ՀՅԴ-ն «վայրենություն» անելու մտադրություն չունի

31/08/2008

«Կարծում եմ, որ իրենց ձայնը բարձրացնելու համար արվելիք միջոցառումները դուրս չեն գա նման կարգի պաշտոնական այցերի համար ընդունելի վերաբերմունքի շրջանակներից: Ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն Հայաստանի եւ իմ դեմ, որովհետեւ հրավիրողը ես եմ»,- նախօրեին թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարելիք այցի դեպքում ՀՅԴ-ի կողմից խոստացված բողոքի ակցիաներին, հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյոք այս հայտարարությունից հետո էլ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է իրականացնել բողոքի ակցիաները: Պարզվում է, այո: Սակայն ՀՅԴ-ի ակցիաները, ինչպես երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, «չեն լինի անքաղաքակիրթ»: Դա ապացուցելու համար Հ. Կարապետյանը հիշեցրել է, թե ինչպես էր Թուրքիայում մի միջազգային հավաքի ընթացքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը բողոքի պաստառներ բարձրացրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթի ժամանակ: «Դա բողոքի, ընդվզման քաղաքակիրթ ձեւ է»,- ասել է ՀՅԴ անդամը, նշելով, որ նույն դրսեւորումները կլինեն նաեւ Երեւանում, «բայց ավելի հզոր ակցիաներով»: Քանի որ, ինչպես հայտարարել է Հրայր Կարապետյանը, իրենք մտադրություն չունեն «որեւէ մեկի գլուխ ջարդել կամ վայրենություն անել»:

ԱԺ փոխնախագահը երեկվա ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո Հայաստանի հնարավոր դիրքորոշմանն ու Լեռնային Ղարաբաղի հարցին: «Այս պահին իրատեսական չէ մտածել այն մասին, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանն առաջիկայում կճանաչի նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել է ՀՅԴ անդամը` դա հիմնավորելով նրանով, որ այդ երկու երկրների անկախության ճանաչումը կապված էր Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններով, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը խնդիրներ չունի: Սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, ԼՂ հարցում կարող է մեկ այլ փոփոխություն տեղի ունենալ` կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում հնարավոր փոփոխությունների եւ բանակցությունների ընթացքի հետ: Նրա կարծիքով, դեռեւս պարզ չէ` Ռուսաստանը կշարունակի՞ նախագահել Մինսկի խումբը, թե՞ ոչ: Հ. Կարապետյանը դեռ վաղ է համարում խոսել այն մասին, թե Եվրամիությունն ինչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի համար, արդյոք դրանք կլինեն միայն տնտեսակա՞ն, թե՞ նաեւ կսահմանափակվի Ռուսաստանի մասնակցությունը որոշ գործընթացների: Այդուհանդերձ, նա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի փոխարինումը մեկ այլ երկրով, թեեւ կարծում է, որ առայժմ տագնապալի ահազանգեր չկան Ռուսաստանի նախագահությունը Մինսկի խմբում դադարեցնելու մասին: «Միայն ոչ Թուրքիան»,- ասում է Հ. Կարապետյանը: Այդուհանդերձ, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի փոփոխության պարագայում Հ. Կարապետյանը անհեռանկարային է Մինսկի խմբի` մինչ օրս իրականացրած աշխատանքները չեղյալ համարելը, բանակցությունները զրոյից սկսելը կամ այլ ձեւաչափերով առաջ տանելը: «Եթե պարզվի, որ այդ խմբի հնարավորություններն այլեւս սպառված են, ու բանակցային գործընթացները կանգնած են փակուղու առջեւ նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների պատճառով, մենք այստեղ խորհելու լուրջ առիթներ կունենանք»,- հայտարարել է նա: Իսկ Մինսկի խումբը, Հ. Կարապետյանի դիտարկմամբ, այսօր հասել է մի կետի, երբ հնարավոր է Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: Նաեւ այդ հանգամանքով է ՀՅԴ-ականը պայմանավորում այն, որ Հայաստանը մինչեւ հիմա չի ճանաչել ԼՂ անկախությունը: «Երբ մենք զգանք, որ բանակցությունների գործընթացն այլեւս հեռանկար չունի, եւ իսկապես պետք է որոշակի մարտավարական փոփոխությունների գնալ, պետք է համարձակորեն գնանք Արցախի ճանաչման քայլին»,- նշել է Հ. Կարապետյանն` ավելացնելով, որ Արցախի անկախությունը Հայաստանը պետք է ճանաչի, երբ համոզված լինի, որ դրան հաջորդելու է շղթայական ճանաչումը նաեւ մի շարք այլ երկրների կողմից: Իսկ մինչ այդ, ըստ Հ. Կարապետյանի, ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, իր արտասահմանի կառույցներն ու ամբողջ ներուժն օգտագործելու է Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելու համար: «Ի վերջո, աշխարհը գնալու է ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով»,- ասել է Հրայր Կարապետյանը: Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչմանը, կամ այդ պետություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ ներառելուն, ապա Հ. Կարապետյանը գտնում է, որ պետք է Հայաստանն այդ ամենը դիտարկի Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման համատեքստում, այլապես տարօրինակ կլինի, եթե ճանաչումով մենք մեր դաշնակիցներին սատարենք, բայց իրենք մեզ՝ ոչ:

Ի դեպ, երեկ Հ. Կարապետյանից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը կանխատեսել է, որ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ դառնալու դեպքում, անվստահություն կհայտնվի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի ՀՅԴ-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, ՀՅԴ քվոտայով վարչապետ դառնա Ռոբերտ Քոչարյանը: Ի պատասխան Տ. Կարապետյանի այս դիտարկմանը, Հ. Կարապետյանը նախ հարցրել է. «Իսկ Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության անդա՞մ է»: Այնուհետեւ ավելացրել է. «Այն ամբողջի վերաբերյալ, ինչ որ ասվել է, Դաշնակցությունը որեւէ պայմանավորվածություն չունի»: Իսկ ընդհանրապես Ռ. Քոչարյանի վերադարձը, որպես քաղաքական գործիչ, Հրայր Կարապետյանը չի բացառել` նշելով, որ վաղ թե ուշ նա իր տեղն ու դերը կունենա քաղաքական կյանքում: