Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ պատրաստվում է Հայաստան ժամանել` դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Այս հարցը, սակայն, դեռեւս շարունակում է բուռն կերպով քննարկվել տարբեր կուսակցությունների, մասնավորապես՝ ՀՅԴ-ի կողմից:
Արդարացվա՞ծ էր արդյոք Գյուլին Հայաստան հրավիրելը: Երեկ այս թեմայով բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը եւ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Երիտասարդ ՀՀԿ-ականի կարծիքով` անկախ նրանից, Գյուլը կընդունե՞ր այդ հրավերը, թե՞ ոչ, դա դիվանագիտական քայլ էր: Նրա խոսքով` այսպիսով ցեղասպանության փաստը չի դառնում սակարկության առարկա, մանավանդ, երբ որեւէ տեղ այդ հարցը կասկածի տակ դնելու կամ միջազգային ճանաչման հետ կապված խնդիր չի եղել: «Հայաստանը դրանից կարող է շահել, եւ սահմանը բացվի, կամ տնտեսական, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Իսկ այդ ամենն արդարացված է, քանի որ վրաց-ռուսական հակամարտությունը ցույց տվեց, որ ընդամենը մեկ կամրջի պայթեցման, չորսօրյա պատերազմի հետեւանքով Հայաստանը գրեթե տնտեսական ճգնաժամի մեջ էր: Ի՞նչ կլիներ, եթե պատերազմը շարունակվեր: Իսկ ցեղասպանության հարցը որեւէ կերպ օրակարգից չի հանվում, ինչի ապացույցն է նաեւ այն վայնասունը, որ բարձրացրել են Ադրբեջանի տարբեր քաղաքական ուժեր»,- ասաց Է. Հովհաննիսյանը: ՀՅԴ ներկայացուցիչ Հ. Ասատրյանը, սակայն, չէր կիսում կոալիցիոն գործընկերոջ կարծիքը: Նրա խոսքով` իրենք այդ հրավերին դեմ չեն, բայց «դրա կարիքը» չեն տեսնում: Եթե երկու երկրների արտաքին քաղաքականությունը չի փոխվելու, ապա Գյուլի գալու իմաստը ո՞րն է` հարցնում է նա: «Երկրորդ հարցը սահմանի խնդիրն է: Մենք բոլոր բարոյական իրավունքներն ունենք սահմանը բացելու համար նախապայմաններ առաջադրելու, եւ ոչ թե Թուրքիան: Ու հիմա նրանց նախապայմանների գնով սահմանը բացելը կլինի ամենամեծ սխալը: Նաեւ պետք է հիշենք, որ սահմանը Թուրքիան է փակել, եւ նա էլ պետք է բացի, իսկ մեր կողմից ամեն անգամ խնդրելը ո՛չ իմաստ ունի, ո՛չ էլ արժանավայել է»,- ասաց նա: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական Է. Հովհաննիսյանը նշեց, որ սխալ է Թուրքիայի դեմ նախապայմաններ դնելը, մանավանդ, որ «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում` Թուրքիայի բաժնում, հստակ նշված է` նրանց հետ ստեղծել հարաբերություններ` առանց նախապայմանների, ինչի քայլերն այսօր արվում են»: «Այլ հարց է, թե, օրինակ, այդ այցն ի՞նչ արդյունքներ կտա: Հայաստանի նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում, իսկ Թուրքիայինն այստեղ երբեք չի եղել: Սա երկխոսություն ստեղծելու համար դրական քայլ է»,- ասաց նա: Ն. Գալստյանն էլ, իր իսկ խոսքերով, հաճույքով հետեւում էր կոալիցիոն գործընկերների բանավեճին: Նրա խոսքով` իրենց համար տարօրինակ է, որ 17 տարի հնարավորինս բոլոր տիպի ագրեսիաների օգտագործումից հետո ՀՀ-ի նկատմամբ, Թուրքիայի նախագահը հրավիրվում է Հայաստան: «Սա մեզ համար կապիտուլյացիայի դրսեւորում է: Մենք որպես պետություն՝ 17 տարվա պայքարից հետո ցույց տվեցինք, որ պատրաստ չենք պայքարել: Մյուս կողմից էլ՝ հստակ գիտակցում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն իսկապես անհրաժեշտ է, քանի որ մեզանից 1000 կմ հեռու երեք օր պատերազմ եղավ, ու Հայաստանը որպես երկիր ցույց տվեց իր սնանկությունն ամեն առումով: Մենք չունեինք ո՛չ ռազմավարական պաշարներ, ո՛չ պետական ռեզերվ, որը պարտադիր է յուրաքանչյուր նորմալ երկրի համար: Փաստորեն Հայաստանը որպես երկիր կարող է մեկ կամ երկու օրվա ընթացքում գոյություն չունենալ»,- հայտարարեց նա: Ի՞նչ են անելու բանավեճին մասնակցող կուսակցականները, երբ Գյուլը գա Հայաստան: Ն. Գալստյանը նշեց, որ իրենք կոչ են արել ՀՀ ազգաբնակչությանը, որ եթե Թուրքիայի նախագահն արդեն հրավիրվել է, պետք է քաղաքակիրթ պահվածք ցուցաբերել, չգնալ որեւիցե ծայրահեղությունների: «Քաղաքավարի ընդունենք, քանի որ պետք է ցույց տանք, որ այդ առումով նրանցից շատ ավելի լավն ենք»,- ասաց նա: ՀՅԴ-ներկայացուցիչներն էլ, Հ. Ասատրյանի հավաստմամբ, «կդիմավորեն Գյուլին ինչպես հարկն է»: «Բողոքի մեր նշանը կհայտնենք Թուրքիայի քաղաքականության հետ կապված: Մենք Գյուլին ասելիք ունենք: Իսկ կոնկրետ սպորտը պետք չի քաղաքականացնել: Ես գնալու եմ մեր երկրին զորակցելու»,- ասաց նա: Իսկ ահա հանրապետականները, ինչպես նշեց Է. Հովհաննիսյանը, պարզապես գնալու են «Հրազդան» մարզադաշտ` Հայաստան-Թուրքիա հանդիպմանը հետեւելու: