Եթե որեւէ մեկը հավերժի մասին պատկերացում կազմելու եւ նրա հետ շփվելու ցանկություն ունի, առանց երկմտելու կարող է ճամպրուկը հավաքել ու գնալ որեւէ հայ գյուղ։ Նախատրամադրվելու համար կարելի է վերընթերցել Աբովյան, Պռոշյան, Մուրացան, Թումանյան, Մաթեւոսյան եւ այլն։
Կարելի է վստահաբար ասել, որ դարերը հայ գյուղը շրջանցել են բարձրաբերձ լեռնագագաթներն ի վեր՝ բնակիչներին թողնելով ժամանակային փոփոխությունների խավարում, եւ, ինչպես Թումանյանի ժամանակ, այսօր էլ տխրադեմ միտք անող գյուղը դարձյալ չգիտե, թե ուզածն ինչ է, եւ այսօր էլ գյուղ մտնող օտարականը հանդիպում է նույն խնդիրներին, ինչ Մուրացանի Առաքյալը, եւ կարող է նույն զարմացած հարցերը տալ թե՛ գյուղացուն, թե՛ գյուղական վարժապետին եւ լսել նույն միամիտ պատասխանները թե՛ գյուղացուց, թե՛ իր վարժապետից։
Այսօր էլ կրակ անելու համար գյուղացին իր ավանդական աթարն է ծխում, ձեռքով լվացք անում, տաշտում լողանում, օգտվում փայտաշեն կիսախարխուլ արտաքնոցից։ Հեռուստացույցը պրիմուսի նման մի բան է. ով կարողացավ բզբզել, ինչ-որ պատկեր կամ ձայն կկորզի նրանից, ու կանայք՝ իրար գլխի հավաքված, կդիտեն հերթական սերիալը, այլապես նրանց առօրյան սահմանափակվում է կով կթելու ու տնամերձը քչփորելու շրջանակներում։ Առավոտից երեկո արեւի տակ ու հողի հետ կռիվ տվող հոգնած մարդը հաճախ անլվա ոտքերով է քնում, որի համար ո՛չ պայման, ո՛չ էլ հավես ունի. ճանճերի հետ քնում է, ճանճերի հետ արթնանում ու նրանց հետ էլ սեղան նստում։ Այդքանի հետ մեկտեղ՝ էլի փառք է տալիս գյուղապետին, որ վերընտրվելիս ջահելների համար անվճար համերգ է կազմակերպում, ու գոնե մի քանի տարին մեկ ջահելները կլուբ մտնելու ու գարեջուր խմելու հնարավորություն են ունենում։ Ամենատխուրը կանանց վիճակն է, որ բարձրակրունկներով փորձում են հաղթահարել փոշեթաթախ ճանապարհը, որով նախիրն է վերուվար անում։ Զգեստապահարանի կախիչից իջեցված հագնվելու ցանկությունը ներքին անբավականությամբ վերադառնում է տեղը, ու զգեստապահարանի ճռացող դուռն անորոշ ժամանակով փակվում է վրան։
Սեփական երկրում կատարվող իրադարձությունների մասին անտեղյակությունը ստիպում է եզրակացությունների հանգել խելքին զոռ տալով, քանի որ թերթ ասվածը զուտ մայրաքաղաքային երեւույթ է ու գյուղ մտնում է հարեւանի մոլորված ոչխարի պես՝ անպատեհ ու ավելորդ, դեպքից դեպք, արդեն հնացած նորություններով։
Գյուղացու բարեկեցությունն ամենեւին էլ կախված չէ բերքի քչությունից կամ առատությունից. վերջին հաշվով դրանք նույն բանն են. ամեն դեպքում բերքի սպառումը դուրս չի գալիս տնային գործածության շրջանակներից, իսկ այսպես կոչված «ավելորդ» բերքը գյուղացին ստիպված է իր ձեռքով թափել, քանի որ այդ «ավելորդ» բերքին ո՛չ տեղական իշխանությունն է տեր կանգնում, ո՛չ էլ Գյուղնախարարությունը, շուկան էլ ոչ թե գյուղացուն՝ բերք աճեցնողին է ծառայում, այլ վերավաճառողին, որից գյուղացու գրպանը մտած չնչին գումարը չարժե գյուղից քաղաք բերք հասցնելու չարչարանքին, այնինչ տեղերում պահածոյի ու մրգի չորացման համար փոքրիկ արտադրամաս հիմնելով՝ այս տարվա միայն ծիրանի բերքով կարելի էր թեկուզ սեզոնային աշխատատեղեր բացել պարապությունից հոգնած ու տեղը չգտնող երիտասարդության համար։ Յուրաքանչյուր գյուղական վայր իր հումքն ունի, եւ յուրաքանչյուր վայրում հենց տեղի բնակիչների համար կարելի է ըստ հումքի բնույթի զանազան արտադրամասեր բացել, որով կլուծվի ոչ միայն գյուղական բնակչության, հատկապես երիտասարդների աշխատանքի հարցը, այլեւ զգալիորեն կաճի պետական եկամուտը՝ թե՛ տեղական սպառողի, թե՛ արտադրանքի արտահանման հաշվին։ Այնինչ, 8-ամյան կամ միջնակարգը եւ նույնիսկ՝ բարձրագույնն ավարտած երիտասարդն այստեղ ոչնչով չի տարբերվում գյուղամիջի քարին թիկնած կյանքի մայրամուտն ըմբոշխնող ծերունուց. երկուսն էլ պարապ են, հոգնած, անապագա ու անհավես. երկուսի համար էլ օրը սկսվում ու ավարտվում է ծույլ անտարբերությամբ։
Քաղաքակրթությունը գյուղացուն գրեթե ոչինչ չի տվել. եթե մի կողմ թողնենք հատուկենտ սեփականատերերին, գյուղից գյուղ կամ մայրաքաղաք տանող ճանապարհն էլի անմատչելի է մնում շատերի համար. որեւէ կերպ չարդարացված տրանսպորտի բարձր վճարն ու նյարդայնացնող սպասարկումը նվազեցնում են շփման հնարավորությունը թե՛ նրանց, թե՛ դրսից եկողների համար։ Եթե որեւէ մեկը շտապօգնության կարիք ունենա, այն ոչ միայն ժամեր, այլեւ օր անց կարող է հասնել կամ ընդհանրապես չհասնել, քանի որ հիվանդանոցն ու շտապօգնության ծառայությունը միայն մարզկենտրոնում են գործում, իսկ եղած բուժկետն էլ հազիվ մատին յոդ քսելու դերակատարություն ունի։ Թեեւ գյուղացին ավելի շատ է վստահում բժշկին ու կրթված մարդուն, ո՛չ նրանց տեղը գիտի, ո՛չ նրանց հետ շփվելու կարգը։ Իր իրավունքների ու այն պաշտպանելու մասին տեղյակությունը գրեթե զրոյական է, եւ ցանկացած ոստիկան կարող է նրա գլխին «գործ սարքել» ու ստիպել ենթարկվելու սեփական կանոններին։ Գյուղացին, իհարկե, բնազդով հասկանում է իր հետ վարվելու անարդարացիությունը, սակայն այն պաշտպանելու ոչ ճանապարհը գիտի, ոչ հավատում է դրան, ոչ էլ պայքարելու համապատասխան գրագիտություն ունի։ Գյուղապետը, որ պիտի միջնորդ լինի նրա ու համապատասխան նախարարությունների ու օղակների միջեւ, բավարարվում է ջոկատավարական բնույթի աշխատանք անելով։
Երեկոյան եւ ուշ ժամերի կա՛մ խարխափելով, կա՛մ էլ սեփական լապտերի լույսով են տնից դուրս գալիս: Փողոց ասվածը, իհարկե, չկա, իսկ եղած ճանապարհն ու անցուղիների լուսավորությունը չտեսնված ու չլսված բան է։ Որեւէ մեկը չի մտածում գյուղերում կոյուղու ու ջրամատակարարման հարցը լուծելու ուղիներ գտնել. հատուկենտ տներ միայն խոհանոց ունեն։ Երիտասարդության հավաքատեղիների կամ ժամանց կազմակերպելու մասին խոսելն իսկ ավելորդ է. դա կարող է լինել գյուղապետի կամ որեւէ այլ ընտրությունից ընտրություն։ Թերթերն էլ այդ ժամանակ են գյուղ մտնում, երբ ինչ-որ մեկը սեփական գովազդի խնդիր է ունենում։
Այսպես են գյուղի խաղաղությունն ու աշխարհի պատերազմը հարաբերվում, մեկը մյուսից անտեղյակ ու անտարբեր, եւ ժամանակային նույն միավորն էլ ապացուցում է միայն Էյնշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը տարբեր հարթությունների համար. եթե տարածությունը ոտքով կտրող գյուղացու համար վայրկյանն ու դարը կարող են չափվել ժամացույցի սլաքների մեծ ու փոքր թրթիռով ու լինել հավասարարժեք, ապա հրթիռով տարածություններ նվաճող քաղաքակրթվածի համար էլ վայրկյանն ու դարը նույն կշիռը կարող են ունենալ, միայն թե գյուղացին մնում է միշտ նույն գյուղացին, իսկ քաղաքակրթությունն առաջ է շարժվում առանց նրա։