ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը սեպտեմբերի 4-ին ժամանելու է Երեւան: ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության բաժնի տնօրեն Կլաս Բերգմանի հավաստմամբ` այցի նպատակն է քննարկել եւ տեղեկություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա վերջերս նշանակվել է նաեւ Վրաստանի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ, եւ այդպիսով` նա պատասխանատվություն է ստանձնել ողջ Հարավային Կովկասի համար: Երեկ Գ. Լենմարկերն այցելել է Ադրբեջան, շաբաթվա ընթացքում նա կայցելի Վրաստան, այնուհետեւ` Հայաստան եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը հանդիպումներ է ունենալու ՀՀ իշխանությունների հետ: Ի դեպ, սեպտեմբերի 18-21-ը նա հանդես է գալու Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկույցով: