«Դվին Հոլդինգը» տուգանվել է

06/09/2008

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Դվին Հոլդինգ» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման (իրացման չհիմնավորված գնի սահմանման եւ կիրառման) համար տուգանքի է ենթարկել: Ըստ հանձնաժողովի` «Դվին Հոլդինգը» չհիմնավորված եւ խտրական գին է կիրառել պարարտանյութի համար, եւ կիրառման փաստի առիթով վարույթ է հարուցել «Առավոտ» օրաթերթի եւ «www.panorama.am» վեբ-կայքի հրապարակումների հիման վրա:

Վարույթի ընթացքում «Դվին Հոլդինգ» ընկերությունը հայտնել է, որ ի կատարումն ՀՀ կառավարության որոշման, ՀՀ Գյուղնախարարությունն ընկերության հետ կնքել է հանձնարարության պայմանագիր, որի համաձայն, «Դվին Հոլդինգը» պարտավորվել է ՀՀ Գյուղնախարարության կողմից տրված գյուղերի ցանկին համապատասխան գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին (կանխավճար ստանալուց հետո) Մասիսում գտնվող սեփական բազայից մատակարարել 20.000 տոննա ամոնիումային սելիտրա` մեկ տոննան 84.000 դրամով, առանց ԱԱՀ-ի` օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում (74.000 դրամը վճարում են գյուղական արտադրանք արտադրողները, իսկ 10.000 դրամը` որպես սուբսիդիա, ՀՀ Գյուղնախարարությունը): «Դվին Հոլդինգի» գրության համաձայն` ամոնիումային սելիտրա արտադրող վրացական կազմակերպությունը զգուշացրել է ընկերությանը, որ 2008թ. հունվարի 1-ից արտահանման գինը կտրուկ աճելու է, այդ պատճառով ընկերության եւ ՀՀ Գյուղնախարարության միջեւ կնքված պայմանագրում նշվել է, որ ընկերությունը մատակարարումը կատարում է մինչեւ 2007թ. դեկտեմբերի 30-ը կատարված փաստացի վճարումներին համապատասխան քանակությամբ, որն էլ հաշվի է առնվել ՀՀ կառավարության որոշմամբ: Արդյունքում, դեկտեմբերի 31-ի դրությամբ, նշված գներով սելիտրա ստանալու համար գյուղական արտադրանք արտադրողների կողմից վճարվել է 12 918,14 տոննա սելիտրային համապատասխան, որը բաշխվել է ցանկին խիստ համապատասխան: Ընկերության գրության համաձայն` չնայած 2008թ. հունվարից սելիտրայի գինն աճել է, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը որոշել է 20.000 տոննայի մնացորդ մասի (7082 տոննա) համար պահպանել գյուղական արտադրանք արտադրողներին հատկացվող սելիտրայի գինը, գնի թանկացումը փոխհատուցելով սուբսիդիայի ավելացմամբ` 10.000 դրամի փոխարեն սահմանելով 27.000 դրամ: Այդ պայմանագրով նախատեսված մատակարարումներն, ըստ ՀՀ Գյուղնախարարության ցուցակի, արդեն կատարվել են:

2007թ. նոյեմբերից մինչեւ 2008թ. հունիսի 20-ը «Դվին Հոլդինգը» ներմուծել է 23.985 տոննա ամոնիումային սելիտրա, որից 20.000 տոննան իրացվել է ՀՀ Գյուղնախարարության հետ կնքված պայմանագրով: ՀՀ Գյուղնախարարության ցուցակներից դուրս իրացվել է նաեւ 1700 տոննան` Լեռնային Ղարաբաղում (1000 տոննա` մեկ տոննան 84.000 դրամ, 700 տոննա` մեկ տոննան 110.000 դրամ), 587 տոննան` Հայաստանի ձեռնարկություններին (մեկ տոննայի միջին գինը` 132.000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն), 1470 տոննան` անհատներին (մեկ տոննայի միջին գինը` 123.000 դրամ): «Դվին Հոլդինգի» կողմից ներկայացված տեղեկատվության եւ վարույթի նյութերի համաձայն, հողօգտագործողներին եւ այլ անձանց իրացված 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գնի կառուցվածքում մարտին նույնն են ձեռքբերման գինը (63.420 դրամ), աշխատավարձը, տրանսպորտային ծախսերը, հարկերն ու այլ վճարները, տարբերվում են այլ ծախսերը (համապատասխանաբար` 1514 դրամ եւ 7234 դրամ), որոնք, սակայն, այլ անձանց համար մարտին նվազել են: Այնուամենայնիվ, արդյունքում հողօգտագործողներին 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գինը մարտին մնացել է անփոփոխ (84.000 դրամ), ապահովելով 10.608 դրամ շահույթ եւ 14,45% շահութաբերություն, իսկ այլ անձանց 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գինը մարտին փետրվարի նկատմամբ աճել է 11.430 դրամով, իսկ հունվարի նկատմամբ` 6430 դրամով, կազմելով 111.430 դրամ, ապահովելով 32.318 դրամ շահույթ (փետրվարի նկատմամբ աճելով 56%-ով, հունվարի նկատմամբ` 19,4%) եւ 40,85% շահութաբերություն: Նշված փաստի վերաբերյալ ընկերությունը հիմնավորում չի ներկայացրել:

Երեկվա նիստում «Դվին Հոլդինգի» ներկայացուցիչն ընդունել է, որ տարբերակված գներ է կիրառել: Ըստ այդմ, «Դվին Հոլդինգը» ազոտական պարարտանյութերի շուկայում ունենալով գերիշխող դիրք` նպատակաուղղված գործողություններով (վարքագծով) կիրառել է իրացման չհիմնավորված գին` հողօգտագործողներից բացի, այլ անձանց իրացվող ազոտական պարարտանյութի իրացման գինը 2008թ. մարտին սահմանելով 111.430 դրամ:

Իրացման չհիմնավորված գնի սահմանման եւ կիրառման, տարբերակված եւ խտրական գների կիրառման համար Հանձնաժողովը երեկ «Դվին Հոլդինգին» տուգանել է 2007թ. հաuույթի երկու տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով: