Օդանավակայանը վաճառում են

31/08/2008

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե հնարավոր է՝ մասնավորեցվի Ստեփանավանի օդանավակայանը, որն այժմ գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ինքն այս ընթացքում հենց այդ նպատակով հանդիպել է մի քանի ավիաընկերությունների ու ձեռներեցների հետ: «Ունենալով նման կառույց` ափսոս է այն չօգտագործել»,- ասաց Ա. Մովսիսյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ դիմել է ՀՀ կառավարությանը` օդանավակայանը մասնավորեցնելու առաջարկով, որն ընդունվել է կառավարության կողմից: «Կարծում եմ, այդ օդանավակայանն արդյունավետ շահագործելու միակ ճանապարհը մասնավորեցումն է»,- նշեց Ա. Մովսիսյանը:

Անդրադառնալով վառելիքի գներին` Ա. Մովսիսյանն ասաց, թե Հայաստանը վառելիքի առումով զուտ սպառողի կարգավիճակում է եւ գների վրա ազդելու հնարավորություն բացարձակապես չունի: Նա նշեց, որ վերջին ժամանակներս վառելիքի գների որոշակի անկումներ են նկատելի միջազգային շուկայում, եւ հույս հայտնեց, որ ավիաչվերթերի տոմսերի արժեքն ապագայում նվազման միտումներ կունենա: Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ, Հայաստան-ԱՄՆ ուղիղ տրանսատլանտիկ չվերթեր իրականացնելու համար «Արմավիա» ավիաընկերությունն օդանավ ձեռք բերելու բանակցություններ է վարում եւ իր առջեւ հստակ խնդիր ունի այդ չվերթն իրականացնելու: «Չվերթի իրականացման համար Հայաստանն ԱՄՆ-ի հետ «բաց երկնքի» պայմանագիր կնքելու իր առաջարկը հայտնել է, եւ այն ներկայումս ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունների մոտ քննարկման փուլում է, որոնք պետք է իրենց եզրակացությունը տան այդ տրանսատլանտիկ չվերթերն իրականացնելու վերաբերյալ»,- ասաց Ա. Մովսիսյանը` հավելելով, թե հույս ունի, որ ԱՄՆ-ը նույնպես, ի վերջո, իր համաձայնությունը կտա այդ չվերթերն իրականացնելու համար: