Ամերիկայի դավաճանությունը

31/08/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Աշխարհն ավելի է գլորվում դեպի համատարած ցինիզմը: Ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում գրեթե անհնար է սուտը տարբերել ճշմարտությունից: Զանգվածային տեղեկատվության միջոցներն ամենուր դարձել են տեղեկատվական պատերազմում զանգվածային քարոզչության գործիք, եւ թվում է, թե դա անդառնալի գործընթաց է (օրինակ, այսօր իմանալ, թե իրականում ինչ է կատարվել Ցխինվալում, ինչքան խաղաղ բնակիչ է զոհվել, ուղղակի անհնար է` խաբում են ամեն կողմից` թե՛ Արեւելքից, թե՛ Արեւմուտքից): Աշխարհում համընդհանուր հարգանք ու վստահություն վայելող վերազգային ու վերպետական ինստիտուտներ գործնականում չեն մնացել: Ընդհակառակը, միջազգային կազմակերպությունների հեղինակությունն անշեղորեն ընկնում է, ժողովրդավարության ու ազատության գաղափարները զգալիորեն վարկաբեկվել են, բազմակիորեն շատացել են ամենատարբեր սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքը:

Կասկած չկա, որ առաջին հերթին բոլոր այս գործընթացների կատալիզատոր դարձավ ԱՄՆ ապաշնորհ արտաքին քաղաքականությունը` կրտսեր Բուշի օրոք: Եթե ԽՍՀՄ գոյության ընթացքում երկու գերտերությունների հակամարտությունը մատուցվում եւ աշխարհում շատերի կողմից իրականում ընդունվում էր որպես «բարու» եւ «չարի» պայքար, ապա այսօր նման հարցադրումը միայն քմծիծաղ կառաջացնի: Եթե մինչեւ վերջերս աշխարհի աչքում Ամերիկան ընկալվում էր որպես ազատության եւ ժողովրդավարության հենարան, մարդու իրավունքների երաշխավոր, համաշխարհային արդար դատավոր, ապա այսօր, շնորհիվ կարճամիտ, բայց հավակնոտ ԱՄՆ նախագահի, այդ կերպարն ամբողջովին փշրվել է: Ամերիկան արդեն ընկալվում է որպես եսասեր գերտերություն, որը փորձեց սառը պատերազմում հաղթանակը եւ կոմունիզմի անկումից հետո Ռուսաստանի ժամանակավոր թուլությունն օգտագործել աշխարհում իր մենիշխանությունը հաստատելու համար` բացառապես սեփական շահերից ելնելով: Ամերիկյան ու եվրոպական շատ քաղաքագետների խոստովանությամբ` Բուշի գործունեությունը լրջորեն խարխլեց ԱՄՆ հեղինակությունն աշխարհում: Այսպես, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը բառացիորեն վերջերս ասեց հետեւյալը. «Բուշը խորտակեց ԱՄՆ վարկը, վերացրեց Ամերիկայի բարոյական հեղինակությունը եւ նրա հանդեպ վստահությունը»: Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը նրան համարեց ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահ, իսկ Զբիգնեւ Բժեզինսկին նրա կառավարումն անվանեց «աղետային լիդերություն»:

Այսօր ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրում է վրաց-օսեթական կոնֆլիկտին ոչ համարժեք պատասխան տալու համար: Թերեւս, դա այդպես է, սակայն հարցն այնքան հեշտ չէ, որքան թվում է: Վերը ասվածի համատեքստում խնդիրն այդ չէ: Այն, որ Ռուսաստանը չի ընդունում անհամարժեք պատասխան տալու մեղադրանքները, չի նշանակում, թե նա իրեն լիովին արդարացի է համարում, այլ առաջին հերթին՝ նա ուղղակիորեն մերժում է Արեւմուտքի` արդար եւ անաչառ դատավորի դերում հանդես գալու իրավունքը: ՌԴ-ի դիրքորոշումը «Իսկ դատավորներն ովքե՞ր են» հարցի պատկերավոր ապացույցն է: Այսինքն, ՌԴ-ն ուղղակի հրաժարվում է հարգել Արեւմուտքի կարծիքը, եւ այստեղ Բուշի դերն անհնար է գերագնահատել:

Իսկապես, ծիծաղելի է անհամարժեք պատասխանի մեղադրանքներ լսել մի մարդուց, որն արհամարհելով ՄԱԿ-ը (այդ թվում՝ իր դաշնակիցներին եւ նույն Ռուսաստանին)` ավերեց Իրաքն ի հակազդեցություն մի սպառնալիքի, որը, ինչպես պարզվեց, ընդհանրապես գոյություն չուներ: Իրաքում ամերիկացիներն այդպես էլ չգտան զանգվածային ոչնչացման զենք, սակայն անհամարժեք ներխուժման համար ներողություն խնդրելու եւ հեռանալու փոխարեն՝ նրանք կախաղան հանեցին այդ երկրի նախագահին, որը, ինչպես հետագայում պարզվեց, Իրաքն ավելի լավ էր ղեկավարում, քան ամերիկացիները մինչ այսօր: Արդյունքում՝ Իրաքը վերածվեց ահաբեկչության բուծարանի: Մի ամերիկացի փորձագետի դիպուկ արտահայտությամբ` Բուշի քաղաքականությունը մարդկանց հրում է «Ալ Քաիդայի» շարքերը: Ծիծաղելի է անհամարժեք պատասխանի մեղադրանքներ լսել մի երկրի նախագահից, որը, Եվրոպայի լուռ թողտվությամբ, հավանություն է տվել Հարավսլավիայի ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբահարությանը: Ժողովրդավարության համար, պարզվում է, պետք էր քանդել Դունայ գետի կամուրջներըգ

Այս ամենի պտուղներն է, որ մենք այսօր վայելում ենք, քանի որ այդպիսով ամերիկացիները ոչ միայն Իրաքն ու Հարավսլավիան ավերեցին, այլեւ տիրող աշխարհակարգը, վերջինիս մեջ` ԱՄՆ լուսապսակը, որպես արդարացի համաշխարհային առաջնորդի, ինչի կարիքն աշխարհն իսկապես ունի: Ակնհայտ է, որ ՌԴ-ի հակազդեցությունը 90-ականների ստորացումների պատասխանն է: Դա պատասխանն է գործընկերների շահերը հաշվի առնելու գործում Արեւմուտքի անկարողությանն ու չկամենալուն: Եվ նույնիսկ այսօր այդ չափավորությունը չի հերիքում Արեւմուտքին, որը շարունակում է չտեսնել «գերանը` սեփական աչքերում»: Այսօր եվրոպական լրատվամիջոցները գրում են միջազգային իրավունքի «մահվան» մասին, սակայն շատ ավելի ազնիվ կլիներ այդ մասին գրել Բելգրադի ռմբակոծություններից անմիջապես հետո: Իսկ այսպես` սովորական երկակի չափանիշներ են: Ի դեպ, ՌԴ-ն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչեց ոչ ավելի արագ, քան ԱՄՆ-ը ու ԵՄ երկրները` Կոսովոյի անկախությունը: Արեւմուտքն ինքը բացեց Պանդորայի արկղըգ Իհարկե, Արեւմուտքի նման պահվածքն անօրինականությունների թողության գիր չի տալիս Ռուսաստանին (ընդհանրապես ՌԴ-ին դժվար է մեղադրել ավելորդ ժողովրդավարության մեջ), սակայն բացատրում է նրա այսօրվա դիրքորոշումը: Եվ որքան էլ բարձրագոչ խոսքեր ասի այսօր Բուշը Վրաստանի հետ կապված, այդ ամենը հնչում է խղճուկորեն, կեղծ ու հիմարաբար: Նրան չեն հավատում նույնիսկ եվրոպական դաշնակիցները: Ի դեպ, ԱՄՆ ռեակցիան Վրաստանի դեպքերին նույնպես դժվար է համարժեք համարել: Բուշը կարողացավ որեւէ բառով չանդրադառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությունն ուժային եղանակով պահպանելու նպատակով ձեռնարկված արկածախնդրային փորձին` կարծես թե դա սովորական բան էր: Պատահական չէ, որ նույնիսկ Եվրոպան ԱՄՆ-ին համարեց կոնֆլիկտի կողմ: Եվս մեկ հատկանշական փաստ` Վրաստանի կոնֆլիկտից անմիջապես հետո ԱՄՆ-ը հապշտապ հակահրթիռային սարքավորումներ տեղադրեց Լեհաստանում եւ Չեխիայում, այդպիսով ապացուցելով, որ նախորդ բոլոր հայտարարությունները, թե դա ուղղված չէ ՌԴ-ի դեմ, կեղծ էին: Եվ վերջում` վրաց-օսեթական կոնֆլիկտի պատճառների վերջին վարկածներից մեկն այն է, որ այս ամբողջ գործողությունը Բուշի կողմից իրականացվեց նախագահական ընտրություններում թեկնածու-հանրապետական Մակքեյնի պաշտպանության համար: Դրա համար հարկ եղավ կենդանացնել ռուսական սպառնալիքի ուրվականը, Վրաստանը զոհաբերելով «շախմատային մեծ խաղում»: Նման վարկածը շատ փաստեր է բացատրում այս տարօրինակ ու անտրամաբանական պատմության մեջ: Ի դեպ, Մակքեյնի վարկանիշն իրոք աճեց այս կոնֆլիկտի շնորհիվ: Սակայն, ասվածի լույսի ներքո, խնդիրը նույնիսկ նրանում չէ, թե որքան ճշմարտացի է այդ վարկածը: Խնդիրը նրանում է, որ աշխարհի ոչ մի փորձագետ այսօր չի փորձի պնդել, թե Ամերիկայի նման պահվածքը սկզբունքորեն անհնար է: Բուշը երեսպաշտությունն ու երկակի չափանիշները դարձրեց քաղաքականության նորմ, եւ աշխարհը լավ սերտեց այդ դասը: Արդյունքում՝ այսօր ոչ միայն ՌԴ-ն, այլ նույնիսկ Մուամմար Կադաֆին լիովին կարող է ԱՄՆ-ին «ցույց տալ իր տեղը»: Հենց դրանում էլ կայանում է Ամերիկայի դավաճանությունը:

«Դելովոյ էկսպրես»