Տնտեսապես ակտիվ
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Աշխատանքային շուկան
ՀՀ-ում» ձեռնարկ։ Այս ուսումնասիրությունը հնարավոր է, որ օգնի որեւէ կերպ
ընկալել (կամ հասկանալ) մեր տնտեսական կյանքը։ Հնարավոր է եւ հակառակը։
Առավել անբացատրելի կդարձնի այն մետաֆիզիկական պատկերը, որը մասնագետներից
ոմանք «Հայաստանի տնտեսություն» են կոչում։ Նախ՝ հավատարիմ մնալով
մարդահամարի հայտարարած 3 մլն-ը գերազանցող թվին, հայտարարվում է
հետեւյալը. 2004թ. աշխատունակ տարիքից ցածր բնակչության (սովորական մարդը
կասեր՝ երեխաների) թիվը 786 հազար է։ Աշխատունակ տարիքից բարձր
(թոշակառու) 423 հազար մարդ կա երկրում։ Փոխարենը՝ 2 մլն աշխատունակ
բնակչություն ունենք։ Փաստորեն՝ հայտարարվում է, որ տնտեսապես ակտիվ է
երկրի բնակչության 60%-ը։ Սրա հետ դժվար է չհամաձայնել։ Ըստ Ազգային
վիճծառայության՝ Հայաստանում զբաղված է (աշխատանք ունի) մոտ 1 մլն 200
հազար մարդ։ Այ, սրա հետ համաձայնել դժվար է։ Հատկապես, որ ըստ մեր
վիճակագիրների՝ մոտ 300 հազար մարդ թաքցնում է իր աշխատանք ունենալու
փաստը։ Ըստ որում, թաքցնում է ոչ միայն Վիճծառայությունից, այլեւ՝ հարազատ
պետությունից՝ Հարկային, Սոցապ եւ այլ մարմիններից։ Մոտ մեկ շաբաթ առաջ
աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը նշեց, որ երկրում ընդամենը
450 հազար աշխատատեղ կա։ Հավանաբար այս թիվը հաշվի առնելով՝ ՀՀ վարչապետը
տխուր եզրակացություն էր արել, որ «7-8 տարի հետո Հայաստանում սոցիալական
ծրագրերն անհնար է»։ Իսկապես 450 հազար աշխատատեղով 3 մլն-անոց երկիր
պահել-կերակրելը համարյա անհնար գործ է։ Մեր վիճակագիրներն ի հակառակ՝
նախարարի եւ վարչապետի աշխատանք ունեցողների թիվը 2,5 անգամ ավելի են
հրապարակում մի պարզ հնարքի միջոցով։ Մի քանի տարի առաջ որոշվեց, որ
գործազրկությունը զուտ քաղաքային երեւույթ է։ Գյուղացին հող ունի եւ չի
կարող գործազուրկ համարվել՝ մասնագիտությունից եւ այլ մանր-մունր
պատճառներից անկախ։
Հող մշակողներն ու սպասարկողները
Վիճակագրական այս հնարքի շնորհիվ զբաղվածության հիմնական ոլորտը,
բնականաբար, գյուղատնտեսությունն է։ Աշխատանք ունեցողների մոտ կեսը (46%)
պաշտոնապես այդ ոլորտին է բաժին ընկնում։ Որպեսզի երկրի զուտ ագրարային
ընկալումն ամբողջական չլինի, նշվում է, որ արդյունաբերությունում զբաղված
է աշխատողների 13%-ը։ Սպասարկման ոլորտում զբաղվածների տեսակարար կշիռը
շատ ավելի է՝ 22%։ Օր օրի շատացող խաղատների, ռեստորանների ֆոնին սա
բավական նման (իրական) ցուցանիշ է։ Բայց, որպես տնտեսությունը բնութագրող
երեւույթ, դժվար է միանշանակ ասել, լա՞վ է, թե՞ վատ։ Ի վերջո, այդ ոլորտը
ՀՆԱ կոչվող տնտեսական ցուցանիշը մեծացնում է։ Փոխարենը իրական տնտեսական
բարիք չի ստեղծում։
Պետական հիմնարկներում աշխատողները 23% են։ Նրանցից պետական
կառավարման ոլորտում է աշխատուժի 8%-ը։ (Ի հակառակ պետական ապարատի
կրճատման տարփողվող լոզունգների)։ Պարզվում է, որ պետական
վիճակագրությունն ակնհայտ հակասում է չինովնիկների շատ
հայտարարությունների։ Նրանք, օրինակ, ուրախ-ուրախ նշում են, որ տարեկան
3-5%-ով կրճատվում է աղքատ բնակչության թիվը։ Փոխարենը պաշտոնական
վիճակագրությունը հայտարարում է, որ Հայաստանում աշխատողների 50%-ից
ավելին ամսական ստանում է 10-30 հազար դրամ աշխատավարձ։ Ինչի հաշվին է
իսկապես կրճատվում աղքատությունը եւ ինչպես են իշխանությունները պայքարում
աղքատության կրճատման դեմ, կդիտարկենք առանձին։
Ինչպե՞ս թաքցնել
Իսկապես դժվար է պատկերացնել, որ 450 հազար աշխատատեղ ունեցող երկրում 300
հազար մարդ կարողանում է թացքնել իր զբաղված լինելու փաստը։ Բայց որ դա
հնարավոր է, կարելի է հասկանալ պետական վիճակագրությունն ուսումնասիրելիս։
Շինարարության այսօրվա տեմպերը տեսնելիս, դժվար է հավատալ այն փաստին, որ
ոլորտում զբաղվածները ընդհանուրի 3%-ն են կազմում։ Եթե այս ցուցանիշը ճիշտ
է, կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովի համար հատուկ կարելի է ընդգծել,
որ շինարարությունն ամենակոռումպացված ոլորտն է։ Կրթական ոլորտում տեղի
ունեցածը մանկական խաղ է։ Հատկապես, որ վիճակագրությունն ընդգծում է եւս
մեկ հետաքրքիր փաստ։ Կադրերի հոսունությունը (աշխատանքի
ընդունվել-ազատվելը) շինարարության մեջ առասպելական է՝ մոտ 85%։ Այս բարձր
ցուցանիշը բացատրվում է 2 պատճառով։ Նախ՝ երկրի շինարարական որակյալ
աշխատուժը վաղուց արտագաղթել է, եւ շինարարությունում այսօր փորձում են
աշխատանքի անցնել հիմնականում ոչ մասնագետներ։ Աշխղեկները մեկ ամսվա
ընթացքում, բնականաբար, ազատվում են այդ պատահական ուստեքից։ Մյուս մասն
էլ ինքնուրույն է հեռանում աշխատանքից՝ աշխատավարձերի տեւական ձգձգումների
պատճառով։ Այս երկու պատճառներով է բացատրվում նաեւ աշխատուժի բարձր
հոսունությունը սպասարկման ոլորտում՝ 21%։
Ինչպե՞ս պայքարել
Կոռուպցիայի մշտական ուղեկից՝ ստվերային տնտեսության դեմ պայքարը ԿԲ-ին
«ստիպում է» արժեւորել դրամը, մասամբ նաեւ՝ փոխանակման կետերը փակելու
միջոցով։ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի հրապարակած տվյալներով դոլարի կանխիկ
շրջանառությունը 1 մլրդ-ից ավելի է։ Պաշտոնական տվյալներով՝ աշխատավարձ
ստացողների 50%-ից ավելին 10-30 հազար դրամ են ստանում։ Երկրում, ուր
աշխատավարձերն այդքան ցածր են, իսկ արտարժույթի շրջանառությունն այդքան
մեծ, խելոք տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ բնակչության
մեծ մասն ապրում է դրսից եկող օգնությունների հաշվին։ Տրամաբանական կլիներ
ենթադրել, որ օգնության տարադրամի արժեզրկումը խորացնում է աղքատությունը։
Մինչդեռ իշխանություններն այլ կարծիքի են։ Տիգրան Սարգսյանն, օրինակ,
գտնում է, որ գների աճը «միջին հայկական ընտանիքի բյուջեի վրա էական
ազդեցություն չի թողնում»։ Մնում է միայն գտնել այդ միջին հայկական
ընտանիքը եւ պահել սեփական պատմության պետական թանգարանում։ Քանի դեռ այն
ռեստորան չի դարձել։