ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Նոր գիտելիքի եւ կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության, եւ այսօր, մեր երկրի համար այս կարեւոր ժամանակահատվածում, պետությանն ու հասարակությանը վիճակված է ավելի ամրապնդել արժեքային այդ համակարգի հիմքերը, արմատավորել հարգանքը մանկավարժի ու գիտության մարդու նկատմամբ եւ ամեն կերպ սատարել կրթության ու գիտելիքի վրա հիմնված հասարակության կայացմանը: Այս հանդիսավոր օրը, ողջունելով բոլորիդ, իմ շնորհավորանքն եմ հղում նաեւ նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին եւ այն պատանիներին ու աղջիներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարեւոր շրջան, եւ արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ»: Գիտելիքի օրվա կապակցությամբ երեկ ուղերձ է հղել նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: