Վերջին զանգը

01/06/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ժամը 16.00-ից արդեն մայրաքաղաքի Աբովյան փողոցը փակ էր մեքենաների
երթեւեկության համար: Ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակը լցվեց
շրջանավարտներով: Աբովյան փողոցով իջնող շրջանավարտների խմբերը միմյանցից
տարբերվում էին նախ հագուստներով. յուրաքանչյուր դպրոցի յուրաքանչյուր
ավարտական դասարան աշխատել էր միանման հանդերձավորվել, անգամ՝ շատ
դեպքերում աղջիկների կոշիկներն էլ էին միանման, իսկ ուշադրություն
գրավելու համար մեր պատանիներն ու աղջիկները մի ձեւ էին մտածել՝ աշխատում
էին մյուս խմբերից ավելի բարձր բղավել։ Պայքարը փոփոխակի հաջողությամբ
շարունակվում էր։ Ընդ որում, այս գործում մեծ հաջողություններ ունեին
աղջիկները, ովքեր բղավում էին ինչ ասես՝ տաշի-տուշիից մինչեւ աման-աման:
Երբ խմբերից մեկին փորձեցինք լուսանկարել, նրանց ուղեկցող՝ հավանաբար մի
ծնող, եզրակացրեց՝ «Մեր երեխեքի շորերը լավն են, դրա համար էլ նկարեց»:
Լուսանկարվող խումբը ոգեւորվեց եւ սկսեց ավելի ու ավելի բարձր բղավել,
այնպես, որ մոտակա սրճարաններից մարդիկ դուրս թռան: «Գեղցինե՛ր…»,- իր
գնահատականը տվեց արեւածաղկի սերմ վաճառող մի տատիկ: «Ո՞ր գեղից եք,
աղջիկներ»,- հարցրին փողոցով անցնող մի խումբ տղաներ: Իսկ հրապարակում
միջոցառումն արդեն սկսվել էր՝ շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ԿԳ
նախարար Սերգո Երիցյանն ու Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Պրն
Երիցյանը օրվա ընթացքում հասցրել էր մի քանի դպրոցներում մասնակցել Վերջին
զանգի արարողություններին, եւ գտնում էր, որ իրենց «հորդորները` Վերջին
զանգի արարողություններն ավելի համեստ անցկացնել, դրական արդյունք են տվել
եւ ավելի բովանդակալից դարձրել միջոցառումները»: Մի քանի դպրոցներում մեր
հարցումները պարզեցին, որ միջոցառումներն ավելի բովանդակալից դարձնելու
համար, այնուամենայնիվ, 50-150 դոլար ծախսվել է միայն միջոցառման սցենարը
պատվիրելու, մի քիչ պակաս էլ՝ սցենարը կյանքի կոչելու նպատակով հրավիրված
բեմադրիչի համար:
«Մենք գինի էինք խմում,- իր Վերջին զանգը հիշեց ԿԳ նախարարը,- ոչինչ,
էրեխեքը թող մի-մի գավաթ էլ շամպայն խմեն էսօր»: Բայց այս տարվա
շրջանավարտների նախընտրելի խմիչքը գարեջուրն էր, ուտեստը՝ արեւածաղկի
սերմը: