Վրաստանում ընթանում է «StopRussia» «Համերաշխության կենտրոնի շղթա» ակցիան: Թբիլիսիի բոլոր խաչմերուկներում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Երրորդության գլխավոր տաճարի ուղղությամբ ձեռք ձեռքի բռնած մարդիկ են կանգնած:
Նրանք վանկարկում են՝ «Կեցցե Վրաստանը», «Վրաստանը մերն է», «Ռուսաստանցի զավթիչներ, հեռացեք»: Թբիլիսիի պողոտաներում տրանսպորտի երթեւեկությունը սահմանափակված է: Ակցիայի մասնակիցների թվում են՝ Սուխիշվիլիի անվան ազգային բալետի անսամբլը, ֆուտբոլիստներ Արվելաձե եղբայրները, օլիմպիական չեմպիոններ, դերասաններ ու նկարիչներ, գրողներ ու երգիչներ: Ակցիայի մասնակիցների թվում են Վրաստանի կառավարության անդամներ: «Կենդանի շղթա» է կազմվել Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մի քանի վրացիներ հրապարակավ այրել են ռուսաստանյան անձնագրերը:
Համանման ակցիա է ընթանում նաեւ երկրի տարածաշրջաններում՝ Գորի քաղաքից մինչեւ Ինգուրի գետ, որով անցնում է վարչական սահմանը Աբխազիայի հետ: «StopRussia» ակցիայի կազմակերպիչները երեկ հայտարարել են, որ նման կենդանի շղթա է կազմվել նաեւ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ակցիան ընթանում է նաեւ Բրյուսելում, որտեղ ընթանում է Եվրամիության գագաթաժողովը: