«Գյուլը Հայաստան չի գալու»

31/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իրեն լավ է զգում, ասում է` թող ուրիշներն իրենց լավ զգան, «դժվարությունների մեջ են»: Իսկ ինքն իր բոլոր դժվարությունները հաղթահարել է ու իրեն զգում է շատ հզոր ու աշխատանքային վիճակում:

Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով ռուս-վրացական հակամարտությանը` Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը դրա հետեւանքները դրական է գնահատում: «Պարզ է, որ ես քննադատում եմ այն, որ վրաց զորքերը սկսեցին ռմբակոծել, ու դա բերեց զոհերի: Բայց այսօր շարունակությունը ես դրական եմ գնահատում, որովհետեւ դա եւ Ռուսաստանին էր պետք, եւ ԱՄՆ-ին: Օրերից մի օր Ռուսաստանը պետք է իր սեփական ուղեգիծը որոշեր ու որոշել է»,- ասաց նա` հավելելով, որ թեեւ այս հարցում Հայաստանի դիրքորոշումն ուշացա է, բայց այսօր որքանով որ արտահայտվել է հայկական կողմը, դա բավարար է: «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա այն առումով, որ հարեւան պետություն է, եւ, ինչո՞ւ չէ, մեր միակ ճանապարհն է: Բայց պետք է ուշադիր լինի ջավախահայության նկատմամբ: Միշտ պետք է պատրաստ լինի կանխարգելելու, ոչ թե փաստի առաջ կանգնելու»,- գտնում է նա: Որոշ վերլուծաբանների կարծիքով` Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն, միաժամանակ՝ Օսեթիան, Աբխազիան եւ Կոսովոն, բայց պայմանով, որ միաժամանակ Ռուսաստանն էլ ճանաչի ԼՂՀ-ն: Տ. Կարապետյանի կարծիքով, սակայն, Ռուսաստանը հազիվ թե գնա դրան, քանի որ նրան այսօր երկրորդ թեժ կետ պետք չի: Այսինքն` Ադրբեջանը: «Ինքը հազիվ իր արածը պահպանում է ու հասկանում է, որ եթե նահանջի, ԱՊՀ տարածքում մեծ հիասթափություն կլինի: Այլ հարց է, որ եթե Ջավախքի խնդիրը լիներ, կարելի էր դա փաթեթով որպես երրորդ թեժ կետ ներկայացնել: Բայց դա չկա, ջավախքցիները պետք է ինքնորոշվեին: Բայց Արցախը երբեւէ չի նույնացվել Օսիայի կամ Աբխազիայի հետ: Այսօր Արցախը ստատուս-քվո ունի Ադրբեջանի հետ, ու խնդիր չի առաջանա»,- գտնում է ԺԿ նախագահը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ԺԿ-ն թեկնածուներ ունի դեռեւս միայն գյուղապետի տեսքով: Ընդհանրապես, Տ. Կարապետյանը նկատել է, որ ոչ ժողովուրդը, ոչ էլ անգամ թեկնածուներն ընդհանրապես ոգեւորված չեն ընտրություններով: «Թեկնածուներն ընդհանրապես գովազդի մասին չեն մտածում: Դաբրոն կա, գործը շարունակում են: Այնքան են շփոթվել, որ երկու-երեք հատ դաբրո իրար հետեւից են տալիս: Թեկնածուներն էլ են շփոթվել: Հանրապետականը չգիտի` ո՞ւմ դաբրո տա, ո՞ւմ չտա: Դաբրոների գործընթացները մահանում են, պետք է մտածեն, որ ժողովուրդը չի գնում ընտրության: Սեղան են գցում, որ մարդիկ գան ընտրության»,- ասաց նա` նախընտրելով գաղտնի պահել իրենց թեկնածուների անունները, քանի որ, ըստ նրա` եթե իշխանություններն իմանան նրանց անունները, կարող են սկսել նախապես գործողություններ անել նրա դեմ: «Մենք հաղթելու ենք անպայման, վեց գյուղապետ ունենք, ունենալու ենք 106»,- հավաստիացրեց Տ. Կարապետյանը:

Տ. Կարապետյանն ընդդիմության քայլերում «արհեստական բաներ» է տեսնում: Մասնավորապես՝ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունեց Ռուսաստանի քայլերը: «Դա այնքան էլ բնական չէր, որովհետեւ մենք գիտենք, որ Տեր-Պետրոսյանն ավելի հակված է արեւմտյան ժողովրդավարությանը: Գուցե կան գործընթացներ, որտեղ նա ուզում էր ցույց տալ իր վերաբերմունքը` պահից ելնելով: Կամ էլ` մենք չգիտենք, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ուզում թաղապետի թեկնածու դնել իր կուսակցությունից, մեկ ցանկանում է սփյուռքի նախարար լինել: Ի՞նչ են ուզում որսալ այս պղտոր ջրում: Սա ժողովրդավարություն չի»,- նշեց նա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը հրավիրելուն Տ. Կարապետյանը լավ է վերաբերվում: Ավելի ճիշտ` ոչ թե հրավերին, այլ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացմանը: «Որքան գիտեմ, Ռուսաստանը ձեռնարկում է արեւելյան եվրոպական խորհուրդ ստեղծել, որտեղ Թուրքիան Ռուսաստանի հետ դաշնակից է լինելու եւ, փաստորեն, հետ է քաշվելու ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի մղումներից: Ուրեմն մենք էլ պետք է կողմնորոշվենք, թե ուր ենք գնում: Եթե Ռուսաստանի հետ ենք լինելու, ինչպես այսօր կա, ուրեմն գուցե եւ լինեն հարաբերություններ Թուրքիայի հետ, ու հուսանք, որ կկարողանան ընդունել ցեղասպանությունը` գոնե մասամբ»,- ասաց նա: Գյուլի` Հայաստան գալու հետ կապված դաշնակցականների խոստացած բողոքի ակցիային Տ. Կարապետյանը նույնպես դրական է վերաբերվում: Նրա կարծիքով` Դաշնակցությունը վաղուց պետք է «աշխուժանար»: «Շատ մնացին տնվորի կարգավիճակով: ԱԼՄ-ն գովազդում է նրանց սեպտեմբերի 2-ի միտինգը: Չպետք է լինի մի բեւեռ, պետք է լինեն տարբեր բեւեռներ: Երբ տեսնում ես, որ բոլորը միաձայն են քվեարկում խորհրդարանում, զարմանում ես, թե ինչո՞ւ էր պետք փլուզել խորհրդային համակարգը: Երկիրը պետք է լինի բազմակուսակցական»,- ասաց նա, ով, այնուամենայնիվ, վստահ է, որ Գյուլը Հայաստան չի գա: ԺԿ նախագահն, ի դեպ, նոր ստեղծագործություններ ունի, որոնք, իր խոսքով` հզոր են: