1996-ից այս կողմ Հայաստանի իշխանությունների հիմնական ռեսուրսներն ուղղված են եղել ներքին կայունության ապահովմանը: Նախագահներն իրենց ողջ էներգիան ուղղել են ժողովրդին իրենց լեգիտիմությունն ապացուցելուն, ներքին դժգոհության մեղմմանը: Եվ թերեւս սա է պատճառը, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը հիմնականում եղել է ֆրագմենտալ, ոչ համակարգված, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ նման քաղաքականություն առհասարակ չի եղել: Վկան այն իրավիճակն է, որում այսօր հայտնվել է մեր երկիրը: Երկար տարիներ ինքնուրույն վճիռներ ընդունելու վախը, նախաձեռնություններից խուսափելու քաղաքականությունը Հայաստանին այսօր իրո՛ք բարդ խնդրի առաջ են կանգնեցրել: Ինչպե՞ս վարվել՝ ճանաչե՞լ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, թե՞ ցույց տալ, որ մեր տարածաշրջանում զարգացող բարդ իրադարձությունները Հայաստանում ընդամենը փոքրիկ անհարմարություններ են ստեղծում: Մեր երկրի դիրքորոշման, մեզ սպասվող դժվարությունների, դրանցից դուրս գալու տարբերակների մասին մեր երկրի նախագահի խոսքին հասարակությունը սպասում է արդեն ավելի քան երեք շաբաթ: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս թեմայի շուրջ գերադասում է բարձրաձայն չխոսել, իսկ եթե ինչ-որ մոտավոր ակնարկներ էլ անում է բուն թեմայի շուրջ, ապա անում է այնպիսի հասարակության ներկայությամբ, որ ասվածի լրջությունն օդում արդեն մարում է: Ելնելով տարածաշրջանում իրավիճակի լրջությունից՝ ենթադրվում էր, որ երկրի նախագահը ժողովրդին պետք է դիմեր հատուկ հեռուստատեսային ուղերձով, որով կընդգծվեր ասվածի կարեւորությունը:
Սերժ Սարգսյանի խոսքի լեյտմոտիվը միասնությունն էր: Միասնությունն, ինչպես նշեց նա, անհրաժեշտ է Հարավային Կովկասում ծագած բարդ խնդրից դուրս գալու համար: Սակայն նա մոռացավ կոնկրետացնել՝ հանուն ինչ նպատակի պետք է միավորվի մեր հասարակությունը: Հատկապես որ, իշխանություններն իրենց գործողություններով չեն նպաստում հասարակության միավորմանը: Մինչ օրս անազատության մեջ են քաղաքական բազմաթիվ գործիչներ, որոնց ազատ արձակելու եւ այդպիսով դեպի հասարակություն մեկ քայլ անելու համարձակություն իշխանությունն այդպես էլ չունեցավ: Ընդ որում, դա արվում է՝ անտեսելով նաեւ սեպտեմբերին դեպի Հայաստան ուղղվելիք ԵԽ ԽՎ-ի՝ առանց այդ էլ ոչ բարեհաճ հայացքը: Եվ բացի սա՝ նախագահը պետք է հրապարակավ հասարակությանն իրազեկեր քայլերի այն հաջորդականությանը, այն ծրագրերին, որոնք մշակել է մեր իշխանությունը՝ հասարակությանը համախմբելու, արտաքին մարտահրավերներից մինիմալ կորուստներով դուրս գալու նպատակով:
Եթե Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչել-չճանաչելու դիլեման ծագել է տակավին օրեր առաջ, ապա տարածաշրջանում առկա լարվածությունն ավելի քան երկու տասնամյակի վաղեմություն ունի, իսկ Վրաց-ռուսական պատերազմի վտանգը սպառնում է արդեն երկար տարիներ: Հայաստանի շրջափակումից հետո, ինչպես այս օրերին պարբերաբար հիշեցնում են մեզ մեր երկրի ղեկավարները, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 70 տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով: Իսկ Հայաստանը Վրաստանի համար Ուկրաինա չէ: Հայաստանի հանդեպ Վրաստանի վերաբերմունքն ընդգծված բարեկամական չի եղել, եւ Վրաստանի տարածքով Հայաստան եկող բեռների, վառելիքի ապահով ընթացքը երբեք երաշխավորված չի եղել: Ջավախահայերի եւ ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանի քաղաքականության հետեւանքները հայտնի են. ունենք լճացած Ջավախք, հայերենը մոռանալու վտանգի առաջ կանգնած վրացահայեր: Այսինքն, ակնհայտ էր, որ Վրաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների լարումից Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնելու:
Փորձե՞լ են մեր իշխանությունները, Հայաստանի ազգային անվտանգության խնդրով մտահոգ կառույցներն այս տարիների ընթացքում գտնել Հայաստանի համար հնարավոր բարենպաստ լուծումներ, այլ ճանապարհներ: Կարծես՝ ոչ:
Հայաստանը քաղաքական ճգնաժամից բացի՝ տնտեսական ճգնաժամի դռանը կանգնեցնելու մտավախությունը պիտի որ ստիպեր մեր իշխանություններին՝ հարեւանների հետ խոսել ավելի թավ ձայնով: Այո՛, Վրաստանի տարածքով են մեզ հասնում բեռները, սակայն այդ երկիրը մեր բեռները մեզ է հասցնում ոչ անվճար եւ որոշակի պայմանագրերի հիման վրա: Հետեւաբար, այնքան էլ տեղին չէ վախվորած շշնջալը, թե Վրաստանին թթու խոսք ասելը կարող է Հայաստանը զրկել թթվածնից: Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանը կարող էր Ռուսաստանին՝ իր ռազմավարական գործընկերոջը, ցույց տալ միջպետական պայմանագրերի համապատասխան կետերը եւ պահանջել գործողությունների այնպիսի ընթացք, որով չխաթարվի Հայաստան մտնող առաջին անհրաժեշտության բեռների հոսքը:
Սակայն Հայաստանը Ռուսաստանի համար կանխատեսելի, հավատարիմ երկիր է, որին ամենեւին չի բարդույթավորում ֆորպոստի իմիջը:
Եվ այսօր էլ Հայաստանի ընտրությունը՝ ճանաչել կամ չճանաչել Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի անկախությունը, դատելով իշխանությունների անգործությունից, նրանց համար ավելի շուտ հոգեբանական լուծում է, քան գործնական:
Այնուամենայնիվ, կկարողանա՞ն մեր իշխանությունները լուծել այս բարդ եւ նուրբ խնդիրը, եթե, իհարկե, ներքաղաքական մանր խարդավանքներում հաղթանակելը լիովին չի հագեցնում փառասիրության նրանց լիմիտը: