Վրաստանից իրականացվող հայկական բեռների փոխադրումը կարծես կրկին իր սովորական հունով է ընթանում: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ սա ասաց Հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վոլոդյա Բադալյանը` միաժամանակ հավելելով, թե իրավիճակն այնպիսին է, որ ամեն վայրկյան կարող է որեւէ խնդիր առաջանալ:
«Oգոստոսի 16-ին, երբ երկաթուղայինի կամուրջը պայթեցվեց, Վրաստանի երկաթուղու վարչության պետը զանգահարեց եւ օգնություն խնդրեց, որպեսզի վերականգնվի երկաթուղին եւ իրականացվի բեռնափոխադրումը դեպի Հայաստան եւ Ադրբեջան: Կամուրջի հիմնական վերանորոգումը դեռեւս մեկ ամիս կտեւի, սակայն բարեբախտաբար կամուրջին հարակից կար հին կամուրջ, եւ պետք էր շրջանցիկ ճանապարհ: Ամսի 22-ին արդեն այն պատրաստ էր: Այդ օրերին մեծ կուտակումներ էին լինում, սակայն ամսի 25-ից սկսեցին կրկին բեռների փոխադրում իրականացնել»,- ասաց նա` ավելացնելով, որ շրջանցիկ ճանապարհով Հայաստան է տեղափոխվել շուրջ 68 վագոն բենզին եւ 350 վագոն ցորեն: Ընդհանուր առմամբ` 982 վագոն բեռ: «Բեռ փոխադրողները մասնավոր անձինք են, որոնցից յուրաքանչյուրը մի բան է ներկրում: Ովքեր ակտիվ կարողանում են պատվիրել բեռներ, կարծում եմ` խնդիրներ չեն ունենում: Երեկվա դրությամբ, իմ տեղեկություններով, կուտակումներ չունենք: Ամսի 3-ին Հայաստանում կրկին կլինի 2500 տոննա բենզին: Իհարկե, ճանապարհները շատ բարդ են, ու չի կարելի ասել, որ ինչ-որ բան չի կատարվի, բայց ամեն ինչ կարծես հունի մեջ է մտնում»,- ասաց նա: Վերջերս մի շարք հասարակական կազմակերպություններ հարց բարձրացրին այս օրերի ընթացքում որպես այլընտրանք Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին: Արձագանքելով նրանց կոչին, Վ. Բադալյանն ասաց. «Այսօր միակ սնուցող ճանապարհը Վրաստանի հետ ճանապարհն է, որին միշտ հնարավոր է տարբեր ձեւերով ինչ-որ բան պատահի: Այսօր կա խնդիր նաեւ մտածելու դեպի Պարսկաստան երկաթուղայինի շինարարություն ձեւավորելու մասին: Ինչքան տարանցիկ ճանապարհներ ունենանք, այնքան մեր երկիրը կզարգանա»: Արդյոք Վրաստանի իշխանություններն այս պահին ինչ-որ չափով կարո՞ղ են երկաթուղու անվտանգությունն ապահովել: Այս հարցին ի պատասխան, Վ. Բադալյանն ասաց, թե իր կարծիքով` Վրաստանում կարճատեւ պատերազմ է, այդ պայմաններում որեւէ մեկը որեւէ բանի անվտանգությունը չի կարող ապահովել: Ի դեպ, նա գտնում է, որ մենք այս իրավիճակում պետք է միջնորդի դերում լինենք: «Դեռ երեք տարի առաջ ռուսական եւ վրացական կողմի հետ հասանք նրան, որ կարելի է Աբխազիայի երկաթուղու ճանապարհը բացել: Մենք բոլորի կողմից ենք` եւ՛ նրանց, եւ՛ նրանց: Բայց իրենց հարցերը պետք է իրենք լուծեն: Ես չեմ գտնում, որ այլ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ մենք կարող ենք մասնակցել»,- ասաց նա: «Անցած օրերի ընթացքում եղե՞լ են դեպքեր, որ վրացական կողմը ցանկություն հայտնի վառելիքի հետ կապված գործարքներ իրականացնել, Հայաստան բերվող վառելիքից գնել». այս հարցին ի պատասխան էլ՝ Վ. Բադալյանն ասաց, թե նման դեպքեր եղել են: «Հայկական կողմը բենզին ձեռք է բերում վրացական ընկերությունից, որն իր փողով առնում է, բերում մինչեւ մեր սահմանն ու ասում` գնեք: Մասնավոր անձը բերել է, այդ պահին եւ՛ այնտեղ է պետք եղել, եւ՛ այստեղ, վաճառել է: Դա քվոտա չի, մասնավոր անձինք են, որոնք կարող են վաճառել նրան, ով շուտ փող տա: Ամեն դեպքում այս ամբողջ ընթացքում մի դեպք եղավ, որ 2800 տոննա բենզինը պիտի գար Հայաստան, 1800-ը եկավ Հայաստան, 1000-ն առան վրացիները»,- ասաց նա: Ի դեպ, Հայաստանից արտահանվող ապրանքն էլ, Վ. Բադալյանի վստահեցմամբ, կրկին մասնավոր արտահանողից է կախված: «Այսօր շինարարությունը կանգնել է եւ՛ Վրաստանում, եւ՛ այլ վայրերում: Հայաստանից մեծածավալ արտահանվում է ցեմենտ, հանքանյութ, որոնք հիմա էլ արտահանվում են: Իհարկե, այս ընթացքում պակասել էր արտահանումը, բայց հիմա կրկին վերականգնվում է»,- ասաց նա: