«Մեզ համար պարզ է»

02/09/2008

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ, եւ այս պահի դրությամբ սպանության մեղադրանքով ձերբակալվածներ չկան: Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսը պատրաստվում է սեպտեմբերի 4-ին ներկայացնել մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված սեփական հետաքննության արդյունքները: Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ իրենց համար մարտի 1-2-ի իրադարձությունների հիմնական պատկերն արդեն պարզ է: «Ես կարող եմ հիմա քաղաքական գնահատական տալ, իրավականը կթողնենք մեր մասնագետներին: Քաղաքական գնահատականը հետեւյալն է. մարտի 1-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա սկզբում ջարդ` առավոտյան ժամը 6-ին, իսկ երեկոյան` սպանդ: Այս վարչախումբը, տեսնելով, որ համաժողովրդական բողոքի ալիքը բարձրանում է, եւ վախենալով Սահմանադրական դատարանում իր համար ոչ ցանկալի վճռից, ըստ էության, այս ջարդի եւ այնուհետեւ սպանդի միջոցով կասեցրել է քաղաքական գործընթացները, երկրում մտցրել է արտակարգ դրություն եւ սկսել է տոտալ քաղաքական տեռոր ողջ հանրապետությունով մեկ` Լ. Տեր-Պետրոսյանի համակիրների, կողմնակիցների, ակտիվիստների, նույնիսկ նրանց հարեւանների, տաքսու եւ միկրոավտոբուսների վարորդների, բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննությանը, ապա, ըստ Արման Մուսինյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործն ընդամենը դարձել է գործիք ընդդիմությանը ահաբեկելու համար. «Եվ մինչեւ օրս էլ` արդեն 6 ամիս, ծառայում է նրան, որպեսզի մեր ընկերները շարունակեն պատանդ պահվել բանտերում, իսկ ընդդիմության նկատմամբ այս քրեական գործը ծառայեցնել որպես գործիք քաղաքական ռեպրեսիաների: Փորձում են իրենց վրայից հանել 10 մարդու գնդակահարության մեղավորությունը` 10 մարդու սպանության գործերով որեւէ լուրջ առաջխաղացում չկա, քննչական մարմինները, ըստ էության, փորձում են մոռացության մատնել այդ գործոնը: Եթե նրանք գտնեն այդ փամփուշտն արձակած զինվորականին կամ ոստիկանին, այնուհետեւ պետք է, պարտավոր են հասկանալ` ով է նման հրաման տվել, եւ դա նրանց համար, այս քաղաքական իշխանության համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ, որովհետեւ այդ կծիկը կարող է բացվել եւ բարձրանալ մինչեւ ամենավերին օղակները»,- ասել է Ա. Մուսինյանը: