարյուր տարի կարող է ապրել բլոկադայի պայմաններում, ապա կարող են հանգիստ խղճով զբաղվել կեղծ հայրենասիրությամբ: Որովհետեւ նման հայրենասիրության հետեւանքով՝ մի քանի տարի հետո Հայաստանում բնակվող երեխաներին միջազգային Կարմիր խաչը կարող է ուտելիք հասցնել:

Այնպես որ` այսօր պետք է ընտրել. «գո՞լ, թե՞ Գյուլ»:

Հ.Գ. Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ արդյունավետ բանակցություններից հետո Թուրքիան մեզ համար կլինի վստահելի հարեւան եւ գործընկեր: Բայց վերջին քսան տարիները ցույց տվեցին, որ Վրաստանն էլ առանձնապես վստահելի չէ: Այնպես որ` հույսը պետք է դնել ոչ թե հարեւանի վստահելիության, այլ մեր գրագետ արտաքին քաղաքականության վրա: Ինչպես կասեին մեր ռազմավարական գործընկերները` «Սպասենիե ուտոպայուսչիխ վ ռուկախ սամիխ ուտոպայուսչիխ»: