Եվրախորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կիրականացնի սեպտեմբերի 28-ին Երեւանում եւ հոկտեմբերի 19-ին Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Կոնգրեսի հաղորդակցության բաժնի ղեկավար Դմիտրի Մինչենկովը երեկ ասել է, թե ներկայումս հավաքագրվում են դիտորդները եւ կազմվում են առաքելությունները: Դիտորդների թվի եւ այցելության ժամկետների հարցը կհստակեցվի առաջիկայում: Նշենք, որ Կոնգրեսին հրավեր էր ուղարկել ՀՀ կառավարությունը: Սեպտեմբերի 28-ին Կենտրոն, Նոր Նորք համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի, իսկ Նորք-Մարաշ, Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ: Հոկտեմբերի 19-ին ավագանու անդամի ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի՝ 92, Լոռու՝ 93, եւ Տավուշի 47 համայնքներում: Նույն օրը համայնքի ղեկավար կընտրվի Արմավիրի 61, Լոռու՝ 86, Տավուշի 50 համայնքներում: