Ոճիր եւ պատիժ

06/09/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հացից հետո ժողովրդի համար ամենակարեւորը դպրոցն է»։ Հայ ժողովրդի պարագայում հանգիստ կարելի է ձեւափոխել Ժորժ Դանտոնի այս արտահայտությունը. «Հացից առաջ ժողովրդի համար ամենակարեւորը դպրոցն է»։

Այսքանը՝ ի պատիվ մեր ժողովրդի, ինչը չի կարելի տարածել մեր դպրոցի վրա, որը ծայրահեղ հակասության մեջ է դպրոցի հանդեպ ժողովրդի սպասումներից։ Կարծում եմ, մեղք չեմ գործի, եթե ասեմ, որ Գրի եւ Աստծո հանդեպ մեր ժողովրդի երկյուղածությունը հավասարարժեք է. ինչպես որ հաճախ Աստծուն չճանաչելով, երկրպագում է Նրան, այնպես էլ, հաճախ գրաճանաչ չլինելով, ժողովուրդը հավաքում ու պահպանում է գրավոր հուշարձանները եւ ծնկի իջած աղոթում նրանց առջեւ։ Խոսքի ճշմարտացիության միակ վկայականը գրավոր փաստն է. եթե գրված է, անառարկելի է։ Հոգեւորականն ու ուսուցիչը համարժեք դերակատարություն ունեն ժողովրդի կյանքում։ Եթե հոգեւորականը միջնորդն է նրա եւ Աստծո միջեւ, ապա ուսուցիչը միջնորդն է նրա ու Գրի միջեւ։ Ժողովրդի վերաբերմունքն այս երկուսի հանդեպ հավատն ու խոնարհումն է, ինչը երբեմն փոխհատուցվում է, իսկ ավելի հաճախ՝ արհամարհվում։

Հոդվածս գրելու դրդապատճառը, ցավոք, որոշ ուսուցիչների անվայել վարքն ու կրթության ոլորտում տիրող անհարիր գործելաոճն է։ Ուսուցիչները, կարծես, մոռացել են իրենց դերակատարության մասին եւ հաճախ դատավորի ու պատժողի կեցվածք են որդեգրում։ Դեպքը, որ լսեցի էլիտար կոչվող դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտից, ո՛չ սերիալից է, ո՛չ մարտաֆիլմից, սակայն նորմալ մարդու մեջ սարսուռ է առաջացնում։ Հարգարժան ուսուցչուհին, դժգոհելով աշակերտի գրավորից, տետրը պատռում, ճմրթում ու մտցնում է աշակերտի բերանը։ Ականջ քաշելու, փայտով երեխաների մատները դաղելու, անվայել արտահայտությունների մասին լսել էի, սակայն սա գերազանցեց տերթոդիկյան ոճի բոլոր հնարավոր միջոցները։ Հասկանալի է, որ բարձրդասարանցու հետ այդպես չէին համարձակվի վարվել. ինչ-որ չափով նրանք կարողանում են իրենց պաշտպանել, եւ քիչ չեն դեպքերը, երբ նման վարք դրսեւորող ուսուցիչները ծեծի են արժանանում աշակերտների կողմից։ Ինքնադատաստանի այս երեւույթը, որ սերմանում են ուսուցիչները, իր ծանր հետեւանքներն է թողնում ոչ միայն աշակերտների, այլեւ հասարակության կյանքում, եւ հենց դպրոցից սկսվում է օրենքներն ու կարգուկանոնն արհամարհելու գեշ սովորույթը։ Կար ժամանակ, երբ աշակերտներն ուսուցչի ուտելը չէին տեսնում եւ կարծում էին, թե նրանք օդով են սնվում ու դրանով իսկ հատուկ վերաբերմունք ու ակնածանք կար ուսուցչի հանդեպ. նա մեկն էր, որ տարբերվում էր սովորական մահկանացուներից եւ հոգեւոր բարձր արժանիքներ էր կրում։ Այսօր ուսուցիչներ կան, որ ոչ միայն դասի ժամանակ են ուտում ու խմում, այլեւ դասի են ներկայանում ալկոհոլ օգտագործած եւ չեն քաշվում աշակերտների ներկայությամբ ծխելուց։ Պարապմունքների ժամանակ ազատորեն ծխում են եւ որոշ բուհերի դասախոսներ, չնայած այն բանին, որ, կարծես թե, պայքար է տարվում հասարակական վայրերում (էլ ուր մնաց դասի ժամանակ) չծխելու ուղղությամբ. սա քաղքենության այն դրսեւորումն է, որ դժվարանում են հաղթահարել որոշակի բարդույթներ ունեցող անձինք՝ իրենց սույն վարքը վերագրելով ազատության ինչ-որ կեղծ չափանիշների։ Վարքի այսպիսի կուլտուրան ակնհայտ արհամարհանք է, իրենց կարծիքով, իրենցից ցածր աստիճանի կանգնածների հանդեպ, ովքեր այսօր կախում ունեն իրենցից։ Դրանց դեմ պայքարելու օրենքներ, անշուշտ, կան, սակայն չկա պայքարի նախադեպ. ո՛չ աշակերտները, ո՛չ ուսանողները չեն համարձակվի դիտողություն անել իրենց ուսուցչին կամ դասախոսին եւ իրենց նկատմամբ հարգանք պահանջել. բոլորն էլ գիտեն, որ օրենքը երկու աստառ ունի, եւ դրանցից մեկը միշտ շրջված է իրենց դեմ։

Այն, որ ուսուցիչներն ու դասախոսներն այսօր ամենաքաղաքականացված խավն են, փաստ է, եւ սա՝ ոչ այն պատճառով, որ նրանք տիրապետում են իրավիճակին եւ սեփական կարծիք ունեն, այլ ճիշտ հակառակը. այնքան հեռու են քաղաքականությունից եւ հասարակության մեջ կատարվող իրադարձություններից ու փոփոխություններից, որ հեշտորեն եւ առանց խղճի խայթի կարող են ծառայել վերջին գողականի՝ թաղական կամ պատգամավոր ընտրվելու գործին։ Այս իմաստով սա նաեւ հասարակության ամենաճորտացված խավն է, որ գործում է ոչ թե խղճի մտոք, այլ ըստ այս կամ այն դիրքավորված աստիճանավորի կամքի։ Այսպես, որոշ ֆակուլտետների ընդունելության համար կանխավ ունենալով ընդունվողների ցուցակները՝ կամայական մոտեցում են դրսեւորում դիմորդների հանդեպ եւ, նեղություն չկրելով բացատրություններ տալու, տոմսին լիարժեք պատասխանած դիմորդին ուղղակի ճամփում են, ինչպես դա կատարվեց այս տարվա, օրինակ, ռուսերենի բանավոր քննությանը։ Ու եթե բողոքարկողներ չեն եղել, ամենեւին էլ չի նշանակում, թե չեն եղել բողոքողներ. սրանք տարբեր բաներ են. ուղղակի մարդիկ հավատ չեն ընծայում բողոքարկման գործընթացին եւ ավելորդ նյարդային իրավիճակների մեջ չեն ցանկանում ներքաշվել։ Նույնը կատարվում է եւ ընթացիկ քննությունների ժամանակ, երբ այլեւս ընդունելության լարված մրցույթը չկա, եւ, կարծես, հարկ էլ չկա ուսանողին ապացուցել նրա չիմացածը։ Որեւէ մեկը նեղություն չի կրում աշակերտին կամ ուսանողին ապացուցել հակառակը, որ նա ինչ-որ բան գիտի եւ կարող է իր իմացածով առաջ գնալ։ Թե՛ դպրոցական, թե՛ բուհական ուսուցման ողջ ընթացքում թե՛ ուսուցիչը, թե՛ դասախոսը ուզում են աշակերտից կամ ուսանողից դուրս կորզել հատկապես նրա չյուրացրած գիտելիքները, եւ ոչ այն պատճառով, որ միտք ունեն լրացնել ուսման բացը, այլ զուտ գնահատելու, կամ ավելի ճիշտ՝ պատժելու հրապուրանքով։ Խրախուսման պահը կա՛մ չնչին է, կա՛մ իսպառ բացակայում է։ Այդպես էլ աշակերտը կամ ուսանողը ավարտելով ուսման դասընթացը, ուսուցչի կամ դասախոսի համար մնում է անհայտ կամ նրանց թյուր պատկերացումներով, եւ հաճախ է լինում, երբ հետագայում լսելով իրենց սանի այս կամ այն հաջողության մասին, մնում են ապշած, մոռանալով, որ որքանով էլ տեղյակ լինելով նրա չիմացածի մասին, այնուամենայնիվ գաղափար չեն ունեցել իրենց սանի տիրապետած գիտելիքների ու հմտությունների մասին, չեն իմացել նրա անհատական կարողությունները, այն կարեւորը, որը նրան տարբերում է ընդհանուր հոտից։ Եվ որքան էլ կատարելագործվի գնահատման համակարգը, այն չի կարող արդյունք տալ, եթե չկա մարդու եւ գիտելիքի հանդեպ սրտացավ ու գրագետ մոտեցում, քանի դեռ չեն հասկացել, որ գնահատականը դրվում է ոչ թե կացնով, այլ գրչով…