Արաբկիր համայնքում թաղապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը քարոզարշավի շրջանակներում համայնքի բակային հանդիպումների արդյունքներից բավական գոհ է:
«Ժառանգության» քարտուղար, Զ. Թադեւոսյանի նախընտրական շտաբի անդամ Ստեփան Սաֆարյանի հավաստմամբ` իրենց հաղթանակի շանսերը բավական լուրջ են, քանի որ իրենց հաջողվել է մարդկանց մոտ խանդավառություն առաջացնել: «Եթե առաջին օրերին հիասթափությունը գերիշխում էր մարդկանց մոտ, ապա բակային հանդիպումները բազմամարդ են, ինչը Զ. Թադեւոսյանի մրցակիցներին չի հաջողվում` անգամ նախապես կազմակերպելու պարագայում: Սրա պատճառն այն է, որ մեր ուղերձները հստակ ընկալվել են արաբկիրցիների կողմից, որ իրականում ընտրությունը իշխանության եւ ընդդիմության մեջ է»,- ասաց նա` հավելելով, որ Զ. Թադեւոսյանն այն այլընտրանքն է, որի վրա «ոչ իշխանության մարմինները, եւ ոչ այլ ոք չի կարող նալոգներ դնել»: «Հասկանում են բոլորը, որ այդ նալոգները տարիներ շարունակ եղել են համայնքի բյուջեի հաշվին: Ի դեպ, հիշեցնեմ, որ Արաբկիրում խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» զբաղեցրել է առաջին տեղը: Զ. Թադեւոսյանի հաղթանակի գործոնները բազմաթիվ են»,- հավաստիացրեց նա: Զոյա Թադեւոսյանն էլ կարեւորեց ՏԻՄ ընտրությունները` հավաստիացնելով, որ մասնակցելով համայնքի ընտրություններին, ընդդիմության ներկայացուցիչը կարող է շատ ավելի գործնական քայլեր անել: «Այստեղ կարելի է լավ աշխատել, աջակցել ժողովրդավարության հաստատմանը: Այստեղ թափանցիկ ընտրությունների միջոցով կարելի է ժողովրդին ցույց տալ, որ իրականում իշխանությունը ձեւավորողները հենց իրենք են: Պայքարը դժվարին է, քանի որ, երբ քո գործունեության սկզբունքը թափանցիկությունն է, հանդիպում ես բազմաթիվ խոչընդոտների, որոնք ուղղված են թափանցիկության դեմ: Ես աշխատում եմ կանխել այն ընտրակեղծիքները, որոնք իմ մրցակիցները փորձում են կապել մեր ժողովրդի վզին: Ժողովուրդը պետք է կանխի իրեն խաբելը` ուղղակի մերժելով ընտրակաշառքները»,- նշեց Զ. Թադեւոսյանը` ավելացնելով, որ իրենք թե՛ մամուլի, թե՛ նամակների միջոցով հայտարարել են, որ մեկ այլ թեկնածուի՝ Ալբերտ Երիցյանի համակիրները մարդկանցից նրանց անձնագրային տվյալներն են հավաքում` իբրեւ թե հաշվառում են անում կամ մարդահամար են անցկացնում: «Կազմում են համակիրների ծավալուն ցուցակ, ասում են` դրանց թիվը բավականին մեծ է: Համայնքում լուր է տարածվել, որ, իբրեւ, եթե 30.000 մարդկանցից բաղկացած ցուցակ ներկայացվի Սերժ Սարգսյանին, Ա. Երիցյանը կդառնա թաղապետ: Այդ ցուցակի մասին թերթերում գրվեց, որը փորձում էր կազմել Սոցապ նախարարության Կենսաթոշակային ծառայության աշխատակցուհին: Ցուցակ կազմելիս նրանք մեծահասակներին հաղորդում են, որ եթե նրանք տվյալ թեկնածուին չընտրեն, իրենց դատի կտան, քանի որ արդեն ստորագրել են: Չի կարելի, որ նման մեծահասակ մարդը` Ալբերտ Երիցյանը, իր ծնողի տարիքի մարդուն խաբելով ընտրող դարձնի»,- ասաց նա: Ս. Սաֆարյանն էլ տեղեկացրեց, որ իրենք տեղեկատվություն ունեն այն մասին, որ իրենց մրցակիցներն աշխատելու են ընտրակեղծիքներ կատարել` քվեարկություն անելով ուրիշի փոխարեն: Նա սակայն սպառնաց, որ դրա համար վերջիններս պատասխանատվության կենթարկվեն, քանի որ իրենք վերահսկելու են գործընթացը: Ս. Սաֆարյանը նշեց նաեւ, որ իրենք մի շարք դիմումներ են ուղղել ընտրատարածքի հանձնաժողովի նախագահին, որոնք վերաբերում են քարոզչության ընթացքում խախտումներ իրականացնելուն: «Կան բազմաթիվ բուկլետներ թե՛ ավագանիների, թե՛ թաղապետի թեկնածուների, որտեղ նշված չեն օրենքով այն պահանջները, որոնք պետք է լինեն պոստերների կամ բուկլետների տակ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սրանք բոլորը վերաբերում են ստվերային գումարներ ուղղորդելուն քարոզչության մեջ, դրանք նախընտրական հիմնադրամներում բնականաբար արտացոլված չեն: Ա. Երիցյանի մասով էլ` Երեւան քաղաքի մի ծայրից մյուսը նրա պոստերներն են, որոնք, կասկածում ենք, թե ներառված են նախընտրական հիմնադրամներում»,- ասաց նա: Զ. Թադեւոսյանն էլ այս կապակցությամբ նկատեց, որ հավանաբար Ա. Երիցյանը ՏԻՄ ընտրությունները շփոթել է նախագահական ընտրությունների հետ: Անդրադառնալով մյուս թեկնածու, գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին, Զ. Թադեւոսյանը նշեց, որ նա փորձում էր պահպանել հավասարակշռությունն ու խախտումներ թույլ չէր տալիս: «Բայց մի քանի օր առաջ մի շարք շենքերի շքամուտքերում հայտարարություն տեսանք, որտեղ թաղապետարանի կողմից շենքի բնակիչներին կոչ է արվում գնալ թաղապետարան` չեղյալ հայտարարելու նախորդ տարիների կուտակված գույքավարձն ու հողի հարկը: Չնայած այդ հարցը մենք բարձրացրել ենք, ու պատասխան է ստացվել, որ իբր ավագանին չորս ամիս առաջ էր որոշում կայացրել, բայց դա կարող էին առաջ իրականացնել: Կարիք չկար թողնեին մինչեւ ընտրությունների սկիզբը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հ. Շահինյանն անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ խոսքը ԲՇՏ-ներին ունեցած նախկին սպասարկման վարձի մասին է, որը սպառել է վաղեմության ժամկետը: Զ. Թադեւոսյանը նշեց նաեւ, որ մրցակիցները հավասար խաղի կանոններով պետք է պայքարեն: «Այս դեպքում նրանց կողմից այդ կանոնները խախտվել են, հետեւաբար ես նրանց ինձ մրցակիցներ չեմ համարում»,- ասաց նա: Նշենք, որ երեկվա ասուլիսի ասուլիսի ժամանակ Զ. Թադեւոսյանը փորձել է հերքել մամուլում հրապարակված այն լուրերը, թե անցած շաբաթ հանդիպում է տեղի ունեցել իր մերձավորների եւ Արաբկիրի թաղապետի մեկ այլ թեկնածուի՝ Ա.Երիցյանի միջեւ: «Ես նույնիսկ իմ կես րոպեն չեմ ծախսի գաղտնի հանդիպումների համար, քանի որ իմ գործունեության հիմնական սկզբունքը թափանցիկությունն է, եւ ես իմ յուրաքանչյուր գործողության համար պատասխանատվություն եմ կրում իմ ընտրողի առաջ: Այդպիսի գնահատականներ տվողներն ուղղակի իրենց մասին են բաձրաձայնում: Ես նման ստորությունների ունակ չեմ»,- ասել է նա` վստահեցնելով, որ ինքը Երիցյանին անձամբ չի ճանաչում, չի շփվել նրա հետ եւ որեւէ այլ թեկնածուի կամ քաղաքական գործչի գաղտնի հանդիպման հնարավորություն երբեք չի տվել ու չի տալու: Նրա հավաստմամբ` ինքն իրեն թույլ չէր տա գնալ գաղտնի բանակցության մեկի հետ, որին համարում է շատ անարժան թեկնածու: «Այս թեկնածուն բոլոր հնարավոր միջոցներով խաբում է ընտրողներին: Նմանները գալու են եւ էլ ավելի փչացնեն մեր երիտասարդությանը, իսկ ես դա համարում եմ ազգի նկատմամբ դավաճանություն»,- նշել է Զ. Թադեւոսյանը: