«Ճակատամարտի հրաշագործը». այսպես նրան անվանում էին Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, քանզի հենց այդ ժամանակ այս մարդու գիտելիքների ու ոսկե ձեռքերի շնորհիվ հազարավոր զինվորներ փրկեցին ականներից ու փամփուշտներից վնասված ու այլանդակված իրենց դեմքերը:
Մեր հայրենակից Վարազդատ Ղազանչյանը, ում այսօր համարում են պլաստիկ վիրահատության նախահայրերից մեկը, ավելի քան 150 հոդված է գրել պլաստիկ վերականգնողական վիրահատություն թեմայով, որոնք առնչվում են դիմածնոտային դեֆորմացիաներին: Հենց նրա եւ Ջոն Մարքիզ Կոնվերսի համատեղ հրատարակած գիրքը՝ «Դեմքի վնասվածքների վիրահատական բուժումը», այսօր ուսումնական լուրջ ձեռնարկ է այս ոլորտում աշխատել ցանկացողների համար: «Այս բարի աչքերով մարդը միշտ նոր մեթոդներ է փնտրում ու մշակում, որոնք շատ արագ իրականացվում են: «Արա հենց հիմա». լակոնիկ այս արտահայտությունը նրա կարգախոսն էր, քանզի նա նախընտրում էր գործել, այլ ոչ թե խոսել: Նրա համար յուրաքանչյուր հիվանդի խնդիր անհատական լուծում էր պահանջում: Լինելով առաջատար մասնագետ՝ նա երբեք չի քննադատել իր գործընկերների աշխատանքը»,- տարբեր ժամանակներում տարբեր հայտնի պլաստիկ վիրաբույժներ այսպես են խոսել Վարազդատ Ղազանչյանի մասին, որին ամերիկյան բժշկության պատմությունը դասել է լեգենդար բժիշկների շարքին:
Ակտիվ քաղաքականությունից դեպի նորարարական բժշկություն
Վարազդատ Հովհաննեսի Ղազանչյանի կյանքի պատմությունը սկսվում է 1879թ. մարտի 18-ից, Արեւմտյան Հայաստանում (Երզնկայում): 14 տարեկանից եղբայրը նրան ներքաշում է գրքերի բիզնեսի մեջ, սակայն բիզնեսի ոլորտում նա այդպես էլ ոչ մի ձեռքբերում չի ունենում: Այդ տարիներին հայերի նկատմամբ ոտնձգություններ էին կատարվում թուրքերի կողմից, եւ Վարազդատը, լինելով քաղաքականապես ակտիվ երիտասարդ, անտարբեր չէր այս լարված իրավիճակի նկատմամբ. նա հայերի կոտորածին առնչվող թռուցիկներ էր բաժանում: Իհարկե, Թուրքական ոստիկանությունը շուտով նկատեց Վարազդատի այս արարքը, սակայն գործը ձերբակալության չհասավ: Վարազդատի բարեկամները, ովքեր արդեն ԱՄՆ էին գաղթել, շատ արագ կազմակերպեցին տղայի փախուստը Երզնկայից դեպի ԱՄՆ:
Ամերիկայում էլ 16-ամյա տղային հաջողությունը միանգամից չժպտաց: 7 տարի շարունակ նա աշխատեց մի ալրաղացում՝ սկզբնական շրջանում ստանալով 90 ցենտ ժամավճար: Սակայն նա մի մարդ էր, ով յուրաքանչյուր գործի լծվելիս՝ այն անում էր ամենայն պատասխանատվությամբ ու եռանդով, եւ պատահական չէր, որ 2 շաբաթ անց նրա ժամավճարը դարձավ 6 դոլար: Իր աշխատավարձի կեսը նա ուղարկում էր մորը, քրոջն ու եղբորը, ովքեր այդպես էլ չկարողացան գաղթել Արեւմտյան Հայաստանից: Նա համոզված էր, որ երբ հարազատ հողի վրա քաղաքական վիճակը կայունանա, անպայման վերադառնալու է հայրենիք:
Հայկական դպրոցում չստանալով լիարժեք կրթություն եւ չտիրապետելով անգլերեն լեզվին, նրա համար, բնականաբար, շատ բարդ էր ինչ-որ բանի հասնել ԱՄՆ-ում: «Ընդունվեցի գիշերային դպրոց: 7 տարի շարունակ ես ոչ մի գիշերային դաս չեմ բաց թողել, չնայած, որ ալրաղացում 10-12 ժամ աշխատում էի: Այդ ժամանակ ես մտածում էի, որ պետք է մի օր ատամնաբույժ դառնամ»,- հետագայում պատմել է Վարազդատը:
Ջանք ու եռանդ չխնայեց եւ արդյունքում՝ կարողացավ ընդունվել Հարվարդի ատամնաբուժական դպրոց: Դեռ ուսանող տարիներին նրան արդեն հետաքրքրում էր պրոթեզային ատամնաբուժությունը, եւ ուսումն ավարտելուց հետո նա սկսեց միանգամից տեխնոլոգիաներ մշակել՝ իր գաղափարներն իրականացնելու համար, ինչպես նաեւ՝ հնարեց մի մեթոդ, որի միջոցով հնարավոր էր դառնում բուժել ծնոտային կոտրվածքները:
Արդեն 1912թ. Վարազդատ Ղազանչյանն այնքան հմուտ մասնագետ էր, որ լինելով Բոստոնի Բժշկական համալսարանի դեռ երկրորդ կուրսի ուսանող, պրոթեզային լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը ղեկավարելու առաջարկ ստացավ: 1915թ., արդեն դոկտոր Ղազանչյանը նշանակվեց Հարվարդի Միության ատամնաբուժական բաժնի ղեկավար: Սակայն սա դեռ սկիզբն էր, պլաստիկ վիրահատության բնագավառում հրաշքներ գործելու ժամանակը դեռ առջեւում էր: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին նա աննկարագրելի օգնություն ցուցաբերեց հազարավոր զինվորների, ովքեր ոչ միայն ողջ մնացին, այլեւ՝ հրաշքով փրկեցին իրենց դեմքը: Հենց իրենք՝ ռազմաճակատի բժիշկները, ցնցված էին Ղազանչյանի վիրահատություններից, քանզի այդ ժամանակ նա միակ մարդն էր, ով տիրապետում էր պրոթեզների տեխնոլոգիային եւ կարողանում էր վերականգնել լիովին ջախջախված դեմքը: Նրա անունն այնպես էր թնդում, որ բրիտանական բանակը հատուկ բժշկական կենտրոն հիմնեց եւ Ղազանչյանին հրավիրեց գլխավորելու այն: Բրիտանական լրագրողները սկսեցին նրան անվանել «Ճակատամարտի հրաշագործը», իսկ պատերազմի մասին գրելիս՝ նշում էին, որ «այդ ողբերգությունը ծնեց պլաստիկ վիրաբուժության արվեստը»:
1919թ. Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ 5-րդը հենց Բուկինգհեմյան պալատում անձամբ ընդունեց Վ. Ղազանչյանին եւ նրան շնորհեց Թագավորության բարձրաստիճան շքանշանը:
40 տարեկան էր Ղազանչյանը, երբ վերադարձավ ԱՄՆ, վերջնականապես ավարտեց ուսումը եւ որոշեց հիմնել մի կենտրոն նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն շտկել իրենց արատները: Այստեղ էին դիմում հիմնականում այն մարդիկ, ովքեր դեմքի՝ քաղցկեղային հյուսվածքների հեռացումից հետո առաջացած սխալ գոյացումներ ունեին:
Անիմաստ է նշել Վարազդատ Ղազանչյանի մրցանակների թիվը, քանզի դրանք անթիվ են ու անհամար: Ղազանչյանի գործին ծանոթ մարդիկ նրա մասին ասում էին. «Նա ուրիշ է: Այդ փոքրիկ հայ մարդն իրոք չափից դուրս խելացի էր: Թեպետ կոլեգաները նրան ընկալում էին որպես ատամնաբույժ, սակայն նա մի մեծ քայլ արեց պլաստիկ վիրաբուժության ոլորտում»: Նա գլխավորել է Պլաստիկ վիրահատության ամերիկյան ասոցիացիան, ինչպես նաեւ՝ շատ ու շատ այլ հեղինակավոր կառույցներ, որոնք կապ ունեին պլաստիկ վիրաբուժության եւ ատամնաբուժության հետ:
Վարազդատ Ղազանչյանը մահացավ 1974թ. հոկտեմբերի 19-ին: Իր ապրած տարիների ընթացքում նա այդպես էլ մի բան չկարողացավ լավ անել՝ լավ անգլերեն խոսել: Հենց այդ պատճառով պլաստիկ վիրահատության այս հսկա մասնագետն այդպես էլ չկարողացավ դասավանդել ու իր գիտելիքների հարուստ պաշարը լիարժեքորեն փոխանցել հաջորդներին: