«Հանուն գոյատեւման սկզբունքի»

02/09/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարոն Հովհաննիսյան, Դուք եւ շատ այլ փորձագետներ կանխատեսել էիք Վրաց-ռուսական պատերազմը: Ստացվում է, որ Հայաստանն ուներ ժամանակ՝ փնտրել եւ գտնել թե՛ ալտերնատիվ ճանապարհներ, թե՛ մշակել ծրագրեր՝ Ղարաբաղի բանակցային գործընթացների նոր տարբերակների շուրջ:

– Բնականաբար՝ այո, եթե մենք ունենայինք ռեալ արտաքին քաղաքականություն, ինքներս մեր որոշումների տերը լինեինք, լուրջ վերաբերվեինք պետության շահերին եւ ոչ թե առաջնորդվեինք անձնական շահերով: Անշուշտ, հնարավոր կլիներ ալտերնատիվ ճանապարհներ գտնել, կուտակել պաշարներ, մշակել ծրագրեր՝ կապված աբխազական ճանապարհի դեբլոկադայի հետ, ինչը հնարավորություն կտար մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ ապահովել ցամաքային կապ, կազմել ԼՂ բանակցային գործընթացի հետ կապված մի քանի ալտերնատիվ ծրագրեր:

– Կա կարծիք, որ Հայաստանն այսօր Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով շահեկան վիճակում է: Դուք եւ՞ս այդպես եք կարծում:

– Չէի ասի: Կարծում եմ, որ իրավիճակը շահեկան է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սակայն հնգօրյա այս պատերազմը լարվածություն առաջացրեց ողջ տարածաշրջանում: Եվ այդ լարվածությունը կուտակվում է Հայաստանի շուրջ, մեր սահմանների պարագծով: Այստեղ կարեւոր նշանակություն է ձեռք բերում տարածաշրջանային անվտանգության համակարգը, որը գոյություն չունի: Մենք հայտնվել ենք երկու գլոբալ անվտանգության համակարգերի՝ ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգերի բախման կիզակետում: Սա չափազանց պրոբլեմատիկ իրավիճակ է ստեղծում: Այն, ինչ տեղի է ունենում, երեք ծովերի համակարգի համար մղվող պայքարի դրսեւորումներ են: Ավարտվեց բալկանյան բազմաթիվ հիմնախնդիրների լուծման հետ կապված գործընթացը, եւ հիմնական թատերաբեմը դառնում է Կովկասը՝ կապված երեք ծովերի համակարգի երկու էլեմենտների՝ Սեւծովյան եւ Կասպյան ավազանների հետ: Հայաստանն այդ երկու ավազանների մեջտեղում է: Սեւ ծովի ողջ ծովեզրը, փոքր բացառությամբ, արդեն ՆԱՏՕ-ական է, եւ հասկանալի է Ռուսաստանի ձգտումն՝ ամրապնդվել այս ափում, քանի որ հակառակ դեպքում՝ մնում են Նովոռոսիյսկի եւ Տուապսեի ափերը, ընդ որում, Ռուսաստանը, համաձայն Մոնտրյոյի պայմանագրի, գրեթե իրական հնարավորություններ չունի Սեւ ծով մտցնել իր ռազմական նավերը: Միակ էական ռազմական խարիսխը Սեւաստոպոլն է, որի պայմանագիրը 2017թ. ավարտվում է: Դրա ավարտով էլ Ռուսաստանը, փաստորեն, զրկվում է իր ռազմական խարիսխից Սեւ ծովում, որը չափազանց կարեւոր նշանակություն է ունեցել Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում: Հասկանալի է, որ Ռուսաստանը մի կողմից՝ պետք է ամրապնդվի աբխազական ծովեզրում, մյուս կողմից՝ փորձի իրեն ենթարկել Վրաստանը՝ ներգրավելով իր ազդեցության գոտու մեջ:

– Եվ մյուս կողմից էլ, թերեւս, փորձի փոխել ուկրաինական քաղաքականության ուղղվածությունը: Ամեն դեպքում, Ռուսաստանի՝ ռազմական գործողություններում ակտիվ միջամտությունը շատ փորձագետներ համարում են աշխարհի միաբեւեռության դեմ պայքարի փորձ:

– Չէ, աշխարհի միաբեւեռության այդ կեղծ իդեոլոգեմը քայքայվեց ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելուց հետո, երբ ԱՄՆ-ը, ելնելով Հարավսլավիայի հետ իրենց նախորդ փորձից, անտեսելով ՄԱԿ-ի եւ ԵՄ երկրների մեծամասնության կարծիքը, երկու վետոյի իրավունք ունեցող Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կարծիքները, միանձնյա որոշում կայացրեց եւ ներխուժեց Իրաք: Աշխարհը գրեթե միահամուռ բացասական արձագանք տվեց այդ գործողություններին: Այդ օրվանից միաբեւեռության իդեոլոգեմը չկա: Այլ հարց է, որ ԱՄՆ-ը մինչ այժմ պնդում է, որ ինքը միակ պետությունն է, որը գլոբալ պատասխանատվություն է կրում համաշխարհային պրոցեսների համար, ինչը, սակայն, մյուս մեծ տերությունները վիճարկում են:

– ՆԱՏՕ-ին անդամակցելուն ձգտում են Վրաստանն ու Ուկրաինան: Սակայն այս շարքում հաճախ հիշում են նաեւ Ադրբեջանը:

– Ես Ադրբեջանն այդ կազմի մեջ չէի ընդգրկի: Ադրբեջանը շատ ճկուն քաղաքականություն է վարում՝ ելնելով ածխաջրածնային իր պաշարների վաճառքի ենթակառույցներն ապահովելու նպատակից եւ ձգտելով կարեւոր տրանզիտային դեր կատարել ոչ միայն ռեգիոնալ, այլեւ համաշխարհային առումով: Այս տեսանկյունից, Ադրբեջանը գիտակցում է, որ ինքը չափազանց պահանջված է: Պարզ է, որ այս տարածաշրջանը կոնֆլիկտային առումով շատ ռեսուրսային է: Այսինքն՝ մեծ տերություններն այս կոնֆլիկտները դիտարկում են որպես իրենց քաղաքական ռեսուրս. կարող են վերահսկվող կոնֆլիկտը վերագործարկել կամ սառեցնել: Ռուսաստանը ներկա փուլում ձգտում է արեւմտյան այդ ռեսուրսը մեծ տերությունների եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ի ձեռքից վերցնել: Սա Ռուս-վրացական պատերազմի հիմնական նպատակն է՝ ոչնչացնել ռեսուրսը՝ այդպիսով նվազեցնելով նրանց ներկայությունն ու ազդեցությունը երեք ծովերի համակարգի ստեղծման խնդրում:

– Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ մեր երեք պետությունների կամ հենց Հայաստանի ջանքերը՝ վարել ինքնուրույն քաղաքականություն, դատապարտված են ի սկզբանե՞:

– Ոչ, վստահ եմ, որ եթե մեր երեք պետությունները սառը եւ ոչ սնապարծ քաղաքականություն վարեն, առաջնորդվեն տրամաբանությամբ եւ ոչ թե հին խնդիրներով, ապա նրանց միավորումը հնարավորություն կտա ստեղծել մի լուրջ խաղացող, ասենք՝ «Հարավկովկասյան միություն» անվանումով: Այս դեպքում առաջնահերթ է երկրների՝ կամավոր կերպով իրենց սուվերենության որոշակի մասից հրաժարվելը՝ հօգուտ այդ վերին, վերպետական մարմնի:

– Սակայն այս փուլում նման սցենարը գրեթե անհավանական է:

– Շատ լավ հիշում եմ, թե ինչ ֆանտազյոր էին համարում Ժան Մանեին, երբ նա այս գաղափարը Երկրորդ համաշխարհայինից հետո առաջարկեց նախ՝ Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային: Նրան համարում էին ֆանտազյոր, իդեալիստ, անհեթեթ գաղափարների հեղինակ, բայց տեսանք՝ ինչ եղավ. ստեղծվեց Եվրամիությունը եւ կա մինչ օրս: Կարծում եմ, ելնելով գոյատեւման կարեւորագույն սկզբունքից՝ այս երեք պետությունները ստիպված են լինելու գալ նման որոշման, եթե օգտագործեն իրենց առջեւ բացված հնարավորությունները: Բայց լավ կլինի դա շուտ տեղի ունենա եւ ոչ ուշ, քանի որ հնարավորությունները չեն կարող երկար սպասել:

– Այսօր խիստ հրատապ է համարվում Ադրբեջանին հակել՝ կնքել միմյանց վրա չհարձակվելու, փոխադարձ անվտանգության եւ ռազմական գործողություններ չսկսելու պայմանագիր: Նման գործողությունների հավանականությունն այնքան մեծ է, որ անհրաժեշտ է օր առա՞ջ նման պայմանագրի գոյությունը:

– Չեմ կարծում, որ այդպես է, սակայն նման պայմանագրի անհրաժեշտությունը կար դեռեւս 1994-ից: Երբ կրակի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրվեց, անմիջապես ծնվեց գաղափար՝ այդ փաստաթուղթն ամրապնդել առավել պարտավորեցնող փաստաթղթով, որը կունենա պայմանագրային ուժ, եւ այն կողմը, ով խախտի այն, կլինի միջազգային իրավունքի նորմերի խախտող: Սա բոլոր դեպքերում կլինի պրոդուկտիվ քայլ, կամրապնդի կողմերի փոխադարձ վստահությունը, ավելի լուրջ հիմքեր կստեղծի խաղաղ բանակցությունների առաջընթացի համար եւ սա կլինի Հարավկովկասյան միության ստեղծման հիմքը: Ճիշտ է, իրավիճակը հիմա դրա համար ամենեւին նպաստավոր չէ. Վրաստանն ունի իր խիստ բարդ խնդիրները, Հայաստանն ու Ադրբեջանը բաժանված են ԼՂ խնդրով, բայց նույն այդ Հարավկովկասյան միության ստեղծումը կլուծի նաեւ ղարաբաղյան խնդիրը, քանի որ չեն լինի ներքին սահմաններ, եւ այլն: Բայց, կրկնեմ, անվստահությունը, լարվածությունը, փոխադարձ վախը եւ արտաքին դերակատարների ներթափանցվածության մակարդակն այնքան բարձր են, որ նման ծրագրի մասին թեեւ խոսելն անհրաժեշտ է, սակայն, ապագայի հեռանկարով:

– Զրույցի սկզբում նշեցիք, որ եթե երկրների ղեկավարները մտածեն գլոբալ խնդիրների, այլ ոչ թե անձնական շահերի մասին, Հայաստանը հնարավորություն կունենար ճիշտ վերլուծել իրավիճակը եւ մեր երկրի համար շահեկան լուծումներ գտնել: Այս փուլում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ինչպե՞ս եք տեսնում:

– Ես որեւէ քաղաքականություն չեմ տեսնում: Շատ բացասական եմ գնահատում այս անգործությունը: Եվ ի՞նչ է լինելու. մենք փորձելու ենք ինչ-որ չափով հետաձգել Աբխազիայի եւ Օսիայի ճանաչումը, հետո մեր գազը կտրելու են, մի երկու կամուրջ է պայթելու, եւ մենք ստիպված ենք լինելու ճանաչել: Ինձ թվում է, որ այս հարցում կարեւոր է հռչակած հարցերին հավատարիմ մնալ. ազգերի ինքնորոշման սկզբունքը մեր արտաքին քաղաքականության հիմնաքարերից է, ուստի պետք է ճանաչվեն այդ սկզբունքի բոլոր նմանատիպ դրսեւորումները: Սակայն բանակցային դաշտում, իհարկե, կարեւոր նշանակություն են ձեռք բերում այնպիսի հարցեր, թե որքան է եղել յուրաքանչյուր տվյալ տարածքում բնակվող էթնիկական խմբերի հարաբերակցությունը, որքան է փախստականների թիվը եւ վիճակը, եւ այլն: Այս հարցերը քննարկելիս՝ հնարավոր է բանակցել: Սակայն մենք ստիպված ինչ-որ դեպքեր ճանաչելու ենք` առանց բանակցելու եւ ռեալ սակարկության, ինչ-որ դեպքեր էլ չենք ճանաչելու: Ահա սրանք են պասիվ քաղաքականության հնարավոր հետեւանքները: Չնայած, եթե հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավում տեղի ունենա, լրացուցիչ խաղի հնարավորություններ կստանանք: Մենք բոլորովին չենք օգտագործում մեր հարեւանությունն Իրանի հետ: Սա լրացուցիչ ռեսուրս է մեզ համար, նույն տիպի ռեսուրս, ինչպիսին նշում էի կոնֆլիկտների վերաբերյալ: Մենք շատ վատ ենք օգտվում հայ-թուրքական հարաբերությունների այս վիճակից: Թեեւ հավանական եմ համարում այդ հարաբերությունների լարվածության թուլացման հեռանկարները:

– Հայ-թուրքական լարվածության հնարավոր թուլացման մասին խոսում եք Գյուլի՝ Հայաստան գալու հրավերի ենթատեքստո՞ւմ, թե՞ ավելի լուրջ հեռանկարներ եք տեսնում:

– Ոչ: Ես չեմ կարծում, որ Գյուլն այնքան անլուրջ մարդ է, որ որոշի գալ Հայաստան՝ անտեսելով այստեղ Ցեղասպանության զոհերի հուշարձանի գոյության փաստը: Իսկ ես կարծում եմ՝ նա լուրջ մարդ է, եւ եթե շատ-շատ մեծ ճնշում չլինի, նա չի գա Հայաստան: Գալն ինքնըստինքյան լավ քայլ է:

– Հրավերը եւս լավ քայլ էր:

– Այո, հրավերը եւս լավ քայլ է: Հիմա գնդակն իրենց դաշտում է, բայց հրավերը զուգորդել պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հետ համաձայնելով՝ դա արդեն շատ վատ քայլ է: Այսինքն՝ մենք կոնտեքստից պիտի չհանենք հրավերը: Հրավերն ուղղվեց, բարի կամքի դրսեւորում էր, ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունը հարաբերությունների նորմալացման վերաբերյալ, բայց երբ մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների նորմալացնել հարաբերությունները, այդպես էլ պետք է շարունակել: Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը նախապայման է, որը չպետք է կատարվի: Մյուս կողմից, գործել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով, որը հասել է շատ լուրջ արդյունքների՝ ստեղծել է առաջին իրավական փաստաթուղթը, որը ցեղասպանությանը տվել է իրավական գնահատական, ստեղծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որը տրվել է երկու պետությունների ղեկավարներին: Այսինքն՝ հանձնաժողով արդեն եղել է, աշխատել է եւ իր գնահատականներն ու առաջարկներն արել է, ի՞նչ իմաստ կա ստեղծել եւս մի նոր հանձնաժողով: Կարծում եմ, հաջողության ենք հասնում այն դեպքերում, երբ մեր քաղաքական այրերը ելնում են պրոհայկական դիրքերից: Երբ փորձում են լինել օտարամետ, դատապարտված ենք կորուստների: Առաջնայինը ՀՀ շահերն են, ապա հայ ազգի՝ որպես համաշխարհային սփյուռք ունեցող ազգի անվտանգության համակարգն է, երրորդն արդեն մեր հարաբերություններից եւ մեր շահերից բխող բոլոր մոտեցումներն են:

– Կարո՞ղ է Հայաստանն այսօր իրեն թույլ տալ վարել մեր շահերից բխող քաղաքականություն, թե՞, որպես Ռուսաստանի «կրտսեր եղբայր», ակնկալում ենք, որ մեր փոխարեն որոշում կայացնելու պատասխանատվությունն ընկած է Կրեմլի վրա:

– Կարծում եմ, հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Հայաստանն աստիճանաբար կորցնում է իր ինքնիշխանությունը, եւ դա ակներեւ գործընթաց է, քանի որ արդեն տասը տարի է անցել, եւ այս ընթացքում մենք բավական լուրջ կորուստներ ենք ունեցել մեր ազատության եւ ինքնիշխանության տեսանկյունից: Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ունենա դաշնակիցներ, մեր ռազմավարական կարեւորագույն դաշնակիցը ՌԴ-ն է: Սակայն ամենակարեւորն այն է, որ Հայաստանն իրեն պետք է դրսեւորի որպես արժանապատիվ, ազատ եւ անկախ պետություն:

– Պատճառը, որ մեր երկիրն իրեն այնքան էլ արժանապատիվ չի դրսեւորում, թերեւս, մեր նախագահների հավերժական խնդիրն է՝ կապված լեգիտիմության բարդույթի հետ:

– Պատճառը կաշառակերության, ագահության, բարոյականության բազմաթիվ իրարամերժ ստանդարտների, հայտարարվող եւ իրականում գոյություն ունեցող արժեքային համակարգերի հակասության մեջ է:

– Երկրի նախագահը միասնության կոչ արեց: Որքանո՞վ է այդ միասնության խնդիրն այսօր կանգնած Հայաստանի առաջ:

– Հայաստանում այնպիսի իրավիճակ չէ, որը ստիպողաբար կոնսոլիդացնի հասարակությանն իշխանությունների շուրջ, ինչպես կարճ ժամանակով տեղի է ունեցել Վրաստանում: Վրաստանի Հանրապետական կուսակցության իմ բարեկամներից ստանում եմ նամակներ: Նրանք, շատ լավ գիտակցելով, որ Սահակաշվիլին մանկամիտ է, ավանտյուրիստ, ստիպված են կոնսոլիդացվել, քանի որ իրենց տարածքում կա օտար բանակ: Կարծում եմ, դա շատ շուտ կանցնի, քանի որ զոհված ռեզերվիստների ծնողները կբարձրացնեն իրենց զավակների նահատակության հարցը: