Մեդվեդեւը թվարկել է

02/09/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո առաջին անգամ հրապարակել է այն «հինգ սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվելու է ՌԴ արտաքին քաղաքականությունը: Առաջինն, ըստ Մեդվեդեւի, այն է, որ` Ռուսաստանը ճանաչում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների գերակայությունը, որոնցով պայմանավորված է հարաբերությունները քաղաքակիրթ ժողովուրդների միջեւ: Երկրորդն այն է, որ, ըստ նրա` աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ. միաբեւեռությունն անընդունելի է: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող ընդունել այն աշխարհակարգը, որում բոլոր որոշումներն ընդունվում են մեկ երկրի կողմից, նույնիսկ այնպիսի լուրջ երկրի կողմից, որպիսին ԱՄՆ-ն է»: Երրորդ սկզբունքը` Ռուսաստանը ոչ մի երկրի հետ առճակատում չի ցանկանում: «Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ: Մենք Եվրոպայի ու ԱՄՆ-ի եւ աշխարհի մյուս երկրների հետ մեր բարեկամական հարաբերությունները կզարգացնենք այնքան, որքան հնարավոր է»,- ասել է Մեդվեդեւը:

Նա արտաքին քաղաքականության անվերապահ գերակայություն է համարել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու արժանապատվության պաշտպանությունը, «որտեղ էլ որ նրանք գտնվելու լինեն»: «Մենք պաշտպանելու ենք մեր բիզնես հանրակցության շահերն արտասահմանում: Եվ բոլորին պետք է հասկանալի լինի, որ բոլոր նրանք, ովքեր ագրեսիա կձեռնարկեն, պատասխան կստանան»,- հայտարարել է նա: Իսկ հինգերորդ սկզբունքը Մեդվեդեւը համարում է Ռուսաստանի շահերն իր բարեկամ տարածաշրջաններում: «Ռուսաստանը, ինչպես որ աշխարհի մյուս երկրները, ունի տարածաշրջաններ, որտեղ արտոնյալ շահեր կան: Այլ տարածաշրջաններում գտնվում են երկրներ, որոնց հետ կապված ենք բարեկամական հարաբերություններով»,- նշել է Մեդվեդեւը եւ հավելել, որ Ռուսաստանը «շատ ուշադիր աշխատելու է այդ տարածաշրջաններում»: