Վերջին 2-3 շաբաթների իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի մնաց՝ արդյո՞ք մեր երկրում վառելիքային ճգնաժամ էր, թե՞ ոչ։ Օրինակ, այս պահին, երբ գրում եմ այս տողերը՝ իմ մտքում մի հարց է՝ կկարողանա՞մ արդյոք լիցքավորել մեքենան եւ հասնել տուն, որովհետեւ առավոտյան ինձ չհաջողվեց բենզին ճարել։
Սակայն, դատելով մեր պաշտոնյաների եւ, առաջին հերթին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերից, ոչ մի ճգնաժամ էլ չկա։ Ավելին, վարչապետը «ամենապրիմիտիվ պրովոկացիաներ» է համարում այն ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք փորձում են հայաստանյան վիճակը նույնացնել ճգնաժամի հետ։ «Կային լրատվամիջոցներ, այդ թվում եւ՝ արտասահմանյան, որոնք, չգիտես ինչու, վերջին օրերի ընթացքում կաշվից դուրս էին գալիս՝ ապացուցելու, որ մենք ունենք լուրջ պրոբլեմներ, որ մեզ սպասում են ցնցումներ, որ գները պետք է անպայման բարձրանան եւ այլն: Ջանք չէին խնայում այդպիսի տրամադրություններ ստեղծելու: Սա ամենապրիմիտիվ պրովոկացիա է, որի նպատակը ոչ թե իշխանություններին թուլացնելն է, այլ մեր պետությունը թուլացնելը, որովհետեւ արտակարգ իրավիճակներում իշխանությունները չեն թուլանում, նրանք համախմբվում են: Իսկ նման աշխատաոճ ընտրած լրատվամիջոցների նպատակը հասկանալի է, դա` այդպիսի պրովոկացիոն հաղորդումներ կազմակերպելը, ամենեւին էլ չի բխում մեր հասարակության շահերից»,- կառավարության վերջին նիստում ասել է Տ. Սարգսյանը։ Իսկ ճգնաժամ, պարզվում է, չկա՝ ամեն ինչ նորմալ է եւ կայուն։ Երբ, օրինակ, ՀՀ շարքային քաղաքացի Պողոսը, հավատալով մեծ ու փոքր չինովնիկների հավաստիացումներին՝ պլանավորում է հաջորդ օրվա անելիքները, ու մեքենան ավտոտնակից հանելուց 10 րոպե անց գլխիկոր կանգնում է «բենզին չկա» ցուցանակի մոտ, դա լուրջ պրոբլեմ չէ։ «Եկեք արձանագրենք մի փաստ՝ արդյոք երեք շաբաթվա ընթացքում մեր հասարակությունը զգո՞ւմ էր ցնցումներ, խաթարվե՞լ էր մեր քաղաքացու բնականոն կենցաղը: Իհարկե, ոչ»,- կառավարության նիստում ասել էր Տ. Սարգսյանը։ ՀՀ Կառավարության անդամներն էլ, ում դիմում էր Տ. Սարգսյանը, ՀՀ քաղաքացիներ են, արդյոք նրանց բնականոն կյանքը խաթարվե՞լ է։ Իհա՛րկե ոչ։ Արդյոք նրանց ուղեկցող ջիպերի թիվը գոնե մեկով պակասե՞լ է, իհա՛րկե ոչ։ Իսկ Պողո՞սը, ով շտապում էր կարեւոր հանդիպման ու զրկվեց մի կարեւոր գործից, որը կարող էր էապես բարելավել նրա կյանքը, կամ՝ պայմանավորված էր սիրած աղջկա հետ, կամ պետք է շտապ հասներ հիվանդանոցգ Խաթարվե՞ց նրա բնականոն կյանքը։ Նայած՝ ում համար «բնականոն կյանք» ասածն ինչ է նշանակում։ Ինչեւէ, անցնենք առաջ, մանավանդ որ, ամենեւին մտադիր չենք պրովոկացիաներ անել ու թուլացնել պետության հիմքերը։
Վարչապետին դուր չէր եկել ոչ միայն ԶԼՄ-ների, այլեւ՝ ընդդիմության վերաբերմունքը. «Ցավոք, մեր ընդդիմախոսները նույնպես փորձում էին այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել` համեմատություններ անցկացնելով անցյալի հետ, որոնք ուղղակի ժպիտ են առաջացնում, երբ հիշում ենք, թե ինչպե՞ս էին իրենք արտակարգ իրավիճակներում կարգավորում մեր երկիրը, հայտարարելով, որ բենզինի 1 լիտրը 1000 դրամ է եւ ավելին, որ կառավարությունը ի վիճակի չէ կառավարել այս իրավիճակում: Մյուս կողմից` մեզ «խորհուրդներ» էին տալիս, թե ինչպես պետք է կառավարենք այս իրավիճակում: Ցավալի է: Ես ափսոսանք եմ հայտնում այսպիսի իրավիճակի կապակցությամբ»,- ասել էր նա՝ նկատի ունենալով Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունները՝ Վրաստանում ստեղծված վիճակի, Հայաստանի փաստացի շրջափակման եւ «տակից» լիտրը 1000 դրամով վաճառվող բենզինի մասին։ Ավելին, Տ. Սարգսյանը նաեւ համեմատություններ էր անցկացրել հարեւան երկրների ընդդիմությունների հետ՝ իհարկե, ի վնաս մերոնց. «Չափազանց կարեւոր է, թե ինչպիսի՞ն է հասարակության կեցվածքն արտակարգ իրավիճակներում: Եկեք նայենք, թե ինչպիսի՞ն էր ընդդիմության կեցվածքը Վրաստանում, ինչպիսի՞ն էր Ադրբեջանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, ու համեմատենք, թե ինչպիսի՞ն էր ընդդիմության կեցվածքը Հայաստանի Հանրապետությունում»։
Շատ հետաքրքիր համեմատություն է, եթե հաշվի չառնենք մի քանի հանգամանք։ Նախ՝ Վրաստանի եւ Ռուսաստանի պարագայում համեմատություն անցկացնելը թերեւս այնքան էլ տեղին չէ այն պատճառով, որ այդ երկրները գտնվում էին փաստացի պատերազմի մեջ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին, ապա այս երկրների ընդդիմության հետ համեմատություններ անցկացնելուց առաջ երեւի ավելի ճիշտ կլիներ զուգահեռներ անցկացնել իշխանությունների միջեւ։ Այս երկու երկրները գոնե կողմնորոշվել են, հստակ դիրքորոշում են արտահայտել վրաց-ռուսական հակամարտության հարցում, իսկ մերոնք մինչ այժմ լռում են։ Եվ բացի այդ, այս երկրներում նման ճգնաժամ չի եղել, եւ առիթից օգտվող, բենզինի 1 լիտրը 1000 դրամով վաճառող եւ այդ բենզինի հետ ինչ ասես խառնող մարդիկ չեն եղել։
Հիմա վերադառնանք «խորհուրդներին», որոնցից այդքան դժգոհում էր վարչապետը։ Պարզվում է՝ ընդդիմության խորհուրդներից դժգոհող իշխանությունն առանց ավելորդ ձեւականությունների այժմ ընդունում է նույն այդ ընդդիմության՝ դեռ «էն գլխից» տված խորհուրդները։ Նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու մասին, նրան մեղադրում էին դավաճանության մեջ։ Իսկ այսօր որպես ձեռքբերում է ներկայացվում այն, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը եւ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 6-ին Երեւանում կդիտի Հայաստան-Թուրքիա խաղը։
Եվ այս համատեքստում ի հայտ է գալիս ամենապարադոքսալը։ Ընդդիմությունը, որին ՀՀ վարչապետը մեղադրում է պրովոկացիաներ կազմակերպելու եւ քաղաքական դիվիդենտներ հավաքելու մեջ, Թուրքիայի նախագահի այցի կապակցությամբ հետաձգում է սեպտեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքն ու Հյուսիսային պողոտայի նստացույցը՝ իր որոշումը բացատրելով երկրի միջազգային վարկով մտահոգված լինելով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը լինելու հանգամանքով եւ դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որեւէ միջոցառում չստվերելու ցանկությամբ։ Իսկ իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն ետ չի կանգնում Գյուլի՝ Հայաստան գալու դեպքում բողոքի ակցիաներ կազմակերպելու մտքից։ Սա՝ այն դեպքում, երբ Ս. Սարգսյանը թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում նշել էր, թե «ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն հենց իմ դեմ, որովհետեւ ես եմ հրավիրողը»: Ի դեպ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանի մեկնաբանությունն էլ օրիգինալ էր, թե` մենք մտադիր չենք մարդ սպանել, գլուխ ջարդել եւ տարբեր վայրենություններ անել։ Բոլորն են հասկանում, որ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու պատճառը ոչ թե խաղի ժամանակ ադրենալինի քանակը մեծացնելն է, այլ այն ունի շատ ավելի լուրջ եւ խորը նպատակներ։ Վերջին իրադարձություններից հետո ավելի ակնհայտ երեւաց, թե ինչ է նշանակում հարեւան երկրի հետ փակ սահման ունենալը։ Փաստորեն, Գյուլի այցից էապես կախված է մեր երկրի տնտեսական անվտանգության հարցը, ինչն այսօր գրեթե զրոյական մակարդակի վրա է։ Համաձայնեք, որ այս հարցն ավելի կարեւոր է, քան 1000 դրամով վաճառվող անորակ բենզինը։
Եվ ինչ է ստացվում՝ պետության համար անչափ կարեւոր նշանակություն ունեցող հարցում ընդդիմությունը Ս. Սարգսյանի հետ համաձայն է, իսկ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն՝ ոչ։ Խնդիրը ոչ թե Գյուլին Հայաստան հրավիրելու որոշման ճիշտ կամ սխալ լինելն է, այլ՝ այդ հարցի շուրջ ՀՀ ընդդիմության եւ իշխանական կուսակցության դիրքորոշումները։ Նման դեպք պատմության մեջ հազվադեպ է հանդիպում։
Ու շատ հետաքրքիր է՝ եթե Գյուլն այնուամենայնիվ գա Հայաստան, ու ՀՅԴ-ն, իր խոսքի տերը լինելով, «ոչ քաղաքակիրթ վերաբերմունք» ցուցաբերի, արդյո՞ք մեր վարչապետը կառավարության նիստի ժամանակ հատուկ ուշադրության կարժանացնի այդ քայլը՝ զուգահեռներ անցկացնելով այլ երկրների կոալիցիոն գործընկերների միջեւ։ Կապրենք` կտեսնենք։ Ամեն դեպքում՝ դա չափազանց բարդ կլինի, որովհետեւ նման օրինակներ գրեթե չկան։