Նիկոյանը բարկացել էր

31/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հայտարարեց, որ օգոստոսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղարկած նամակի պատասխանը հանձնաժողովը դեռ չի ստացել, իսկ դրանից մեկ օր առաջ ՀՀ Ոստիկանության ուղարկած նամակը ստացել է 10 օր հետո, այն էլ՝ եղած պատասխանը չի համապատասխանում իրենց հարցադրմանը:

Ոստիկանությունից հանձնաժողովը հետաքրքրվել էր, թե մարտի 1-2-ին ոստիկաններից ո՞ւմ եւ ի՞նչ զենք կամ հատուկ միջոց է ամրակցվել, եւ դրանցից քանի՞ փամփուշտ է կրակվել: Նաեւ հետաքրքրվել էին` արդյոք ցուցարարների վրա կրակելու հրաման տրվե՞լ է, թե՞ ոչ, հատուկ միջոցների ճիշտ գործադրման դեպքում արդյո՞ք դրանք կարող էին մարդկանց մահվան պատճառ հանդիսանալ: Հանձնաժողովը նաեւ խնդրել էր տրամադրել Ազատության հրապարակի եւ դրան հաջորդող գործողությունների վերաբերյալ ամբողջական տեսագրությունները: Ոստիկանությունը 10 օր մտածելուց հետո պատասխանել էր, թե ոստիկանների եւ Ոստիկանության զորքերի զինծառայողների սպառազինության եւ մի քանի այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը տրվել է Հատուկ քննչական ծառայությանը, եւ հանձնաժողովին խորհուրդ էր տվել` նրանից էլ վերցնել այդ տեղեկությունները: «Ցուցարարների վրա կրակ բացելու հրաման որեւէ մեկի կողմից չի տրվել, իսկ հանձնաժողովին ներկայացրած տեսագրությունից բացի, այլ տեսագրություններ չունի»,- նշված է Ոստիկանության պատասխան գրության մեջ:

«Այսպիսի դեպք չէր եղել: Ցավոք սրտի, Ոստիկանության ուղարկած պատասխանը բացարձակապես կապ չուներ մեր արած հարցադրման հետ, եւ դրա համար սպասել 10 օր ու ժամանակ կորցնել, կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ: Հանձնաժողովը ժամանակի հարցով այսօր չի կարող այդ շռայլությունը թույլ տալ: Մենք ամռանը հանգստի չենք գնացել, այս շոգին տառապում ենք, եւ նման պատասխանով հանձնաժողովը կարո՞ղ է աշխատել: Իհարկե` ոչ»,- բարկացած ասաց Ս.Նիկոյանը:

Իսկ Գլխավոր դատախազության կողմից պատասխանը հանձնաժողովի համար խիստ կարեւոր է, բայց պարոն Նիկոյանը դրա ուշացմանն ըմբռնումով մոտեցավ` «Ես հասկանում եմ, որ ժամանակ է պետք, մինչեւ Դատախազությունը կարողանա ամբողջական նյութերը ներկայացնել, մանավանդ` դա վերաբերում է զոհվածների մահվան հանգամանքներին»: Գլխավոր դատախազությունից էլ հանձնաժողովը հետաքրքրվել էր, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում կատարված սպանություններն ի՞նչ հանգամանքներում են կատարվել եւ ո՞ւմ կողմից: Նաեւ տեղեկություններ էին պահանջել սպանվածների գործողությունների մասին՝ մինչեւ զոհվելը եւ դրանց իրավական գնահատականների մասին: Նրանց աշխատանքի վայրը` ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով են հայտնվել դեպքի վայրում, կուսակցական պատկանելությունը: Ճշտվե՞լ են արդյոք սպանության գործիք հրազենների եւ հատուկ միջոցների պատկանելությունը եւ այլն:

Երեկ վերջապես պարոն Նիկոյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել անկախ մասնագիտական փաստահավաք խումբ` նշելով, որ դեռեւս հսկայածավալ աշխատանք կա կատարելու, իսկ հանձնաժողովին ընդամենը երկու ամիս է մնացել աշխատելու համար: ԱԺ որոշմամբ՝ հանձնաժողովը պետք է իր գործունեության արդյունքների մասին զեկուցի մինչեւ հոկտեմբերի 25-ը: Ըստ Ս. Նիկոյանի` խմբում պետք է ընդգրկվեն բացառապես մասնագետներ, որոնք կիրականացնեն փաստահավաք առաքելություն ու իրենց աշխատանքի արդյունքները կներկայացնեն հանձնաժողովին: Հիշեցնենք, որ փաստահավաք խումբ ստեղծելու պահանջն անցած ամիս Երեւանում ներկայացրել էին ԵԽ մարդու իրավունքների ժամանակավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը, որից հետո այն կրկնել էր ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչը: «Դա համապատասխանում է ԵԽ ԽՎ բանաձեւի տրամաբանությանը եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մոտեցումներին»,- ասաց Ս. Նիկոյանը եւ ավելացրեց, որ խումբը պետք է լինի անկախ, ոչ քաղաքական, մասնագիտացված եւ հավասարակշռված: