Նոր ուսումնական տարվա մեկնարկի` սեպտեմբերի 1-ի եթերային ամենահետաքրքիր ռեպորտաժը թերեւս այն էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 1-ին դասարանցի իր երեխայի ձեռքը բռնած նրան ուղեկցում էր դպրոց:
ՀՀ ցանկացած քաղաքացու, ցանկացած հեռուստադիտողի մոտ այդ ռեպորտաժի հերոսները դրական էմոցիաներ առաջացրին, քանի որ մեր երկրի վարչապետի մեջ մենք տեսանք հոգատար եւ ուժեղ հայրիկի, իսկ նրա երեխայի հայացքում` վստահություն: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի դպրոցական երեխայի ինքնավստահության երաշխիքը բնականաբար առաջին հերթին այն էր, որ երեխան ամուր սեղմել էր հոր ձեռքը եւ իրեն պաշտպանված էր զգում: Հայրն էլ վստահ էր, որ դպրոց գնացած երեխան տուն է վերադառնալու:
Սեպտեմբերի 1-ին երեխայի ձեռքը բռնած եւ նրան դպրոց ուղեկցող հայրիկներից մեկն էլ ՀՀ քաղաքացի Միշան էր, որի մեջ թերեւս չկար ուժեղ ու հոգատար հայրիկի կերպարն, ու, որի աղջկա` Հասմիկի հայացքում բացակայում էր ինքնավստահությունը: Միշան վստահ չէր, որ դպրոց գնացող իր երեխան ցանկանալու է տուն վերադառնալ:
Սեպտեմբերի 1-ին դպրոց այցելած Հասմիկը չի ցանկանում տուն գնալ, որովհետեւ իր ընտանիքն ապրում է Էրեբունու զանգվածի Խաղաղ դոն 31 կոչվող հասցեում գտնվող մի ավտոտնակում: Ամռան այս շոգին նրանց «տուն» մտնելիս սառը քամին դիպչում է դեմքիդ, իսկ խոնավության հոտն անդուր ու անտանելի է: Հասմիկի մայրը` Գայանե Դշխանյանը, 31 տարեկան է, բայց նյարդերն ահավոր վիճակում են ու խոսելիս աջ ու ձախ բղավում է: Անընդհատ կրկնում է` «Էլ ներվերս չի հերիքում, հոգնել եմ…»: Գայանեն լարված ու անհարմարավետ կենցաղից խճճվել է, ոչ ադեկվատ հոգեվիճակում է, որովհետեւ մեկ լռում, խաղաղվում է, մեկ էլ` բղավելով պոռթկում, լաց է լինում: Երեք երեխա ունի` 12 տարեկան Հովսեփը, 10 տարեկան Հասմիկն ու 3-ամյա Թամարան: Մանկապարտեզից նոր տուն եկած Թամարան համառորեն մորը ստիպում է իրեն մանկապարտեզ տանել: Ասում է` «Ուզում եմ մանկապարտեզ, տուն չեմ ուզում: Ինչի՞ ինձ բերեցիր…»,- ու սկսում է բղավելով լաց լինել, ոտքերը գետնին խփել: Գայանեն սրտնեղած ասում է, որ երեխաներից ոչ մեկն էլ չի ցանկանում տուն գալ, տունն իրենց համար տհաճ է: Ասում է` «Խոնավ, ցուրտ, հոտն էլ զգում եք, էլի: Ամռանն ինչքան դուռը բաց եմ թողում, մեկ ա` էլի թաց ու խոնավ ա: Ախր, գառաժի մեջ հինգ հոգով էսքան տարի ապրում ենք, բայց վախենում եմ երեխեքիս տանեմ բժշկի, գիտեմ, որ հարյուր հիվանդություն կհայտնաբերեն»: Հովսեփը շնչառական խնդիրներ ունի, ծնոտը գայլի երախ է դառնում, ու Գայանեի ասելով` ծանր վիրահատության կարիք ունի:
Գայանեն ամուսնու հետ 1995 թվականից ապրում է բնակելի շենքերի արանքում գտնվող ավտոտնակի տարածքում: Պատմում է` «Ամուսնացել ենք, տագրերս շատ են եղել, բոլորս միասին էինք ապրում, ու այլեւս անհնար էր, ամեն մեկն իր ընտանիքն ուներ: Էս տարածքը փորել էին, որ գառաժ սարքեին, մենք որոշեցինք էստեղ պատ շարել ու ապրել: Քանի որ մենք անօթեւան էինք` ամուսինս ասեց` գանք էստեղ ապրենք, էլի, մինչեւ Աստված մի դուռ կբացի: Էն էլ ապրեցինք, ապրեցինք, ու արդեն 15 տարի ա՝ տառապում, տանջվում ենք: Մեր երազած դուռը էդպես էլ չբացվեց»: Գայանեին ու Միշային վիրավորում է այն հանգամանքը, որ երեխաներն անընդհատ դուրս են փախչում, չեն ցանկանում տանը մնալ: Որպես ծնող՝ նրանք իրենց նվաստացած են զգում, քանի որ, թեեւ ամեն ինչ անում են, բայց միեւնույն է` ոչինչ չեն կարողանում անել երեխաներին պաշտպանելու համար:
Գրանցման վկայական ու սեփականաշնորհման իրավունք չունեն, հետեւաբար՝ ի զորու չեն օգտվել իրենց իրավունքներից: Գայանեն բազմիցս նամակներով, խնդրանքներով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքապետին, Էրեբունու թաղապետին` խնդրելով ավտոտնակի այդ տարածքը սեփականաշնորհելու հնարավորություն տալ, սակայն որպես կանոն՝ այդ դիմումներն անպատասխան են մնացել: Ասում է` երկու տարի առաջ այդ փոքրիկ տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով դիմել է Էրեբունու թաղապետարան. «Ինձ ասացին` 2000 դոլար բեր, կսեփականաշնորհենք: Բայց 2000 դոլար, եթե երկու տարի աշխատենք էլ` չենք կարողանա հավաքել, մեր համար դա անհասանելի գումար ա, տեսնում եք, թե ինչ պայմաններում ենք ապրում: Թանկ արժողությամբ իր էլ չունենք, որ վաճառենք, էդ փողը տանք»: Ամուսինը` Միշան, բանվորությամբ վաստակում է օրվա հացը, իսկ Գայանեն երեխաներին է խնամում: 26.000 դրամ նպաստով կարողացել են երեխաների դպրոցական որոշ ծախսերը հոգալ: Գայանեին ու ամուսնուն այդ սեփականաշնորհման փաստաթուղթն օդի պես անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ավտոտնակի տարածքում շինարարություն իրականացնելուց հետո, հնարավոր է, նրանց ընդհանրապես վռնդեն այդ տարածքից. «Գոնե կոպեկ-կոպեկ կհավաքենք, պատերը կամրացնենք, կամ հատակը կփոխենք, որ խոնավությունը մի քիչ պակասի: Ախր երեխաներս մեղք են, հազար հիվանդություն ձեռք կբերեն: Վաղը-մյուս օրը տղա եմ ուղարկելու բանակ, եթե հիվանդացավ, էդպես էլ կզորակոչեն, չէ՞: Իրենց պետք չի՞ առողջ, ուժեղ զինվոր»: Ձմռանն այս տան պատերն ու հատակը սառցակալում են, ու դժվար չէ պատկերացնել մանկահասակ այս երեխաների կենսակերպը: Երեխաները քնում են թաց անկողնու մեջ. Գայանեն ամեն օր անկողինն արեւին է տալիս, բայց միեւնույն է` դրանք խոնավ ու թաց են: «Անկեղծ եմ ասում` անգամ ամաչում եմ հյուր ընդունել, էս հոտից, էս անհարմարությունից մեկուսացել ենք, ամոթից չեմ ուզում, որ մի հարազատ ոտք դնի էստեղ: Ամեն օր ամուսնուս հետ նստում, մտածում ենք, թե ինչպե՞ս դուրս գանք էս վիճակից, բայց լուծում չկա: Լուծումը կարող են մենակ մեր երկրի ղեկավարները տալ, որոնք երեւի տեղյակ էլ չեն մեր խնդրից: Երեխայիս դիտավորյալ մանկապարտեզ եմ տվել, որ էս խոնավ տանը շատ չմնա, աշխատում եմ բոլորին ավելի շատ դրսում պահել: Իրենք էլ չեն ուզում տուն գալ»,- ասում է նա` վստահեցնելով, որ ամռանը երեխաներին մինչեւ մթնելը դրսում է պահում:
3 տարեկան Թամարան իր մանկական միամտությամբ վերցնում է խաղալիքն ու մոտենում է ինձ. «Նայի՛, կապիկս մրսում ա, ստեղ ցուրտ ա, իրան շատ եմ սիրում, հետս տանելու եմ մանկապարտեզ, որ չմրսի»:
Գայանեն վստահ է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր դիմումները նրան չեն հասնում: