ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2005թ. հունվար-մարտին
ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 8019.8 մլն դրամ: Տնտեսական աճը
կազմել է 15.6%: Նման աճի ապահովումը կառավարությունը պայմանավորում է
հարկերի աննախադեպ իջեցման քաղաքականությամբ եւ ներդրումների համար առավել
բարենպաստ պայմանների ստեղծմամբ:
Ղարաբաղում հայտնի գործարար, «Ղարաբաղ Գոլդ» գործարանի փայատեր եւ տնօրեն
Արայիկ Հարությունյանը, որը համարվում է ամենահաջողակ բիզնեսմեններից
մեկը, այլ կարծիք ունի եւ գտնում է, որ հարկային դաշտի թվացյալ արտոնյալ
պայմանները «կոմպենսացվում են» որոշ բարդություններով: «Ճիշտ է, իջեցվել
են հարկերը, սակայն հարկային վարչարարության բարդ մեխանիզմների պատճառով
կազմվում են ոչ հստակ հաշվետվություններ: Արդյունքում՝ «թույլ տված
սխալների» համար տուգանվում ես, իսկ տույժերի չափը շատ բարձր է: Կոշտ
վարչարարության եւ բարդ մեխանիզմների առկայության դեպքում, իմ կարծիքով,
ճիշտ չէ խոսել արտոնյալ ու բարենպաստ պայմանների մասին»,- մեր զրույցի
ժամանակ նշեց է Ա.Հարությունյանը: