ԱՄՆ-ից թռչնամսի եւ խոզի մսի ներմուծման կրճատումը ճգնաժամային իրադրություն չի ստեղծի ռուսաստանյան շուկայում, ընդհակառակը` միայն բարերար ազդեցություն կունենա ճյուղի վրա` կարագացնի աճի տեմպերը եւ կվերացնի ռուսաստանցի արտադրողների մոտ առկա իրացման խնդիրը: Այս մասին երեկ հայտարարել են ՌԻԱ «Նովոստիի» կողմից հարցված փորձագետները: «Մենք արդեն վաղուց ենք ՌԴ թռչնամսի ներկրումը կրճատելու հարց առաջադրում: Ներկայում թռչնամսի ռուսաստանցի արտադրողները դրա իրացման խնդիր ունեն: Ինֆլյացիայի աճի հաշվառմամբ պահանջարկը չի աճում, իսկ ճյուղի աճի տեմպերը 1998-ից տարեկան կազմում են 18-19 տոկոս: Բայց իրականում այսօր այդ ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել: Աճի տեմպերը հարկ է լինում զսպել 5-7, նաեւ 10 տոկոսով: Չէ որ, օրինակ, 2008թ. 300.000 տոննա աճից 200.000 տոննան մնում է պահեստներում»,- հայտնել է Ռուսաստանի Թռչնաբուծական միության գլխավոր տնօրեն Գալինա Բոբիլեւան: Նրա խոսքով` ճյուղի աճի տեմպերը զգալի են: «2012թ. մենք ծրագրում ենք հասնել 3,2 մլն տոննա արտադրության միագումար ծավալի: Եվ առհասարակ Ռուսաստանը կարող է իրեն ապահովել հավի մսով, դա արդեն ապացուցված է փորձով: Եվ այսօր, երբ մենք համապատասխանում ենք եվրոպական երկրների արտադրության ցուցանիշներին, ինչո՞ւ չգնալ դրան»,- նշել է փորձագետը: «Ներկայում ՌԴ հավի մսի ներմուծումը կազմում է 1,3 մլն տոննա, եւ դրա 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Հայրենական արտադրանքի նորմալ իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է ներմուծումը նվազեցնել առնվազն 500.000 տոննայով»,- ասել է նա` հավելելով, թե ներմուծման կրճատումը չի ազդի գների փոփոխման վրա: Իր հերթին Ռուսաստանի մսի միության նախագահ Մուշեղ Մամիկոնյանը ՌԻԱ «Նովոստիին» հայտարարել է, թե ԱՄՆ-ից ներկրվող մսի բաժնի նվազեցումը գնահատելու համար հարկավոր է ամբողջությամբ վերցված դիտարկել մսամթերքի շուկայի իրադրությունը: «Հասունացել է այն համաձայնագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությունը, որն ընդունվել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի միանալու ժամանակ եւ գալ որոշակի արդյունքների»,- նշել է գործակալության զրուցակիցը:
«Մենք կատարում ենք Ռուսաստանի վրա դրված պարտավորությունները, բայց աճի այն դինամիկայի պայմաններում, որը ցուցաբերում են ռուսաստանյան արտադրողները` 15 տոկոս, ինչը շատ լավ ցուցանիշ է, անհրաժեշտ է վերանայել պայմանավորվածությունների մի մասը: Ռուսաստանը ցանկանում է եւ կարող է ինչպես միս գնել, այնպես էլ այն վաճառել: Բայց այդ առեւտրական համաձայնագրերը չպետք է խոչընդոտեն սեփական արտադրության զարգացմանը»,- ասել է Ռուսաստանի մսի միության ղեկավարը:
«Մենք պարզորոշ տեսնում ենք զարգացման ռազմավարությունը: Այսօր ճյուղում զգալի ներդրումներ են կատարվում, հայրենական արտադրության հզորություններն աճում են»,- հավելել է Մամիկոնյանը: Ըստ նրա տվյալների` մսի բոլոր տեսակների գծով Ռուսաստան ներմուծումը կազմում է 30-35 տոկոս: 65 տոկոսն ապահովում է ռուսաստանյան արտադրողը: «Նկատի առնելով աճի այն տեմպերը, որ ցուցաբերում է ռուսաստանյան արտադրողը, մենք կարող ենք ավելի մեծ չափով հագեցնել շուկան: Բայց նաեւ ցանկանում ենք սեփական արտադրանքն արտահանելու հնարավորություն ունենալ»,- ասել է փորձագետը: