Կին թեկնածուն իրեն ուժեղ է զգում

06/09/2008 Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սեպտեմբերի 7-ին Արաբկիր համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը հարզացրույց է տվել «Ա1+»-ին: Այն ներկայացնում ենք ստորեւ` առանց կրճատումների:

– Ես անընդհատ ահազանգել եմ խախտումների մասին եւ կշարունակեմ ահազանգել: Չի կարելի խախտել խաղի կանոնները, իսկ այդ կանոնները չխախտելու համար` պետք է լավ տիրապետել ընտրական գործընթացներին: Իմ մրցակիցները, եթե օրենքի նկատմամբ հարգանք չունեն, ապա վստահ եմ, որ օրենքի նկատմամբ նրանց անհարգալից վերաբերմունքը հետագայում շատ ավելի վառ կդրսեւորվի բուն աշխատանքի ընթացքում: Հենց դա պետք է լինի թեկնածուներին միմյանցից տարբերելու համար: Եթե թեկնածուն իշխանության է գալիս օրենքը խախտելով, հետո նրա համար օրենք խախտելը խնդիր չի լինելու:

– Ձեր 3 մրցակիցներից ովքե՞ր են այս ընթացքում օրենք խախտել:

– Օրինակ` օրենքի խախտման ակնառու դեպք է, երբ թեկնածուներից մեկը կաշառքը ընտրողին հասցնելու համար օգտագործեց Սոցապհիմնադրամի աշխատողներին, որոնք ցուցակագրում էին մարդկանց եւ նրանց գումարներ բաժանում: Մենք հայտնաբերեցինք եւ դիմեցինք Դատախազություն:

– Թեկնածուներից ո՞վ էր դրա հեղինակը:

– Ալբերտ Երիցյանը: Եթե մարդն ինտելեկտուալ պոտենցիալ ունի, իրեն երբեք նման բան թույլ չէր տա: Ես կեղծիքներն ուղղակիորեն կապում եմ մարդու ինտելեկտուալ պոտենցիալի հետ: Մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկսվելը` կրկին Ալբերտ Երիցյանի թիմը մարդկանց ցուցակ էր կազմում, մարդկանց դռները ծեծելով` պահանջում էին նրանց անձնագրերի համարները եւ ստիպում ստորագրել, թե Երիցյանի համակիրներն են: Այդպես բազմաթիվ ցուցակներ կազմվեցին, որոնք գումար արժեին, իսկ հետո զանգում էին մարդկանց եւ հեռախոսով ճշտում, թե ում են տալու իրենց ձայնը: Մի խոսքով` մարդկանց համոզելով կամ ահաբեկելով` փորձում են ձայներ կորզել: Այն ընտրողը, ով գիտի ընտրությունների գաղտնիության մասին, դա նրա վրա որեւէ ազդեցություն չունի, սակայն կան ընտրողներ, ովքեր հայտնվել են վախի մթնոլորտում եւ այդ վիճակում են առաջնորդվում ընտրության ժամանակ: Դա անազնիվ ճանապարհ է: Չի կարելի անընդհատ խոսել արդարության, ազնվության մասին եւ անազնիվ ճանապարհ ընտրել:

– Միայն Ալբերտ Երիցյանի՞ կողմից եք խախտումներ արձանագրել:

– Ոչ: Օրինակ` գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը կոմունալ պարտքեր ներելու ճանապարհով է ընտրողներին իր կողմը գրավել: Այսինքն` մարդիկ գալիս են իշխանության` վերարտադրելու իրենց տերերին: Քանի որ Ալբերտ Երիցյանը Քոչարյան Ռոբերտի մարդն է, նա փորձում է այս ճանապարհով դառնալ համայնքի ղեկավար` հետագայում Քոչարյանի վերադարձին նպաստելու համար:

– Իշխանություններն այդպես էլ չհայտարարեցին, որ պաշտպանում են Հովհաննես Շահինյանին:

– Ինձ համար մի բան հստակ է` Երիցյանը եւ Շահինյանը համագործակցում են: Նրանք երկուսն էլ իշխանության ցանկությունները իրականություն դարձնելու միջոց են: Իշխանության համար ի՞նչ տարբերություն, թե ում միջոցով կյանքի կկոչեն իրենց ծրագրերը: Թեեւ Հովհաննես Շահինյանին ՀՀԿ-ն պաշտոնապես չի պաշտպանում, սակայն հանձնաժողովում ՀՀԿ-ի տեղերը Շահինյանինն են, իսկ դա արդեն լուրջ եւ ստվերային աջակցություն է:

– Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ՀՀԿ-ն բացահայտ չհայտարարեց, որ պաշտպանում է Հովհաննես Շահինյանին:

– Վերջին նախագահի ընտրություններում Հովհաննես Շահինյանը ծառայություն էր մատուցել իշխանություններին, սակայն ոչ խոստացված չափերի: Նա ավելի շատ ձայն էր խոստացել Արաբկիրում, սակայն չկարողացավ ապահովել, իսկ բռնություններն ու կեղծիքներն էլ գերազանցեցին սպասվածին: Սերժ Սարգսյանը չի կարող բացահայտ խրախուսել ընտրությունների ժամանակ Հովհաննես Շահինյանի գործողությունները, որը հանգեցրեց աղմկոտ բռնությունների: Եթե այդ ամենն արվեր այնպես, որ աղմուկ չլիներ, ապա Շահինյանի ծառայությունը կգնահատվեր «դրական»: Նախագահի ընտրությունների ընթացքում Շիրվանզադեի դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում էին փորձում ձայներ ապահովել Սերժ Սարգսյանի համար, որտեղ մեծ ազդեցություն ուներ Հովհաննես Շահինյանը: Միայն այդ տեղամասում Սերժ Սարգսյանը բացարձակ «հաղթեց»:

– Գոնե Հովհաննես Շահինյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այս ընտրություններն ընթանան ազատ, անկախ եւ թափանցիկ:

– Ես վստահ եմ, որ դրանք զուտ խոստումներ են եւ այդքանով էլ սահմանափակվելու են: Ես չեմ հիշում որեւէ ընտրություն, որ իշխանությունները կամ ներկայացուցիչները չհայտարարեն, թե երաշխավորելու են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները եւ իրենք էլ չխախտեն իրենց խոստումը: Ես վստահ եմ, որ նախապատրաստվում են լայնածավալ ընտրակեղծիքներ: Գիտեմ նաեւ, թե դրանք ինչ բնույթի են լինելու, սակայն դա չի նշանակում, որ հնարավոր կլինի դրանք իրականացնել: Այսօր իշխանությունները գործ ունեն արդեն վիրավորված ինքնասիրությամբ ընտրողների հետ, որոնք նախագահական ընտրություններից, մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո չեն հանդուրժելու իրենց իրավունքների ոտնահարումը: Ես բոլոր թեկնածուներին կոչ եմ անում չխաղալ ընտրողների զգացմունքների եւ ինքնասիրության հետ եւ չմոռանալ, որ այս ընտրություններից հետո էլ պարզ ճակատով փողոց դուրս գալու խնդիր են ունենալու: Պետք է թույլ տալ մի փոքր ուրախություն ապրել ընտրողներին:

– Տիկին Թադեւոսյան, Ձեզ պաշտպանում է Հայ Ազգային կոնգրեսը, դա ինչպե՞ս կանդրադառնա ընտրությունների վրա:

– Մեր հասարակության գերակշիռ մասն այսօր ընդդիմություն է՝ ոչ թե իր քաղաքական հայացքներով, այլ այս իշխանությունների պատճառով: Իշխանությունների ապաշնորհ ներքին, արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հասարակությունը դժգոհ է նրանցից, ի վիճակի չէ հանդուրժել նրանց: Եթե հասարակության 50 տոկոսը գործազուրկ է, ժողովուրդը չի կարող լավ վերաբերվել այդ իշխանություններին, մանավանդ, որ նրանք գալիս են կեղծիքներով, ահաբեկություններով եւ սպանություններով: Ժողովուրդն ինձ ընկալում է իբրեւ իր մասնիկներից մեկը: Այս առումով Հայ Ազգային կոնգրեսը ներառում է բոլոր այն ուժերին, որոնք դժգոհ են այս իշխանություններից: Ես կարծում եմ, որ այսօր իշխանություն է դառնում ժողովուրդը, իսկ ժողովրդի ընդդիմությունն այս իշխանություններն են:

– Ձեզ պաշտպանում է ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն հանձնաժողովում տեղեր է հատկացնում Հովհաննես Շահինյանին, Ալբերտ Երիցյանը, ինչպես Դուք նշեցիք, Ռոբերտ Քոչարյանի մարդն է, իսկ Աշոտ Մնացականյանին պաշտպանում է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը: Թեկնածուներից Հովհաննես Շահինյանը մեզ տված հարցազրույցում ասում էր, որ Արաբկիրում թաղապետի ընտրությունները պետք է ընթանան ծրագրերի միջեւ, դա որքանո՞վ է այսօր հնարավոր:

– Բոլոր թեկնածուներին էլ այս կամ այն քաղաքական ուժն է սատարում: ՏԻՄ ընտրությունները չքաղաքականացնելու համար որեւէ քաղաքական ուժ որեւէ թեկնածուի չպետք է սատարեր:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու շանսերը:

– Շատ մեծ: Բայց պետք է նշեմ, որ այս վերջին օրերի ընթացքում երկու տղամարդու կեցվածքով թեկնածուներն ինձ փորձում են հարվածել տարբեր կողմերից: Կեղծ լուրեր են տարածում, իբր ՀԱԿ-ն ինձ չի սատարում, քանի որ «Ժառանգությունը» չի միացել Կոնգրեսին:

– Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում ընդգծեց, որ Կոնգրեսը սատարում է Ձեզ:

– Այդ մարդիկ ասուլիսների չեն հետեւում, հեռուստատեսություն չեն դիտում, թերթեր չեն կարդում: Իրենք միայն իրենց մտավոր կարողություններին համապատասխան խոսակցություններ են վարում, որոնք սահմանափակվում են պարոն Տեր-Պետրոսյանի կողմից նշված` «տյունինգ, ախպեր, դզող, մզող» բառապաշարով: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի մեկ նախադասությունը, թե Կոնգրեսն Արաբկիրում սատարում է Զոյա Թադեւոսյանին, սա նրանց համար շատ բարդ նախադասություն է` ընկալելու համար: Օրինակ` լուրեր էին տարածել, թե ավտովթարի եմ ենթարկվել եւ մահացել եմ, կամ հանել եմ իմ թեկնածությունը, կամ Շահինյան Հովիկը լուրեր է տարածում, թե ես կաշառված եմ Ալբերտ Երիցյանի կողմից եւ ինձ 50 հազար են խոստացել իմ թեկնածությունն առաջադրելու եւ Շահինյանի դեմ քարոզչություն իրականացնելու համար, եւ այլն:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են նման լուրեր տարածում:

– Ես նույնիսկ չեմ վիրավորվում այդ մարդկանցից: Ումի՞ց վիրավորվեմ` մարդկանցից, որոնց չափանիշը փո՞ղն է: Նրանց արժեքային համակարգում փողից բացի ոչինչ չկա: Փողը մարդն է հնարել, բայց հնարած ամեն բան չէ, որ կարող է դառնալ մարդու պաշտամունքի առարկա:

– Խոսքը թեկնածուներից ո՞ւմ մասին է:

– Երկու թեկնածուներն էլ` Հովհաննես Շահինյանն եւ Ալբերտ Երիցյանը, ինձ համար գտնվում են նույն հարթության վրա: Նրանք երկուսն էլ ինձ համար խաղի կանոններ խախտող են, եւ ես նրանց մրցակից չեմ համարում: Ընտրություն՝ չի նշանակում՝ քո ճանապարհին ոչնչացնել ցանկացած բան, իսկ նրանք այդպես են վարվում:

– Դուք միակ կին թեկնածուն եք: Դա ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

– Ես չեմ կարծում, որ հերյուրանքներ տարածող, պայքարի կեղծ միջոցներ որոնող թեկնածուները հարում են տղամարդու կերպարին: Ես գտնում եմ, որ իմ դիմաց կանգնած են թույլ էակներ, եւ ես ինձ ավելի ուժեղ եմ համարում:

– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր քարոզարշավը:

– Ես ցավում եմ, որ եղանակային պայմանների պատճառով՝ մենք չենք կարողանում լինել բոլոր բակերում: Շոգին մարդիկ չեն կարողանում երկար կանգնել բակերում, որոշ բնակիչներ հանդիպումների ժամերին աշխատանքի են լինում: Գիտեք, որ այս օրերին օրը մթնում է ոչ թե ժամը 22։00-ից, այլ 21։00-ից: Մենք ստիպված հանդիպումներ ենք կազմակերպում նաեւ շաբաթ եւ կիրակի: Հանդիպումներում ես կարեւորում եմ ընտրողների պատրաստակամությունը եւ մեր նկատմամբ ջերմությունը: Ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են ընտրել միայն նրան, ով ի վիճակի է բարձրացնել իրենց խնդիրները եւ, բացի ժողովրդի կողքին լինելուց, ժողովրդի համար աշխատելուց, Արաբկիրը ժողովրդավարության կղզյակ դարձնելուց, այլ նպատակներ չունի:

– Դուք ի՞նչ եք խոստանում Ձեր ընտրողներին հանդիպումների ժամանակ:

– Ես իմ ծրագրերի մասին եմ խոսում: Մյուս թեկնածուները ասում են` ստեղ պատ եմ շարելու, ստեղ կաչելի եմ դնելու: Իսկ ո՞վ ասաց, որ համայնքի ղեկավարը, եթե գնա եւ տնօրինի համայնքի բյուջեն, պետք է չբարեկարգի բակերը, ասֆալտապատի եւ այլն: Նրանք խոստանում են կատարել այն, ինչը պարտավոր են կատարել: Դա առնվազն տգիտություն է: Դա նույնն է, որ ես դասախոս եմ եւ աշխատանքի ընդունվելիս բուհի ռեկտորին ասեմ` ես խոստանում եմ դասախոսություններ կարդալ: Ես իմ ընտրողներին խոստանում եմ լինել ազնիվ, համայնքի բյուջեն ամբողջությամբ ծախսել նպատակային, եւ մեկ տարվա ընթացքում համայնքի յուրաքանչյուր բնակիչ դա կզգա իր մաշկի վրա: Իսկ այսօր Արաբկիրը գարշահոտության մեջ է: Խնդրեմ, դուրս եկեք եւ տեսեք:

– Ձեր համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը Ձեզ բարձր է գնահատում՝ որպես տնտեսագետ, սակայն կասկածներ ունի, որ Դուք լավ թաղապետ կլինեք` նշելով, որ փորձի պակաս ունեք: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Եթե նրանց թվում է, որ իրենք փորձ ունեն, սխալվում են: Հովհաննես Շահինյանն իր կարգախոսով ասում է. «Եկեք խոսենք փաստերով»: Ես էլ ասում եմ` եկեք: Եկեք շրջենք Արաբկիրում եւ կտեսնենք` աղբ, գարշահոտություն, չլուսավորված փողոցներ, ոչ կանաչապատ բակեր, չվերանորոգված շենքեր եւ այլն: Արաբկիր համայնքն ունի 2 միլիարդ 36 միլիոն դրամ բյուջե: Բացի դրանից, համայնքի բյուջեն ունի նաեւ ստվերային մաս, որը ոչ ստվերայինի 40-50 տոկոսն է կազմում: Բյուջեի նկատմամբ պետք է պատասխանատվություն ունենալ, եւ եթե խախտվում է բյուջեի կատարումը, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում:

– Իսկ Ալբերտ Երիցյանի փորձին ծանո՞թ եք:

– Եթե մարդը խանութի տարածքը մեծացնելու նպատակով 400 քառ. մետր մայթից վերցնում է, դա արդեն շատ վատ փորձ է, եւ այդ փորձից պետք է վախենանք, որ վաղը- մյուս օրը, հնարավոր է, որ ամբողջ Արաբկիր համայնքի մայթերը կարող են վերանալ եւ խանութներ դառնալ: Երիցյանը վերացրել է նաեւ Արաբկիրի եզակի մշակույթի տներից մեկը: Շենքը վաճառել է Հովհաննես Շահինյանը, գնել է Ալբերտ Երիցյանը եւ խանութ դարձրել: Ամենազավեշտալին այն է, որ այսօր այդ 2 թեկնածուները առանձին-առանձին փորձում են ինձ մեղադրել իրենցից մեկի հետ համագործակցելու համար: Փաստորեն նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ ՀՀԿ-ի թեկնածուի կամ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող թեկնածուի հետ համագործակցելը խայտառակություն է, եւ եթե ժողովուրդն այդ մասին տեղեկանա, ապա ես կվարկաբեկվեմ: Այդ դեպքում, ինչո՞ւ են իմ հարգարժան մրցակիցները մոռանում, որ իրենք հենց ՀՀԿ անդամ են կամ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող եւ իրենց տրամաբանությամբ արդեն իսկ վարկաբեկված են: Ես չեմ հերքում, այսօր ՀՀԿ-ի շարքերում դեռ կան պարկեշտ մարդիկ, եւ գտնում եմ, որ նրանք ամեն ինչ պետք է անեն ՀՀԿ-ին վարկաբեկողներին իրենց շարքերից հեռացնելու համար:

– Իսկ ինչո՞ւ եք ընտրել «Տեր կանգնեք մեր համայնքին» կարգախոսը:

– Թեկնածուներից մեկը` Ալբերտ Երիցյանն ասում է. «Ես գալիս եմ աշխատելու»: Իսկ մինչեւ այդ ի՞նչ էր անում, հիմա աշխատել սովորելն արդեն ուշ է: Հովհաննես Շահինյանն ասում է. «Ես հաղթելու եմ»: Ես նախ համարում եմ, որ դա պլագիատ է, չի կարելի վերցնել ուրիշի կարգախոսը: Դա շատ ծածուկ նպատակ ունի. ժողովրդի աչքերին թոզ է փչում, թե ինքն էլ է ընդդիմադիր հայացքների տեր, ժողովրդի մի մասն է: Մարդիկ մոռանում են, որ մեր ժողովուրդը, մանավանդ Արաբկիրի բնակիչները այդ խաղերը վաղուց խաղացել են: Բացի դրանից «Ես հաղթելու եմ» կարգախոսը եսակենտրոն է: Ոչ ոք մենակ չի կարող հաղթել: Ես ասում եմ`«Տեր կանգնեք մեր համայնքին»: