Ինչպիսի՞ն են այսօր Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացների խնդիրներն ու հեռանկարները: Ինչպիսի՞ ազդեցություն թողեց ռուս-վրացական հակամարտությունն ու դրան հետեւած` Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը տարածաշրջանի վրա:
Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր կլոր սեղան` «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» թեմայով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի բնորոշմամբ` այժմ Վրաստանը շոկային իրավիճակում է, Ռուսաստանը` էյֆորիայի, իսկ Հայաստանում` անհասկացողություն է: Ա. Իսկանդարյանին չի բավարարել այն, թե ինչպես է պատերազմը լուսաբանվել հայաստանյան լրատվամիջոցների կողմից: «Ավելի խոշոր երեւույթներին քիչ է ուշադրություն դարձվում: Շատ է խոսվում, որ Ռուսաստանը պարտվել է ինֆորմացիոն պատերազմում: Հաղթել ինֆորմացիոն պատերազմ մրցակցի տարածքում՝ անհնար է: ԱՄՆ-ի կամ Վրաստանի տարածքում ինֆորմացիոն պատերազմում հաղթելը Ռուսաստանին չէր հաջողվի եւ հակառակը»,- ասաց նա: Նրա կարծիքով` Ռուսաստանի ներկայությունը Հարավային Օսիայում եղել է եւ կլինի: Իսկ վրացական անկլավներն Օսիայում եղել են, բայց այլեւս չեն լինի: «Հիմա գործ ունենք շատ թուլացած Վրաստանի հետ: Իհարկե, Վրաստանի կոլապսը կանցնի, ռուսները կգնան Վրաստանից: Ի վերջո, ճանապարհներն էլ կվերականգնվեն` ամերիկացիները փողը կտան, ուկրաինացիները` տեխնիկան: Բայց դեմոկրատ երկրի իմիջը, որպես զարգացման օրինակ, երկրի, որը կարող է լուծել իր խնդիրները` սպանվել է: Եվ կարեւոր չէ` Սահակաշվիլին կշարունակի՞ կես տարի անց էլ մնալ նախագահ, թե՞ ոչ, վիճակը կայուն կլինի՞, թե՞ ոչ: Դա արդեն տեղի է ունեցել»,- ասաց նա` հավելելով, որ Վրաստանն առաջիկա տարիներին չի ցանկանա ռազմական ճանապարհով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրը: Աբխազիան եւ Հարավային Օսիան էլ խաղաղ համաձայնությունների չեն գնա, որը նույնպես ակնհայտ է: «Նույնիսկ ռուս-վրացական հարաբերությունների ֆոնն ինձ պակաս կարեւոր է թվում: Դրանք, իհարկե, այսօր շատ վատն են, ինչպիսին երբեք չեն եղել, բայց պետք է ասենք, որ երեք շաբաթ առաջ էլ դրանք փայլուն չէր կարելի կոչել»,- ասաց նա: Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ` Արեւմուտքն ու Ռուսաստանը կգտնեն իրենց փոխհարաբերությունների ֆորմատը: Նրա կարծիքով, ի դեպ, ռուսական զորքերը մտան Օսիա ոչ միայն՝ որպեսզի փրկեն օսեթացիներին: «Միգուցե վրաց-ռուսական հարաբերությունների կամ ռուս-արեւմտյան հարաբերություններում Ռուսաստանն ուներ նաեւ այլ պատճառներ` դա անելու համար, որոնք էլ կմնան, ու իրադարձությունները կզարգանան: Իսկ ահա Հարավային Կովկասը կարող է լրիվ փոխվել»,- ասաց նա: «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի ղեկավար Կարեն Բեքարյանի խոսքով էլ`շատ էր խոսվում այն մասին, թե որքանով կարելի էր կանխատեսել իրադարձությունների նման զարգացումը: «Հիշենք Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու վարկածը: Արդյոք դա կբավարարե՞ր Ռուսաստանին: Իհարկե` ոչ: Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վատացան: Դրա համար էլ տեղի ունեցածը կարելի էր կանխատեսել»,- ասաց նա` մատնանշելով, թե այս ամենի մեջ ինչ էր պետք ԱՄՆ-ին: Ըստ նրա` ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Մակքեյնի վարկանիշի բարձրացման համար պետք էր ցույց տալ, որ աշխարհում կան դեռեւս պետություններ, որոնք շարունակում են սպառնալ ԱՄՆ-ին: «Ու դա պետք էր ապացուցել` ինչ-որ կերպ այստեղ ներառելով Ռուսաստանը: Ու այստեղ հարց է առաջանում, արդյոք դա ամերիկյան հանրապետականների շահերից չէ՞ր բխում: Ու այստեղ է հենց ամենամեծ վտանգը Հարավային Կովկասում: Չի կարելի բացառել, որ շատ մոտ ապագայում ԱՄՆ-ին պետք կլինի սեփական հասարակությանը «մկանները», ուժը ցույց տալ»,- ասաց նա: Անդրադառնալով այս համատեքստում ԼՂՀ հարցին, Կ. Բեքարյանը հռետորական հարց ուղղեց` արդյոք Ղարաբաղը կցանկանա՞ր լինել կիսաճանաչված` ինչպես Կոսովոն կամ Աբխազիան ու Օսեթիան: Արդյոք դրանով հարցի լուծում կլինի՞: «Եթե Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվի ինչ-որ կերպ փոխհամաձայնության գալ կոնֆլիկտի շուրջ, դա կարող է դառնալ նոր շփման կետ: Իսկ շփման կետեր մոտակայում բոլորն են փնտրելու»,- ասաց նա: Կ. Բեքարյանի խոսքով` շատ է խոսվել, որ Հայաստանի կողմից միակ ճիշտ քայլը կլիներ Ղարաբաղի ճանաչումը: Նա ԼՂՀ հարցի շուրջ զարգացման երեք սցենար է տեսնում: «Առաջին` իսկապես ճանաչումը: Երկրորդը` մեծ համաձայնություն Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ` առանց պաշտոնական ճանաչման, բայց որն, ըստ էության, շատ մոտ է ճանաչմանը: Երրորդ` Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո շատ ինտենսիվ շարունակել բանակցությունները: Թե այս երեք տարբերակներից ո՞րն է ավելի ձեռնտու, պետք է քննարկել` հաշվի առնելով դրանց բոլոր դրական ու բացասական կողմերը»,- նկատեց նա: