Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (ՅՈՒՆԻՄԱ) Հայկական կենտրոնը սեպտեմբերի 6-11-ն, արդեն երրորդ տարին, կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչ, գեղարվեստական ղեկավար, ՅՈՒՆԻՄԱ հայկական կենտրոնի ղեկավար Արմեն Սաֆարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ նման փառատոն անցկացնելու հիմնական նպատակը մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությունը բարձրացնելն ու տիկնիկային թատրոնների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է: Այս տարի փառատոնին կմասնակցեն Երեւանի Հ.Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնը, «Ագուլիս», «Լապտեր», Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տիկնիկային թատրոնները, Աջափնյակ համայնքի գեղագիտական կենտրոնի «Վասպուրիկ» թատերախումբը, Դսեղի «Փաթիլ» տիկնիկային թատրոնը, ինչպես նաեւ` կլինեն թատրոններ Գյումրիից, Իջեւանից, Արմավիրի մարզի Մրգաշատ, Մեծամոր բնակավայրերից: Կհյուրընկալվեն նաեւ Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Լիտվայից, ՌԴ-ից եկած թատրոնները: «Մենք կարեւորում ենք երիտասարդ դերասանների մասնակցությունն այս միջոցառմանը, փորձում ենք հնարավորինս աջակցել եւ խթանել երիտասարդներին այս բնագավառում ներգրավելու համար»,- ասաց Ա.Սաֆարյանը: Տիկնիկային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի
6-ին, Դսեղի կենտրոնական հրապարակում` գրողի հուշարձանի մոտ: Տոնախմբությունից հետո կսկսվեն նախատեսված թատերական ներկայացումները. վեց օրերի ընթացքում կբեմադրվի 21 ներկայացում հայերեն եւ օտար լեզուներով: Կլինեն նաեւ վարպետության դասեր, կբացվի տիկնիկների ցուցահանդես, կցուցադրվեն տեսաֆիլմեր: Փառատոնի ավարտին մասնակից թատերախմբերին կշնորհվեն մրցանակներ եւ պատվոգրեր` «Լավագույն տիկնիկային ներկայացում», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն տիկնիկավար-դերասան», «Թումանյանական հեքիաթի լավագույն բեմադրություն», «Լավագույն տիկնիկագործ» անվանակարգերում: Մրցանակները կլինեն հայտնի «Կարապետ» տիկնիկի տեսքով: Ա. Սաֆարյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ տարի ՅՈՒՆԻՄԱ-ն տոնում է իր 80-ամյակը, որի առթիվ հայաստանյան կենտրոնը միջոցներ է ձեռնարկում Ֆրանսիայում կայանալիք մեծ միջոցառմանը հայկական տիկնիկային թատերախմբերին ներկայացնելու համար: «Տիկնիկային թատրոնների արվեստը մեզանում զարգացնելու համար ցանկանում ենք նաեւ դերասաններ ու տիկնիկագործներ ուղարկել արտասահմանի լավագույն թատրոններում վերապատրաստվելու համար»,- նշեց նա: