Օրինականացված խաբեություն

01/06/2005 Արմեն ԱՂԱԲԵԿՅԱՆ

Սխալվում են բոլոր նրանք, ում կարծիքով Հայաստանի Հանրապետությունում
առավել շահավետ գործունեության տեսակներից են համարվում
հանքարդյունաբերությունը, էներգաարտադրությունը, թանկարժեք մետաղների
արտահանումը կամ ադամանդագործությունը: Վերջին 1,5 տարում առավել մեծ
շահույթ է ապահովում այնպիսի գործունեության տեսակ, ինչպիսին է կենսունակ
կազմակերպությունների արհեստական սնանկությունը, հետագայում դրանց
ձեռքբերումը ցածր արժեքով եւ մաս-մաս վերավաճառքը: Այս գործունեությունը
հանրապետության տնտեսական կյանքում դարձել է շահավետ բիզնեսի տեսակ՝
հաստատված «գներով» եւ պայմաններով: Հաշվի առնելով, որ այդ ճանապարհով
կազմակերպությունները ձեռք են բերվում իրենց արժեքի 1/10-ի չափով, իսկ դա
շահութաբերության բավականին բարձր մակարդակ է, ուստի այդ բիզնեսում
ներգրավվել ցանկացողների թիվը բավականին մեծ է: 2003թ. դեկտեմբերի 17-ին
ընդունված «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի որոշ
բացթողումները, ինչպես նաեւ՝ հանրապետության դատական համակարգի
առանձնահատկությունները, թույլ են տալիս ազատ դրամական միջոցներ եւ գրագետ
իրավաբաններ ունեցող խոշոր կազմակերպություններին եւ անհատներին՝ չափազանց
ցածր գներով եւ շահավետ պայմաններով ձեռք բերել իրենից արժեք ներկայացնող
գույք եւ սարքավորումներ: Այս գործընթացն իր հերթին բերել է սնանկության
հետ կապված մի ամբողջ համակարգի զարգացմանը, որն իր մեջ ներառում է նաեւ
խորհրդատու-մասնագետներին, որոնք հիմնականում նախկին դատավորներ են եւ
դատախազության աշխատողներ: Վերջիններս իրենց հաճախորդների համար փնտրում
են համապատասխան կազմակերպություններ, իսկ հետագայում ընտրում նաեւ
արտաքին կառավարիչներ:
Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ լավ օրենքները, որոնք մշակվել
են եւ արժանացել հավանության մեր օրենսդիրների կողմից, գործնական կիրառման
ժամանակ բավականին վնասաբեր են եւ վտանգավոր տնտեսության համար:
Իսկ ո՞րն է այս օրենքի թերությունը: Նոր օրենքի ընդունումից հետո պարզ
դարձավ, որ յուրաքանչյուր կազմակերպության հնարավոր է տանել սնանկության:
Ըստ վիճակագրության, եթե 2003 թվականին սնանկ է ճանաչվել 1333
կազմակերպություն, ապա 2004 թվականին, օրենքի կիրառումից հետո, սնանկ է
ճանաչվել 2048 կազմակերպություն, իսկ արդեն 2005թ. առաջին եռամսյակում՝
1580 կազմակերպություն:
Այստեղ հետաքրքրությունը կայանում է նրանում, որ նոր օրենքը դարձել է
իդեալական միջոց մրցակից ընկերությունների գնման համար: 2004 թվականից
կրեդիտորների համար եկան «երջանիկ օրերը», երբ արդյունավետ աշխատող
կազմակերպության նույնիսկ աննշան պարտքերը կարող են օգտագործվել արտաքին
կառավարիչ նշանակելու համար: Դատարանով նշանակված եւ կրեդիտորների շահերը
ներկայացնող արտաքին կառավարիչը շատ հաճախ զբաղվում է նրանով, որ իր
կողմից ղեկավարվող կազմակերպությունից դուրս է հանում առավել արդյունավետ
եւ շահութաբեր ստորաբաժանումները եւ իջեցված գներով վաճառում դրանք: Իսկ
դա ոչ մի առնչություն չունի նշված օրենքով ամրագրված նպատակների՝
վճարունակության մակարդակի բարձրացման եւ ընդհանուր տնտեսության
առողջացման հետ:
Այս օրենքի գլխավոր թերություններից մեկն էլ չափազանց պարզեցված
սնանկության ընթացակարգն է, որն ընդհանրապես հնարավորություն չի տալիս
պարտապանին կարգավորելու վիճելի մարումների հետ կապված հարցերը: Եվ եթե
վճարային պարտավորությունը, որը գերազանցում է նվազագույն աշխատավարձի
500-պատիկը (1100 ԱՄՆ դոլար), ժամկետանց է 30 եւ ավելի օր, ապա պարտատերը
կարող է առանց որեւէ խոչընդոտի սնանկության ճանաչման հայց ներկայացնել ՀՀ
Տնտեսական դատարան: Դատարանն էլ, այդպես էլ հաշվի չառնելով պարտապանի
բացատրությունները եւ չհետաքրքրվելով նրա ֆինանսական դրությամբ, ճանաչում
է կազմակերպությունը սնանկ եւ նշանակում է սնանկության գործով (արտաքին)
կառավարիչ: Իսկ արդեն կազմակերպության լուծարումից հետո Լուծարային
հանձնաժողովը կառավարչի գլխավորությամբ սկսում է վաճառել կազմակերպության
գույքը եւ այլ ակտիվները շուկայականից ցածր գներով:
Այսպիսով, ստացվում է, որ դատարանի դերն այստեղ սնանկության փաստի
հաստատման զուտ մեխանիկական գործընթացի ապահովումն է, քանի որ սնանկության
հայց ներկայացնելը գործնականում նշանակում է ճանաչել կազմակերպությունը
սնանկ: Տնտեսական դատարանի դերն այստեղ զրոյական է, այն դարձել է միայն
սնանկության փաստի ձեւական հաստատող, պարտապանի գույքի անօրինական վաճառքի
արդարացման եւ օրինական տեսք տալու համար:
Իսկ գուցե կազմակերպությունները այդպիսի հետեւանքներից խուսափելու համար
պետք է ընդամենը ժամանակի՞ն կատարեն իրենց վճարային
պարտավորությունները… Ցավոք, նույնիսկ վճարման ժամանակացույցի իդեալական
պահպանումը չի կարող երաշխավորել այդպիսի անախորժություններից: Սնանկ
կազմակերպությունների հետ կատարվող գործարքների շահութաբերությունն այնքան
է բարձր, որ գործի են դրվում նույնիսկ շինծու եւ կեղծ
պարտավորությունները, որոնք երբեմն դառնում են կազմակերպության
սնանկության ճանաչման իրական հիմք: Որը զարմանք չի հարուցում այն մարդկանց
մոտ, ովքեր ծանոթ են մեր դատական համակարգի գործունեությանը:
Անվճարունակության (սնանկության) մասին ՀՀ օրենքի առանձնահատկությունը
կայանում է նաեւ նրանում, որ այն չի տրամադրում պարտապանին դատարանում
պաշտպանվելու իրական հնարավորություն, այն դեպքում, երբ դատական
գործընթացի հիմնական սկզբունքը կողմերի իրավահավասարությունն է իրենց
իրավունքների պաշտպանության ժամանակ: Այս օրենքի բավականին խիստ
պայմանները չեն կոմպենսացվում պարտապանների իրավունքների պաշտպանությանն
ուղղված համապատասխան հոդվածներով, օրինակ, որպես այլընտրանք՝ ԱՄՆ-ում
ընդունված սնանկության մասին օրենքի 11 հոդվածի, համաձայն որի՝ պարտապանին
տրամադրվում է ժամանակավոր պաշտպանություն պարտատերերից մինչ ստեղծված
դրության փոփոխությանն ուղղված քայլերի իրականացումը:
Բավականին հայտնի է, որ յուրաքանչյուր շուկայական տնտեսությունում գործում
է սնանկության մեխանիզմը, որն ապահովում է ֆինանսական պարտավորությունների
կատարման կարգավորումը եւ նպաստում է դեպի արդյունաբերության առավել
հեռանկարային բնագավառներ ազատ դրամական միջոցների հոսքին: Բայց
Հայաստանում այդ մեխանիզմը իրականացնում է հակառակ գործընթաց:
Կազմակերպությունը չցանկանալով գնալ սնանկանալու կամ միաձուլվելու ռիսկին,
առավել դժկամորեն է ֆինանսական կազմակերպություններից կամ անհատներից
ներգրավում դրամական միջոցներ: Քանի որ պարտավորությունների մարման
ժամանակացույցից մի աստիճան շեղումն անգամ կարող է բերել կազմակերպության
գործունեության դադարեցմանը եւ սնանկությանը: Եվ սա պատճառ է հանդիսանում,
որ դանդաղի ֆինանսական միջոցների հոսքը եւ տնտեսության զարգացման
ընդհանուր դինամիկան:
Այսպիսով, պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում սնանկության
մեխանիզմը գործում է միայն ադմինիստրատիվ մեծ ռեսուրս եւ «նպատակահարմար»
դատական վճիռներ ընդունելու իրավաբանական փորձ կուտակած խոշոր կապիտալի
շահերից: Եվ այն, որ օրենքի հետագա կիրառումը կբերի բիզնեսի առավել
խտացմանը մի քանի խոշոր ֆինանսա-արդյունաբերական խմբավորումների ձեռքում
եւ տնտեսության առավել մոնոպոլիզացմանը, առավել մեծ վտանգ է ներկայացնում
առանց այդ էլ մոնոպոլիզացումից տուժած Հայաստանի տնտեսության համար: