Անդրեյ Պլատոնով (1899-1951)

02/09/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Նորիցնոր, ինչպես եւ Դոստոեւսկու դեպքում, այդ վերաբերմունքն առ լեզու առավել հարիր է բանաստեղծին, քան վիպաgրին: Եվ իրոք, Պլատոնովը, ինչպես եւ Դոստոեւսկին, բանաստեղծություն էր գրում: Սակայն եթե կապիտան Լեբյադկինի ուտիճի մասին բանաստեղծությունների համար («Դեւերում») Դոստոեւսկուն կարելի է համարել աբսուրդի առաջին գրողը, ապա պլատոնովյան բանաստեղծությունները պանթեոնում նրան տեղ չհատկացրին: Բայց փոխարենը, «Գուբի» այն դրվագը, երբ արջ-ուռնավորը գյուղական դարբնոցում ուժեղ թափով կոլեկտիվիզացիա է ներմուծում եւ քաղաքականապես իր տիրոջից ուղղադավան է դուրս գալիս, Պլատոնովին նույնպես գրող-վիպագրի կարգավիճակից անդին է տանում: Իհարկե, կարելի էր ասել, որ նա լիակատար իմաստով մեր առաջին գրող-սյուրռեալիստն էր, բայց չէ՞ որ նրա սյուրռեալիզմը գրական կատեգորիա չէ, որ մեր գիտակցության մեջ կապված է անհատապաշտական հայացքի հետ, այլ զանգվածային ընդգրկմամբ փիլիսոփայական մոլեգնության տեսակ է, փակուղային հոգեբանության արդյունք:

գՆրա վեպերը ոչ թե նկարագրում են հերոսին ինչ-որ ֆոնի վրա, այլ ավելի շուտ` հերոսին խժռող հենց այդ ֆոնը: Այդ պատճառով, իր հերթին, նրա սյուրռեալիզմն էլ արտանձնական է, բանահյուսական եւ որոշակիորեն մոտ է անտիկ (ասենք, եւ ուզածդ) առասպելաբանությանը, որն արդարացիորեն հարկ էր համարել սյուրռեալիզմի դասական տեսակը:

Իոսիֆ Բրոդսկի

Առանց Խորհրդային իշխանության այստեղ ոչ մի կերպ չէր լինի: Հասկանալու անկեղծ ցանկությունը ծնում է խոսքի կցկտուրությունը` այդ կցկտուրությունը ոճ է ծնում` ոճը հեղինակային խոսք է ծնում` այն պատվաստվում է լեզվին, ինչպես վայրեբուսակին: Եվ լեզուն` ողջ է: Այնպես որ, առանց հեղինակի էլ այստեղ ոչ մի կերպ չի լինի: Բառի շրջապտույտը խոսքի օվկիանոսում:

Շատերն ավանդաբար սխալվում են՝ ընդունելով գրականության ձեռքբերումները որպես արվեստ, որպես, այսպես կոչված, վարպետության արդյունք, սակայն միայն նրա բացակայությունն է ազատագրում մոտեցումն առ իրականություն:

Պլատոնովը ոչ այնքան գրում էր, որքան ջանում էր գրել ճիշտը, ինչպիսին նա այն տեսնում էր, եւ այդ փորձը տեքստը ճեղքելով՝ ավելի ու ավելի հեռուն էր գնում, առավել պակաս արտահայտվելով, բայց դրա փոխարեն արտահայտելով մի իրականություն, առավել անըմբռնելի՝ քան մտահղացումը, ծնելով այն հրաշքը, որն արդեն կարելի է կոչել արվեստ:

Պլատոնովը խիզախեց գրել չիմանալ (Լեւ Տոլստոյն այդ փորձում էր):

Այդ կարգի ստեղծագործություններն անկրկնելի են, ինչպես անկրկնելի է կյանքը:

Անդրեյ Բիտով

Հիասքանչ գրքերը գրվում են յուրատեսակ օտար լեզվով:

Մարսել Պրուստ

Անդրեյ Պլատոնովի մասին կարելի է գրել միայն Ձեն-ի նահապետների վկայակոչած «ամպրոպանման լռության» մեջ հայտնվելուց հետո: Եթե գրականությունը պատկերացնես որպես ծով թափվող հոսանուտ գետ, որից ջրահեղձի պես փրփուրների միջից ձուկ-բառեր ես փրցնում (իսկ ալյաց վերեւում գրականագետների այն ճնշող մեծամասնությունն է, որ նմանվում է այն ճայերին, որոնք փրփուրը կտցելով՝ այդպես էլ չեն կարողանում ձուկ որսալ), եւ որոնցից էլ հենց հյուսվում են «գրերը ջրերի վրա»: Այդ գրերի մեջ Անդրեյ Պլատոնովից որսած ուզածդ տող, նախադասություն եւ պարբերություն` եզակի է եւ անկրկնելի:

Ահա դրանցից մի քանիսը.

«Քնատ, անքամի անձրեւի միջից ինչ-որ բան խուլ եւ տրտմալի երգեց` այնքան հեռու, որ այնտեղ, ուր երգում էր, երեւի անձրեւ չկար ու կեսօր էր» («Չեւենգուր»):

«Գիշերը, կորցնելով իր իմաստը, ավարտվում էր. հողակիպ կացարանի պատուհանի ետեւում արդեն սկսել էր բուսնել օրը, եւ երկինքը պատվել էր արշալույսի դժգունությամբ. տամուկ եւ հոգնատանջ, ամենուր փռված էր դեռեւս ոչնչով երեւելի երկիրը, եւ լոկ որոշ տեղեր նրա վրա սկսեց շարժվել եւ աղաղակել բազմաբնույթ հավուճիվը» («Պարմանածովը»):

«Արդյո՞ք ողջ էր նրա Աֆրոդիտեն»,- այդ կասկածով եւ այդ հույսով Նազար Ֆոմինը դիմում էր հիմա արդեն ոչ թե մարդկանց եւ հիմնարկներին, նրանք նրան պատասխանեցին, որ ոչ մի տեղ չկա նրա Աֆրոդիտեի հետքը` այլ բնությանը, երկնքին, աստղերին եւ հորիզոնին եւ մեռած առարկաներին: Նա հավատում էր, որ կա ինչ-որ կողմնակի նշան կամ անպարզ ազդակ, որը ցուցանում է իրեն, թե շնչո՞ւմ է արդյոք նրա Աֆրոդիտեն, թե՞ նրա կուրծքն արդեն սառչել է: Նա բլինդաժից դաշտ էր դուրս գալիս, կանգնում էր միամիտ երկնագույն ծաղկի առաջ, երկար նայում էր նրան եւ հարցնում. «Դե՞: Դու ավելի լավ գիտես, դու ողջ երկրի հետ կապված ես, իսկ ես առանձին եմ քայլում,- ո՞ղջ է, թե՞ ոչ Աֆրոդիտեն»: Ծաղիկը նրա տրտմությունից եւ հարցից չէր փոխվում, նա լռում եւ յուրովի էր ապրում, քամին անտարբեր գնում էր խոտի վրայով, ինչպես մինչ այդ, գուցե թե, ինքը Աֆրոդիտեի գերեզմանի կամ նրա ծիծղուն դեմքի վրայով: Ֆոմինը նայում էր հեռու, հորիզոնից վերեւ լողող, մաքուր լույսող շողացող ամպերին եւ մտածում էր, որ այնտեղից, բարձրից, թերեւս կարելի էր տեսնել, թե որտեղ է գտնվում հիմա Աֆրոդիտեն: Նա հավատում էր, որ բնության մեջ կա ընդհանուր տնտեսություն, եւ դրանով կարելի է նկատել կորստյան թախիծը կամ գոհությունը քո բարիքի պահպանումից, եւ ուզում էր տեսնել աշխարհում բոլոր մեռածների եւ ողջերի հազիվ տարբերակվող ընդհանուր կապը, գաղտնի լուրն իր կնոջ` Աֆրոդիտեի ճակատագրի մասին` նրա կյանքի կամ մահվան մասին»: («Աֆրոդիտե»):

Մեջբերումները շարունակելու գայթակղությունը շատ մեծ է, ուստի պետք է կանգ առնել:

Եթե Անդրեյ Պլատոնովի «Չեւենգուրի» եւ «Գուբի» տպագրությունը 50 տարով հետաձգելը, ըստ Բրոդսկու, ուղիղ այդքանով էլ կասեցրեց ռուս արձակի ընթացքը, ապա նրա դրամատուրգիան մինչեւ օրս շատերի համար մնում է անծանոթ աշխարհ:

Վերջերս` 2006 թվականին Մոսկվայի «Վագրիուս» հրատարակչությունը լույս ընծայեց Պլատոնովի պահպանված պիեսների լիակատար՝ «Նոյան տապան» ժողովածուն:

Անդրեյ Պլատոնովի պիեսներից եւ ոչ մեկը դեռեւս չի բեմադրվել: Իսկ տարբեր տարիներին զանազան հանդեսներում եւ ամսագրերում տպագրված պիեսները երբեք ի մի չեն բերվել:

Այժմյան հրատարակության համար հրաշալի եւ կարճառոտ առաջաբան է գրել Անդրեյ Բիտովը, իսկ տեքստերը մանրազնին վերանայվել են, եւ մի շարք պիեսներ լույս են ընծայվել առաջին անգամ: Ընթերցողին ներկայացվում են «Տխմարները ծայրամասում», «Շարմանկա», «Բարձր լարում», «14 կարմիր խրճիթներ», «Հոր ձայնը», «Անհետ կորածը», «Կախարդական էակը», «Ճեմարանի աշակերտը» եւ «Նոյան տապանը» պիեսները:

Հայտնի գրող-ինտելեկտուալ Դմիտրի Լիպսկերովը կասկածում է, որ այժմյան ռուսական թատրոնում կան վարպետներ, ովքեր կարող են համապատասխանաբար հաղորդել պլատոնովյան պիեսների ողջ թափն ու ծայրահեղ յուրօրինակությունը: «Շատ ժամանակակից բեմադրիչների կուլտուրայի եւ կրթության մակարդակը պարզապես շվարեցնում է: Հանդիսատեսին առաջարկվում են չեխովյան պիեսների ինչ-որ խղճուկ հարասություններ, իսկ ոչ նորմատիվ բառապաշարի չարաշահումը բոլոր սահմաններն անցնում է: Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ հասկանալ Պլատոնովին, նրա անկրկնելի լեզվի ողջ խորությունն ու բացառիկությունը»:

Պիեսներից, թերեւս, ամենաուշագրավը հենց «Նոյան տապանն» է, որի սյուժեն եւ կոմպոզիցիան վերարտադրելը նույնքան անիմաստ է, որքան բանաստեղծություն պատմելը: Լոկ նշենք, որ գործող անձանց ընդգրկումը ձգվում է Ագասֆերից` Հավերժական հրեայից, Եվայից մինչեւ Հայկական ՍՍՀ-ի «Արարատ» կոլխոզի նախագահ Սիմոնյանը: «Նոյան տապանի» գործող անձանցից են նաեւ Չերչիլը, Կնուտ Համսունը, Ալբերտ Էյնշտեյնը, գիտարշավի ինժեներ, ռադիստ եւ հորատող վարպետ Հենրի Պոլիգնոյսը, բոլոր պետությունների հետախուզուհի Մարգարիտա Օսացին, նախարար Շնաբխաուն, միջազգային պոռնիկ Իվոնան եւ այլք:

Ձեռագրի առաջին էջերում արված նշումները լի են երգիծական մտահղացման բացահայտումներով. «Ամերիկացիների խուլիգանությունը եւ վարքն աշխարհում՝ ինչպես պանդոկում», եւ նոր հերոսին` Չադու-Եկ համար 101-ին, վերաբերող գրառումը. «Դա մեր ժամանակների նոր մարդն է, զինվոր-կոսմոպոլիտը, համաշխարհային ամերիկյան ազգի անվեհեր զինվորը»:

«Լրջորեն խոսել այդ գործի մասին, ըստ իս, չի կարելի, ինչպես ուզում ես այն դիտարկիր,- այսպիսի գնահատական է տվել «Նոյան տապանին» Կոնստանտին Սիմոնովը: Ավելի խիստ է արտահայտվել Տվարդովսկուն հղած նամակներից մեկում ոմն Տարասենկո,- Ոչինչ առավել տարօրինակ եւ հիվանդագին ես իմ կյանքի ընթացքում չեմ կարդացել: Այս պիեսը գիտակցության լիակատար քայքայման արտադրանք է: Երկխոսությունները կցկտուր են, ալոգիկ, վայրենի, հերոսների արարքները` աներեւակայելի: Պիեսը տպելու հնարավորության մասին խոսք անգամ չի կարող լինել, այն կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն գիտա-բժշկական տեսանկյունից»:

Այսօրվա տեսանկյունից (չնայած մեր կարծրամիտ գրականագետներից շատ-շատերը համաձայն կլինեին սույն կարծիքին) «Նոյան տապանը» ներկայանում է միանգամայն այլ լույսի ներքո:

«Աբսուրդի թատրոնի» դասական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էժեն Իոնեսկոյի ընկեր, Արեւմուտքում այսօր երեւի թե ամենահայտնի ժամանակակից ռուս դրամատուրգ Վոլոխովն իր զրույցներից մեկում հիշում է. «Երբ ես Իոնեսկոյի հետ զրուցում էի ռուս գրականության մասին, ապա նա միշտ առանձնացնում էր Պլատոնովին: Էժենը թարգմանաբար կարդացել էր նրա վիպակներն ու պատմվածքները, եւ ինձ ասում էր, որ մետաֆիզիկայի առումով իմ ստեղծագործությունը շարունակում է պլատոնովյան ավանդույթը: Իոնեսկոն բազմիցս ինձ հարցրել է՝ արդյո՞ք Պլատոնովը պիեսներ չի գրել: Ես կարծում եմ, որ նա «Նոյան տապանից» կապշեր: Առավել եւս, որ Պլատոնովն իր պիեսը գրել է Իոնեսկոյի լեգենդար «Աթոռների» հետ համարյա թե միաժամանակ»:

Անդրեյ Պլատոնովը, ստեղծելով գիտակցության հոսքի խտությամբ եւ ռիթմով անկրկնելի խոսք, փաստորեն դուրս է եկել բանավոր մտածողության սահմաններից: Նա, ինչպես նշել է հետազոտողներից մեկը, ոչ միայն իրականության տոտալ անհեթեթության արտահայտիչն էր, այլեւ` բառերի, որոնց օգնությամբ մարդիկ նկարագրում են այդ իրականությունը: Անդրեյ Պլատոնովն իր երեւույթով եւ գրականությամբ թերեւս ավելի շատ պատկանում է գալիքին, քանի որ մեր անմարսելի ժամանակը մարսելու համար ժամանակ է պետք:

Խորհրդային «բոլոր ժողովուրդների հայր» եւ նույնիսկ մեր պոետներից մեկի թեթեւ ձեռքով «ստնտու մայր» հորջորջված առաջնորդի զայրույթով եւ անհանգստությամբ Պլատոնովի հասցեին նետած «սրիկան» վկայում է, ինչո՞ւ չէ, նաեւ սարսափը նրանից` «սրակրից», ով բառերով ահա թրատում է նրան եւ նրան ծնած ահարկու եւ աներազ թմբիրը:

Եվ Անդրեյ Պլատոնովի այլությունը եւ ուրիշությունն այսօր եւս, առավել քան երբեւէ, վկայելով բառի ուժը, ահազանգի երանգ է ստանում: