«Մեր աշխարհում փոխելու շատ բան կա»

06/09/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Աշխարհահռչակ գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը՝ այցելելով «Ոսկե ծիրան» կինոփառատոն, կարծես յուրաքանչյուր առիթ օգտագործում էր հայերի ու Հայաստանի հետ շփվելու համար։ Իր անցկացրած վարպետության դասերի ու ասուլիսների ժամանակ նա պատրաստ էր պատասխանել յուրաքանչյուր հարցի՝ ցանկանալով պիտանի խորհուրդներ տալ երիտասարդ հայ ռեժիսորներին։ Վիմ Վենդերսի համար ֆիլմ նկարահանելն առաջին հերթին նշանակում է՝ հետազոտել եւ բացահայտել, ինչը նա, իր իսկ խոստովանությամբ` անում է գերմանացուն ոչ հարիր ռոմանտիզմով եւ գերմանացուն հատուկ համառությամբ։ Երեւանում գտնվելու առաջին իսկ օրը Վիմ Վենդերսը հայտնեց, որ արդեն մի զույգ երկարաճիտք կոշիկ է գնել ու պատրաստվում է ճամփորդել Հայաստանով մեկ։ «Ես մասնագիտությամբ ճամփորդող եմ, որը նաեւ ֆիլմեր է նկարահանում»,- ասաց նա։ Վիմ Վենդերսը պատմեց, որ ծնվել է Դյուսելդորֆի ավերակներում, 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից 3 ամիս անց։ «Մանուկ ժամանակ ինձ թվում էր, որ ամբողջ աշխարհն է քանդված, մենք ունեինք մութ անցյալ ու մեղքի հսկայական չափաբաժին։ Իսկ հետո ես հասկացա, որ կան այլ քաղաքներ ու այլ մարդիկ»,- պատմեց նա։ Նա երազում էր նկարիչ դառնալ, հետո՝ երաժիշտ, բայց կինոն փոխարինեց բոլոր իր սիրված զբաղմունքներին։ Կինոն այդ ամենն իր մեջ ներառեց։ Եվ Վիմ Վենդերսը սկսեց ստեղծել իր գեղեցիկ՝ բաց հորիզոններով, հուզիչ պատմություններով ու լավ երաժշտությամբ հագեցած ֆիլմերը։

– Դուք խոշոր, հեղինակավոր փառատոների ամենացանկալի հյուրերից եք։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները մեր փոքր ու նորաստեղծ «Ոսկե ծիրանից»։

– Հարյուրավոր փառատոներ կան աշխարհում, բայց ոչ բոլորն ինքնություն, դեմք եւ ջերմություն ունեն։ Եվ ընդհանրապես՝ ոչ բոլոր փառատոներն են անհրաժեշտ։ Սակայն «Ոսկե ծիրանը» ես հետայսու անհրաժեշտ փառատոների շարքին եմ դասելու։ Դա շատ կարեւոր եւ անհրաժեշտ փառատոն է տարածաշրջանում։ Դուք իդեալիստական փառատոն եք արել, եւ դա ինձ շատ է ուրախացնում։ Այստեղ հանդիսատեսը ֆիլմ է դիտում ու գաղափարներ է լսում, իսկ խոշոր փառատոներում (օրինակ՝ Կաննում) մարդիկ դադարել են գաղափարներ ընկալել։ Ֆիլմի ընկալումն ավելի շուտ վերաբերում է ձեւին, ոչ թե՝ բովանդակությանը։ Իսկ դա նողկալի իրողություն է։ Սպառողական հասարակություններում գաղափարներն արժեզրկվում են, իսկ մենք էլ շարունակում ենք նման հասարակության մեջ ապրել ու ֆիլմեր նկարահանել։ Ես համոզված եմ, որ համաշխարհային կինոն մոտ ապագայում կտապալվի, եթե շարունակի համաշխարհային, գլոբալ «հրեշ» մնալ։ Եվ Երեւանի կինոփառատոների նման փառատոները մեզ հիշեցնում են, որ համաշխարհային կինո ասածը բաղկացած է զանազան «փոքր» կինոներից։ Եվ հենց նման «փոքր» կինոների համար էլ (որոնք իրենց սեփական լեզուն եւ մշակույթն ունեն) արժե պայքարել։ Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեցա ավելի շատ փառատոնային ֆիլմեր դիտել, քանի որ նախընտրեցի Հայաստանով ճամփորդել։ Եթե երկվորյակ եղբայր ունենայի՝ մեկին կթողնեի ֆիլմ դիտելու, իսկ մյուսը կգնար ճամփորդելու։ Բայց երկվորյակ չունեմ, ուստի, մի կեսս մնաց այստեղ, իսկ մյուսը՝ ճամփորդեց։

– Իսկ ի՞նչ տեսաք Հայաստանում։

– Ձեր փոքր երկրում ես բազմազանություն տեսա։ Մենք՝ գերմանացիներս, համեմատում ենք մեզ ԱՄՆ-ի, Չինաստանի կամ ՌԴ-ի հետ ու կարծում ենք, որ Գերմանիան է փոքր, բայց պարզվեց, որ մեզանից է՛լ ավելի փոքր երկրներ կան։ Բայց ձեր այս փոքր երկրում ես անհավատալի բազմազանություն հայտնաբերեցի։ Բազմազան է եւ՛ բնաշխարհը, եւ՛ բուսականությունը, եւ՛ մարդկանց տրամադրությունները։ Նույնիսկ ձեր երկրի տարբեր վայրերում աճող ծիրանի համն է տարբեր։ Հուսով եմ` մոտակա տարիների ընթացքում մեկ անգամ եւս ձեր երկիր այցելելու առիթ կունենամ։ Եվ ամեն անգամ կհիշեմ ձեր երկրի մասին, երբ Բեռլինում գտնվող իմ տանը ջրեմ այն փոքր ծիրանի ծառը, որը կփորձեմ աճեցնել Հայաստանից տարած ծիրանի կորիզից։

– Որքանո՞վ է հնարավոր հաշվարկել ֆիլմի հաջողությունն ու ճիշտ նշանակետին հարվածող կինոդրամատուրգիա ստեղծել։

– Կինոդրամատուրգիան չի կարող հստակ գծված լինել։ Եթե որեւէ մեկն ասի, որ կարող է ձեզ կինո նկարահանել սովորեցնել, կարող եք միանգամից սենյակից դուրս գալ ու ասել՝ դա զառանցանք ու ախմախություն է։ Ոչ ոք չգիտե, թե ինչպես է պետք կինո նկարահանել։ Կինոն օգնում է բացահայտել։ Ընդհանրապես շատ վտանգավոր է, երբ ֆիլմում շատ են խոսում, եւ ֆիլմը հագեցած է լինում գաղափարախոսությամբ։ Միշտ էլ ավելի մեծ հաջողություն են ունենում այն ֆիլմերը, որտեղ չկան մեծ գաղափարներ, քանի որ հակառակ դեպքում ֆիլմը կարող է գաղափարների «զոհը» դառնալ։ Ես միշտ չբացահայտվածը բացահայտելու կողմնակիցն եմ եղել։ Սակայն գիտեմ նաեւ, որ եթե դուք մեկ էջի վրա գրված սցենար տանեք կինոստուդիա, ձեզ անգամ պահակի մոտով թույլ չեն անցնել եւ 1 եվրո անգամ չեն տա, եթե նույնիսկ ձեր ազգանունը Վենդերս լինի։ Ուստի ես ստիպված եմ սուտ հնարքների դիմել եւ երկար սցենարներ գրել։ Երբ նկարահանում ես մի ֆիլմ, որը կատարյալ կերպով տեղավորվում է քո մտքի մեջ, անպայման սկսում ես ձանձրանալ։ Ե՛վ կատարյալ սցենարը, եւ՛ ընդամենը մտահղացման վրա հիմնվելը 2 ծայրահեղություններ են։ Շատ հաճախ այն, ինչը կարելի է հաջող իմպրովիզացիա անվանել, էկրանին ձանձրալի է թվում։ Երբ նկարահանում էի իմ առաջին ֆիլմը, ուղղակի տեղադրել էի խցիկն ու նկարահանում էի փողոցով անցնող մեքենաները, մարդկանց ու երկնքում շարժվող ամպերը, անցնող գնացքը։ Ինձ թվում էր` դա շատ հետաքրքիր է, ու ապշահար նկարահանում էի, մինչեւ ինձ հատկացված ժապավենը վերջացավ։ Բայց պարզվեց, որ իմ նկարածը նայելով՝ մարդիկ ձանձրանում էին, մինչդեռ ինձ թվում էր, որ շատ հուզիչ բան եմ նկարել։ Ինձ թվում էր` ես իրավունք չունեմ ընդհատել ժամանակը, ես պետք է նկարեմ։ Ինքդ քեզ կանգնեցնել սովորեցնելը բարդ գործ է։ Երկրորդ անգամ ես ֆիլմ նկարահանեցի այն պահին, երբ տեսա, որ մի մարդ փողոցի հեռախոսախցիկից արագ դուրս եկավ՝ նույնիսկ չհասցնելով տեղը դնել լսափողը։ Ինձ թվում էր, որ հետաքրքիր կլինի նկարահանել ֆիլմ որեւէ մի իրադարձությունից հետո։ Այդ ժամանակ ես հասկացա, որ կինոն միայն պատկեր ստեղծելու արվեստ չէ, կինոն առաջին հերթին պատմություն է։ Եվ սկսեցի սցենարներ գրել։ Երբ երիտասարդ էի, կոմպլիմենտ էի համարում, երբ ասում էին, որ իմ ֆիլմերում շատ են գեղեցիկ պատկերները, բայց եթե հիմա նման բան ասեն, կհասկանամ, որ վատ ֆիլմ եմ ստեղծել։ Հիմա ես գիտեմ, որ պետք է ամենագեղեցիկ կադրը կտրեմ ու դուրս շպրտեմ ֆիլմից, որպեսզի պահպանեմ ֆիլմի ամբողջականությունը։ Կարեւորը բուն պատմությունն է։ Երբ դա հասկացա, ստիպված եղա սովորել սցենարներ գրել։

– Որքանո՞վ է ճիշտ հնչում «հեղինակային կինո» բնորոշումը։

– Ես հեղինակային կինոյի գոյությանը չեմ հավատում։ Կինո նկարահանել նշանակում է՝ կիսել պատասխանատվության բեռը։ Ես չգիտեմ՝ ինչպե՞ս դա կարելի է միայնակ անել։ Իսկ դո՞ւք։

– Իսկ ինչի՞ց են ծնվում ձեր կինոպատմությունները։

– Պատմություններն ամենուրեք են, մենք ուղղակի շրջապատված ենք պատմություններով։ Հարկավոր է ոչ թե հնարել, այլ՝ գտնել դրանք։ «Զոռով», ստիպելով՝ պատմություն չես ստեղծի։ Կարծում եմ, նույնը երաժշտության պարագայում է։ Երբ որոշում ես, որ, ասենք, այսօր պետք է երգ գրես, ոչինչ չի ստացվում։ Այն պետք է ինքը գա։ Ես երջանիկ եմ, որ իմ պատմությունները գտնում եմ ճամփորդելով։ Ես ուզում եմ մարդկանց հասկանալ այն կանոններով, որոնք կան նրանց բնակավայրերում։ Իմ ֆիլմերը ծնվում են հետաքրքրասիրությունից։ Ես համոզվել եմ, որ տեղանքն ու մարդը միաձույլ են։ Ես չեմ սիրում պատմական գրքերից ինֆորմացիա հավաքել, գերադասում եմ ինքս լինել տարբեր երկրներում ու լսել, թե ինչ է ինձ պատմում այս կամ այն վայրը։ Ինձ համար ֆիլմ ստեղծելու նախապայմանը միշտ եղել է տեղանքը եւ այդ տեղանքից ծնված զգացմունքները։ Բնապատկերները, մարդիկ «հոսում» են իմ միջով ու երկար ժամանակ մնում են իմ մեջ։ Եվ չեմ սիրում մայրաքաղաքները, նախընտրում եմ փոքր, «քաջ» քաղաքները։ «Ներս մի եկեք առանց թակոցի» ֆիլմն, օրինակ, ծնվեց ԱՄՆ-ի Մոնտանա նահանգ կատարած իմ ուղեւորությունից, որտեղ ես տեսա լրիվ լքված, փոքր արդյունաբերական մի քաղաք։ Հետո ծագեց պատմությունը։

– Կոմպյուտերային դարում ավելի հե՞շտ է ֆիլմ նկարահանել։

– Հիմա կարելի է շատ փոքր գումարով ֆիլմ նկարահանել, եւ դա իսկական ֆիլմ կլինի։ Հիմա այնպիսի թվային սարքեր եւ համակարգիչներ կան, որոնց մասին մենք ժամանակին երազել անգամ չէինք կարող։ Հավատացեք, երբեմն փոքր բյուջեն լավ կինո ստեղծելու հրաշալի առիթ է տալիս։ Փողն ընդհանրապես շատ տարօրինակ ազդեցություն է թողնում։ Եթե շատ փող ունեք, կորցնում եք ձեր ուզածն ասելու շանսը։ Եվ իրականում չեք կարողանում կինոյի միջոցով որեւէ բան ասել։ Իսկ փոքր գումարի դեպքում դուք ասելու հնարավորությունը չեք կորցնում։ Սովորաբար մենք գերագնահատում ենք փողի նշանակությունը։ Մինչդեռ միակ կարեւորը երեւակայությունն է։ Այսօր նկարահանելը դժվար չէ, դժվարը ֆիլմի վրա ուշադրություն սեւեռելն է։ Հարկավոր է ինովացիոն, թարմ բան անել, այլ՝ ոչ թե իմիտացիա։

– Այսօր ինչպիսի՞ դեր է խաղում հեռուստատեսությունը։

– Հեռուստատեսության միակ առավելությունն այն է, որ այն մեզ է մոտեցնում հեռավոր կադրերը, ցուցադրում է այն, ինչը մենք մեր աչքերով տեսնել չենք կարող։ Սակայն, երբ այն դադարում է դա անել, վերածվում է անիմաստ, անօգուտ գործիքի։ Ես ինքս հեռուստատեսություն չեմ նայում։ Կարծում եմ, դա վարակ է։ Օրինակ, երբ հայտնվում եմ հյուրանոցի իմ սենյակում ու սկսում եմ փոխել հեռուստացույցի ալիքները, անպայման հիվանդանում եմ։ Գերադասում եմ կինո գնալ, կինոդահլիճում գոնե չես կարող օգտագործել հեռուստատեսային վահանակը։ Իսկ ժամանակակից հեռուստատեսությունը ոչինչ չի սովորեցնում, միայն մարդկանց հսկողության տակ է պահում։

– Ինչը՞ կարող է փոխել, նաեւ՝ որոշ իմաստով, փրկել մեր աշխարհը։

– Սուպերմենն, իհարկե, չի փրկի աշխարհը: Աշխարհը կարող են փրկել այն մարդիկ, որոնք իսկապես հավատում են, որ կա սեր, համերաշխություն եւ փոխադարձ համակրանք։ Քաղաքական գործիչները հաստատ չեն կարող փրկիչ-հերոսներ լինել, նրանք պետք է հանգիստ իրենց գործն անեն, եւ ոչ մի դեպքում նրանց մասին ֆիլմեր նկարահանել հարկավոր չէ։ Անցյալ տարի Աֆրիկայում ֆիլմ նկարահանեցի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համար եւ հանդիպեցի աշխարհը փրկող իսկական հերոսների։ Կարծում եմ` պետք է ավելի շատ ֆիլմեր նկարահանել այն մարդկանց մասին, որոնք իսկապես աշխարհը դեպի լավն են փոխում։ Մանավանդ, որ մեր աշխարհում փոխելու շատ բան։ Կարծում եմ` Հայաստանում էլ փոխելու շատ բան կա։

– Ի՞նչը։

– Հայաստանը միաժամանակ հինավուրց ու երիտասարդ երկիր է, եւ ինչպես յուրաքանչյուր երիտասարդ՝ ինքն իրեն «սահմանելու» կարիք ունի։ Իսկ միայն անցյալին դիմելով՝ չի կարելի գտնել ապագայի սահմանները։ Ես շատ բան իմացա ձեր պատմության, 2000 տարի առաջ ապրող նկարիչների ու գրողների մասին, նաեւ՝ ծանոթացա ձեր սքանչելի կրոնական ավանդույթներին, բայց տեսա, որ ձեր հոյակերտ եկեղեցիները լոկ հուշարձաններ են։ Դուք շեշտում եք, որ քրիստոնեական երկիր եք, բայց ձեր եկեղեցիները միայն պատմությանն են պատկանում, նրանք մոնումենտներ են, եւ ոչ թե՝ գործող եկեղեցիներ։ Եվ թվում է` Հայաստանի քրիստոնեական առանցքը դեռ աճելու տեղ ունի։ Կարծում եմ` 70 տարիների ընթացքում գոյություն ունեցող կոմունիստական իշխանություններին հաջողվեց քողարկել հայերի քրիստոնեական էությունը։ Բայց դուք հիանալի տաճարներ ունեք, եւ հարկավոր է նրանց մեջ ժամանակակից շունչ «մտցնել», միայն անցյալով ապրել հո չի՞ կարելի։ Ես գիտեմ, որ դա հեշտ չէ, ես իմ աչքի առաջ ունեմ Գերմանիայի փորձը, մանավանդ՝ Արեւելյան Գերմանիայի, որտեղ հիմա հոգեւոր անապատ է։ Որոշ չափով հարկավոր է հաղթահարել անցյալի բեռը։ Իհարկե, ժողովրդավարությանն ընտելանալը շատ դժվար է։ Բայց, ըստ իս՝ այլ ճանապարհ չկա։ Հայաստանը դեմոկրատական երկիր դառնալու համար ամեն ինչ ունի։ Ի դեպ՝ ձեզ մոտ առկա խառը քաղաքական անցուդարձը շատ չի տարբերվում այն իրավիճակից, որը կա այլ երկրներում։ Բուլղարիան, Սերբիան, Լեհաստանը գրեթե նույն վիճակում են, իրենց համար էլ է բարդ սեփական ուղի գտնելը։ Խորհրդային համակարգերի փլուզումից հետո կապիտալիզմը շատ վայրագ ձեւով ներխուժեց այնտեղ։ Վերջերս ես Մոսկվայում էի եւ ուղղակի վախեցա՝ տեսնելով, թե ինչ է այնտեղ տիրում։ Բայց հետո շփվեցի հասարակ մարդկանց հետ ու սկսեցի հավատալ նրանց։ Փողի քսակներին ես չեմ հավատում, ժողովրդին եմ հավատում։ Հայաստանում կատարած իմ ճամփորդությունն ինձ բավարար հիմքեր է տալիս, որպեսզի ես հայ ժողովրդին հավատամ։ Դուք հսկայական առավելություն ունենք, դա ձեր հարուստ մշակութային ավանդույթներն են։ Նաեւ՝ ձեր սփյուռքն է։

– Դուք եղաք Ալավերդիում։ Հնարավո՞ր է, որ այդ քաղաքը հետագայում ձեր ֆիլմերում տեղ գտնի:

– Այժմ ես հարուստ տպավորություններով եմ լցված, եւ ինձանից շատ ժամանակ կպահանջվի՝ այդ տպավորությունները «մարսելու» համար։ Ինձ հետ տանելու եմ նաեւ հայկական ֆիլմերի մի մեծ հավաքածու, որպեսզի հանգիստ պայմաններում դիտեմ դրանք։ Եվ երբ իմ գլխում ամեն բան իր տեղը զբաղեցնի, միգուցե Հայաստանից ստացված տպավորությունները կարտահայտվեն իմ ապագա ֆիլմերում։ Երբ ճամփորդում էի Ալավերդի քաղաքով, տեսնում էի այն, ինչը կարող է տեսնել յուրաքանչյուր ճամփորդ, լսում էի այն պատմությունները, որոնք պատմում էին հողը, տերեւները, թռչունները։ Եվ որպեսզի իմ ճամփորդությունը ֆիլմ դառնա, պետք է մի կետում հանդիպեն վայրը, մարդիկ ու երաժշտությունը։ Երաժշտությունն, ընդհանրապես, ֆիլմի ամենակարեւոր տարրերից մեկն է։ Անպայման չէ, որ ֆիլմում կոնկրետ վայրի երաժշտությունը հնչի, դա կարող է լինել մի մեղեդի, որը ես իմ մեքենայի մեջ եմ լսում, բայց հանկարծ այն հանդիպում է տեղանքի ու մարդկանց հետ։ Այդ հանդիպումներից են ծնվում իմ ֆիլմերը։ Սիրո, մահվան ու հավերժականի մասին միշտ էլ ավելի լավ ասում է երաժշտությունը։ Ինձ համար կարեւոր է, որ երաժշտությունը ոչ միայն գեղեցկացնի ֆիլմը, այլ՝ դառնա ֆիլմի հավասարազոր մասնիկը, նրա էությունը:

Երաժշտությունն ու երեւակայությունը ձուլվելով իրար՝ մի երրորդ տարր են դառնում։

– Դուք մի քանի տարի ապրեցիք ԱՄՆ-ում ու մի քանի ֆիլմեր նկարահանեցիք այնտեղ։ Բայց հետո վերադարձաք։ Չե՞ք սիրում Ամերիկան։

– Կարծում եմ` ընդհակառակը, ես իմ բոլոր ֆիլմերով ցույց եմ տալիս, որ շատ եմ սիրում այդ երկիրը։ Երբ ես քննադատում եմ Ամերիկան, դա պիտի նշանակի, որ ես Ամերիկան սիրում եմ, քանի որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի քննադատել միայն այն, ինչը սիրում է։ ԱՄՆ-ում ես 8 ֆիլմ եմ նկարահանել, եւ բոլոր իմ ֆիլմերը ոչ թե ամերիկյան ֆիլմեր են, այլ՝ ֆիլմեր են Ամերիկայի մասին։ Օրինակ, երբ ես նկարահանում էի իմ «Լիության երկիր» ֆիլմը, ԱՄՆ-ը հարձակվեց Իրաքի վրա, եւ ես տեսա, որ ոչ մի ամերիկացի չքննադատեց այդ հարձակումը։ Բացառություն էր միայն իմ ընկեր Շոն Պենն, ով արձագանքեց այդ պատերազմին ու մեկնեց Իրաք։ Ինչից հետո շատ սպառնալիքներ ստացավ, նույնիսկ՝ մահվան սպառնալիքներ։ Շոնը նամակ գրեց ԱՄՆ նախագահին, որ դադարեցնեն ագրեսիան, բայց արդյունքը եղավ այն, որ նրան մի քանի տարի հնարավորություն չտվեցին ֆիլմերում նկարահանվել։ Մութ եւ բարդ ժամանակներում միշտ էլ պետք է գտնվեն մարդիկ, որոնք իրապես ազատ կլինեն։ Ամերիկան ինձ համար անսպառ թեմա է։

– «Ամերիկյան երազանքը» շարունակո՞ւմ է գայթակղիչ լինել շատերի համար։

– Այո, բայց ինձ համար «ամերիկյան երազանքը» վաղուց է վերջացել։ Ես ԱՄՆ-ում հայտնվեցի 33 տարեկանում՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հրավերով։ Այդ ժամանակ ինձ թվում էր` ես կարող եմ ամերիկյան կինո նկարահանել։ 5 տարի պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ իմ մեջ ոչ մի ամերիկյան բան չկա, եւ ես ոչ թե ամերիկյան, այլ՝ եվրոպական կինոռեժիսոր եմ։ Ես հպարտ եմ իմ այն ֆիլմերով, որոնք որպես եվրոպացի արել եմ Ամերիկայում։ Եվ շատ կցանկանայի բոլոր հայ ռեժիսորներին կտրականապես հորդորել, որպեսզի նրանք իրենց ֆիլմերը ստեղծեն միայն իրենց պատկերացումների համաձայն ու անեն այն, ինչը մենք անում ենք Եվրոպայում։ Այսինքն՝ կոնկրետ մարդկային պատմություններ պատմեն՝ սեփական ձայնով, սեփական լեզվով եւ սեփական արտահայտչամիջոցներով։ Ամերիկյան կինոյում անհատները տեղ չունեն, այնտեղ ընդհանրացված կինո է։ Համաշխարհային կինոն, միեւնույն է, իր ընթացքով գնալու է, եւ մեր կարիքն այն հաստատ չունի։ Մեր կարիքն ունի մեր ժողովուրդը։ Ես ինքս միայն ԱՄՆ-ում հասկացա, որ գերմանացի եմ, ու հաշտվեցի իմ գերմանացու էության հետ։

– Դուք բազմաթիվ մրցանակների եք արժանացել։ Թերեւս միակ մրցանակը, որը ձեզ չի շնորհվել, դա «Օսկարն» է։ Այն ունենալու ցանկություն ունե՞ք։

– Այդ Օսկարը շատ զարմանալի տղա է։ Այն հազվադեպ է հասնում իրապես արժանի մարդկանց։ Մի անգամ ես «Օսկարին» ներկայացված եղել եմ, եւ հենց այդ պահին կարծում էի, որ արժանի եմ, քանի որ ներկայացված էր իմ՝ կուբացի երաժիշտների մասին պատմող «Բուենա Վիստա» ակումբ» ֆիլմը, որը նկարահանել էի Հավանայում։ Բայց ես մրցանակ չստացա, քանի որ բոլորս էլ գիտենք, որ «Օսկարը» չափազանց քաղաքականացված մրցույթ է։ Այդ տարի լավագույնը ճանաչվեց մի ֆիլմ, որի մասին արդեն հաջորդ տարի ոչ ոք չէր հիշում։ Բայց ես դա թեթեւ տարա։ Եվ հիմա գոհ եւ երջանիկ ապրում եմ առանց «Օսկարների»։ Մանավանդ հիմա, երբ «Փարաջանովի թալեր» մրցանակն ունեմ։

– Դուք նույն հաճույքով նկարահանում եք եւ՛ խաղարկային, եւ՛ վավերագրական ֆիլմերը։ Ինչպե՞ս է կատարվում այդ անցումը։ Դա դժվար չէ՞։

– Իմ վավերագրական ֆիլմերը երբեք ծրագրված չեն եղել։ Նրանք կարծես իրենք են ծագել, եւ բոլորը շատ արագ՝ 1-2 շաբաթվա ընթացքում են պատրաստվել։ Հաճախ լինում է այնպես, որ ֆիլմերը ծնվում են այն վայրերում, որտեղ ես մինչ այդ չեմ եղել։ Ինձ թվում է` խաղարկային ֆիլմեր ստեղծող ռեժիսորի համար վավերագրական ֆիլմ նկարահանելը շատ առողջ փորձառություն է։ Երբ հայտնվում ես անծանոթ մի վայրում՝ մեն-մենակ քո տպավորությունների հետ, եւ ոչ մի բան նախօրոք չես պլանավորում, աշխարհը բոլորովին այլ տեսանկյունից է բացվում քո առջեւ։ Կարծում եմ` միայն խաղարկային ֆիլմեր նկարահանող իմ շատ կոլեգաներ հատուկ բժշկի կարիք ունեն, որը նրանց դեղատոմս դուրս կգրի։ Դեղատոմսում էլ գրված կլինի, որ նրանց հաջորդ ֆիլմն անպայման պետք է դոկումենտալ լինի։ Հավատացնում եմ, որ շատ ռեժիսորների հոգեկան հավասարակշռությունը միայն կշահի դրանից։ Ես չգիտեմ, թե ինչի մասին է լինելու իմ հաջորդ վավերագրական ֆիլմը, պարզապես զգում եմ, որ այն ինքն իրեն կգա ինձ մոտ։ Եվ անպայման՝ ճիշտ պահին։ Շատ մարդիկ ուզում են ֆիլմ նկարահանել՝ հայտնի դառնալու համար։ Դա սխալ ճանապարհ է։ Եթե ֆիլմ անելու ներքին անհրաժեշտություն չլինի, ուրեմն ֆիլմը չի հուզի, եւ չարժե, որ դուք այն նկարահանեք։