Դպրոցը՝ որպես ուժային կառույց

06/09/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանում ուսումնական տարվա սկիզբն առանձնահատուկ է նշվում: Պետության պաշտոնյաներն այդ օրը դպրոց են գնում (մտքներում հաստատ ուրախանալով, որ իրենցից դաս չեն հարցնի): Գնում են ու ելույթ ունենում կրթության կարեւորության մասին: Մի քանի տարի առաջ իշխանությունները կրթությունն այնքան էին կարեւորել, որ բարեփոխումների ծրագիր էին մտածել: Ծրագրին հատուկ ու օտար անուն էին գտել` «օպտիմալացում»: Թե ինչպես իրականացվեց այդ ծրագիրը` շատերն են հիշում: Բայց ի՞նչ հետեւանք ունեցավ` ոչ ոք չվերլուծեց: Նույնիսկ «օպտիմալացման» հեղինակները: Չոր թվերով արտահայտված բարեփոխումների ընթացքում` Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների թիվն 80-ով պակասեց: Հետո մի փոքր ավելացավ: Այդ ծրագիրը հավանաբար հենվում էր ժողովրդագրական ցուցանիշների վրա: Տարեկան տնտեսական երկնիշ աճ արձանագրող Հայաստանում ծնունդների թիվը կրճատվում էր: Եվ հիմա յուրաքանչյուր տարի նախորդի համեմատ ավելի քիչ առաջին դասարանցի է դպրոց գնում: Վերջին տարիներին դպրոցականների քանակը տարեկան կրճատվում է 15 հազարով: Զուգահեռաբար 3 հազարով տարեկան կրճատվել է ուսուցիչների թիվը: Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը: Սեպտեմբերի մեկը հավանաբար այն օրը չէ, երբ պետք է խոսել այս տխուր թվերի մասին: Ուստի բարձրագույն պաշտոնյաներն ու ոլորտի ղեկավարները գերադասում են խոսել նորոգված դպրոցներից, կրթության կարեւորությունից, իրենց հայրական վերաբերմունքից ու նման կարեւոր բաներից: Այդ կարեւոր բաների մեջ նշվեց, որ կրթական բարեփոխումները նոր ու հերթական փուլ են մտնում: Մայրաքաղաքում դպրոցը վերջապես դառնում է եռաստիճան: Ասեմ, որ դրա իմաստը չեմ հասկանում: Թե ինչով են զբաղվելու տարրական ու միջին դպրոցները` հասկանում եմ: Փոխարենը, չեմ հասկանում, թե ինչու ենք պետական փողեր մսխում ավագ դպրոցի վրա: Հայաստանում ավագ դպրոցը պետական ֆինանսների տեսանկյունից անհեթեթ է առնվազն 20-25 տարի: 1970-ականներից ծաղկում ապրող կրկնուսուցման համակարգն 80-ականներից ավարտական դասարան հաճախելը դարձրեց ավելորդություն: Այդ մասին գիտեն բոլորը: Բացառությամբ երկրի ու հանրակրթության ղեկավարներից: Նրանց մի մասի համար հանրակրթությունը գործարար ոլորտ է, ուր ամեն մի արատ փողի աղբյուր է: Առանձին չինովնիկներ այս ոլորտում նույնիսկ բացթողումներից օգտվելու կարիք չունեն: Անցած տարի առիթ եղել է գրելու Արմավիրի մարզպետարանի պարտադրանքի մասին: Այս մարզում տեղական իշխանությունները դպրոցական երեխաներին պարտադրել էին համազգեստ գնել: 21-րդ դարում դպրոցն ուժային կառույցից չտարբերելը եզակի երեւույթ է: Որ, չգիտես ինչու, չեն նկատում «հոգեխանգարմունքի» մասնագետ մեր դատախազները: Ծնողների խոսքերով` պարտադրում էին` ասելով, որ դա մարզպետի հրահանգն է: Դպրոցների տնօրինությունը նախորդ տարվա նման աշակերտներին չի պարտադրելու կրել այդ համազգեստները: Կարեւորն այն է, որ ինչ-որ մեկն իրացնի իր արտադրած համազգեստը: Անցած տարի Էջմիածնի քաղաքապետարանն իր մեջ ուժ գտավ որոշ չափով դիմակայելու մարզպետի հրահանգին: Էջմիածնի աշակերտությունն ու նրանց ծնողներն ազատվեցին 50 դոլարին համարժեք այդ յուրօրինակ տեղական «հարկատեսակից»: Վերջին տարվա քաղաքական զարգացումների արդյունքում Էջմիածնում քաղաքական ուժերի հարաբերությունը փոխվել է: Ու այս տարի մարզպետի պարտադրանքը դարձել է անկասելի: Հանրակրթության ոլորտում փողի նկատմամբ վերաբերմունքը յուրօրինակ չէ: Այստեղ էլ փողը նույնքան կարեւոր է, որքան, ասենք, բանկային համակարգում: Ուստարվա մեկնարկի առիթով տված ասուլիսում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ծնողներին կոչ էր անում` կուլ չգնալ պարտադրանքներին: Այսինքն` դպրոցական ղեկավարության ապօրինի պահանջներով դրամահավաք չկազմակերպել: Բայց հարգարժան պաշտոնյան նաեւ ասում էր, որ երեխաների ծնողները ցանկության դեպքում կարող են նվեր անել դպրոցին: Այս պատմությունն ինձ հիշեցրեց 1992-ին ՀՀ Գերագույն խորհրդում կատարված մի միջադեպ: Ազգային շարժման ալիքով քաղաքական գործիչ դարձած մի պատգամավոր, որ մինչ այդ խիստ աղքատիկ էր հագնվում, խորհրդարան էր եկել շքեղ կոստյումով: «Որտեղի՞ց այս թանկարժեք կոստյումը»,- հարցով նրան դիմեց կոմունիստական շրջանի բարձրաստիճան մի պաշտոնյա: «Նվեր են տվել»,- արդարացավ նորընծա իշխանավորը: «Բա կաշառակերությունը քննադատելով իշխանության գալուց մտքովդ չէ՞ր անցնում, որ մեր թանկուկրակ կոստյումներն էլ էր նվեր»,- զրույցը փակեց նախկին իշխանավորը: Ոչինչ չի փոխվել: Կաշառքն ու յուրացումը դեռ հնարավոր է նվեր ներկայացնելով արդարացնել: Կարեւորը պատեհ առիթներին համապատասխան ճառ արտասանելն է: Կրթության կարեւորության մասին: Կրթության նկատմամբ հայերիս դարավոր ու ազգային վերաբերմունքի մասին: Խոսքի առատության տակ երկնիշ տնտեսական աճին զուգահեռ դպրոցականների թվի կրճատումը հասարակությունը կարող է եւ չնկատել: