Հանդիպել է Չեւիքյոզին

06/09/2008

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Երեւան կատարելիք այցի մանրամասները: Է. Նալբանդյանն ու դեսպան Չեւիքյոզը քննարկել են նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նա նշել է, որ Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության ու համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը, եւ այդ նպատակի համար առաջարկվող Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի գաղափարը կարող է ողջունելի լինել: Է. Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շարունակաբար հանդես է եկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական կապեր հաստատելու եւ Կովկասում տեւական համերաշխություն հաստատելու տեսանկյունից: Է. Նալբանդյանն ու Ունալ Չեւիքյոզը մտքեր են փոխանակել նաեւ մի շարք միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ: