– Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը Ձեր անձնակա՞ն կենտրոնն է:
– Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն ՓԲԸ-ն ստեղծվել է
2001թ. եւ ամբողջությամբ պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Կառավարությունը պետք է գորրծակալության գործունեության համար գումար
տրամադրեր եւ տարածք, որն այդպես էլ չտրվեց: Տարածք վարձակալեցինք մեր
միջոցների հաշվին, մարդկանց աշխատավարձեր ենք տալիս ստեղծման օրից սկսած:
Մարդիկ կարծում են, թե այս գործակալությունը մեր անձնականն է, այնինչ՝
ամբողջությամբ կառավարությանն է պատկանում: USAID-ը մեր մի ծրագրին
հավանություն տվեց եւ հովանավորեց: Այսքան տարի Վահագն եւ Հասմիկ
Հովնանյանների ընտանիքն էր հովանավորում գործակալության բոլոր ծախսերը եւ
վճարում աշխատակիցների աշխատավարձերը: Մենք դիմեցինք կառավարությանը, որ
այսպես շարունակվել չի կարող, ձեր գործակալությունն է, բայց բոլոր ծախսերը
մեզ վրա են, գոնե գրասենյակի համար տարածք առաջարկեք: Կառավարությունը մեզ
պատասխանեց՝ ինքներդ գտեք տարածք եւ մեզ առաջարկեք: Մտածեցի, որ ճիշտ
կլինի գործակալությունը լինի քաղաքի կենտրոնում, թանգարանի ներսում:
Պատճառն այն է, որ շատ տուրիստներ հաճախ մեզ հարցնում են, թե երբ է բաց
լինելու թանգարանը: Մենք իրենց ասում ենք, որ միշտ բաց է, սակայն
պատասխանում են, որ փակ է, կամ մտնում են՝ սառնամանիք է, մութ է… Մեր
երկիրը տուրիստներին կարող է ներկայացնել իր հարուստ պատմությունը եւ
մշակույթը: Մտածեցի, որ կառավարության ստեղծած այս գործակալությունը, որը
տուրիստին տեղեկատվական անվճար ծառայություն է մատուցում, կարող է օգտակար
լինել եւ՛ Պատմության թանգարանին, եւ՛ Պատկերասրահին:
– Ձեր առաջարկած նախագծից անհասկանալի է, թե որտեղ պետք է սրճարաններ բացվեն:
– Արդյո՞ք ճիշտն այն է, որ Պատմության թանգարանի եւ Պատկերասրահի մուտքի
առջեւ աղբ է թափված, միզահոտ է փչում, եւ ոչ ոք չի մտածում այն մաքրելու,
խնամելու մասին: Դա էլ է մշակույթ: Եթե պետությունը եւ քաղաքապետարանը
նորմալ վերաբերվեին մեր մշակույթին եւ պատմությանը, գնահատեին, ապա այդ
տարածքը գոնե մաքուր կլիներ: Այսօր ինչ-որ փնթի սրճարանների են տվել,
որոնք, բացի այն, որ տգեղ են, միզահոտ աղբանոցի տպավորություն են թողնում:
Այդպե՞ս ենք գնահատում մեր մշակույթը, մեր մայրաքաղաքի կենտրոնը,
մանավանդ՝ մեր Պատկերասրահի, մեր Պատմության թանգարանի մուտքը: Մենք
առաջարկել ենք, որպեսզի Մշակույթի նախարարությունը թանգարանի մուտքի
հատվածը, ուր այսօր էլ սրճարաններ են գործում՝ վերցնի, եւ վարձակալության
տա գեղեցիկ ու ավելի ժամանակակից ոճով սրճարանների, մաքրվի, խնամվի, եւ
ստացված եկամուտը Պատմության թանգարանինը եւ Պատկերասրահինը լինեն:
Թանգարանը եւ Պատկերասրահը այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն եւ այդ
միջոցներով կարող են փոքր-ինչ ազատ շնչել: Առաջարկվում է շենքի դուրսը
ճիշտ օգտագործել:
– Բայց նախագծից տպավորություն է ստեղծվում, որ Դուք առաջարկում եք, թե
Պատմության թանգարանի եւ Պատկերասրահի ներսում պետք է ռեստորաններ գործեն:
– Ոչ, այդպես չէ: Նախ ասեմ, որ առաջարկվածը դեռեւս նախագիծ չէ, այլ միտք
է, գաղափարի առաջարկ է, որը պետք է քննարկվի՝ իր թերություններով եւ լավ
կողմերով հանդերձ: Մենք ընդամենն առաջարկում ենք, որ շրջակա տարածքը
մաքրեն, խնամեն, իսկ Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունն
իր տեղեկատվական կենտրոնով գործի շենքի առաջին հարկում: Ես առաջարկում եմ,
որ Պատմության թանգարանը եւ Պատկերասրահը վերցնեն շենքի առջեւի տարածքը եւ
օգտագործեն թանգարանի կարիքների համար: Եվ թանգարանն ու Պատկերասրահն
իրենց շենքի առջեւի բացօթյա տարածքները կառավարման իրավունքով
վարձակալությամբ տալով որոշ գեղեցիկ սրճարանների, կարող են թանգարանին մեծ
օգուտներ բերել: Օրինակ, ես կարծում եմ, որ Օպերայի շենքի այդ
սրճարանները, որոնց մեծ մասը շատ տգեղ են եւ այդպես չպետք է կառուցվեին,
գոնե պետք է Օպերային թատրոնին օգուտներ բերեին, ոչ թե մի քանի անհատների
գրպանը գնար:
– Այս առաջարկի ի հայտ գալուց հետո որոշ լրատվամիջոցներում գրվեց, որ
Ձեր անհատական դիզայնով արված հագուստների խանութը պետք է բացվի:
– Ինչո՞ւ պետք է իմ կամ որեւէ մեկի մոդելավորած հագուստի խանութը բացվի
այդ շենքում: Աբովյան 1 հասցեի շենքի երկրորդ հարկում բացվելու է իմ
դիզայներական ստուդիան, որը ոչ մի կապ չունի Պատմության թանգարանի եւ
Պատկերասրահի շենքի հետ:
Աշխարհի շատ թանգարաններում՝ «Մետրոպոլիտեն», «Լուվր» եւ այլ, իմ
առաջարկած փորձը կա եւ կիրառվում է միջազգային չափանիշներին համապատասխան:
Այս գաղափարը ես չեմ հորինել, ամբողջ աշխարհի թանգարաններում կիրառվում է:
Չենք ասում, որ այդ սրճարաններում պետք է ճաշեր պատրաստվեն, ճաշի հոտեր
բուրեն, այլ թանգարանը եւ Պատկերասրահն իրենց շենքի մուտքը քաղաքում
գործող սրճարաններին կարող են վարձակալության տալ՝ կառավարման համար: Այդ
սրճարանները սննդի պահեստներ չպետք է ունենան եւ օրվա մնացած սնունդը պետք
է թափվի: Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանին ես առաջարկեցի
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունն իր տեղեկատվական
կենտրոնով տեղակայել շենքի առաջին հարկի մի հատվածում: Նա ասաց՝ չի կարող
լինել, քանի որ իրենց թանգարանի նմուշների հուշանվերների խանութը պետք է
այդտեղ լինի: Ասացի՝ ինչ լավ է, մենք տեղեկատվական կենտրոնը կդնենք, ձեր
եւ Պատկերասրահի խանութ-սալոնները կլինեն, եւ, ինչպես ընդունված է աշխարհի
թանգարաններում՝ առաջին հարկը կոմերցիոն հատված կլինի: Նա չհամաձայնեց:
Իրենք այժմ սկսել են խոսել թանգարանի եւ Պատկերասրահի միանալ-չմիանալու
մասին: Դա մասնագետների՝ պատմաբանների, արվեստաբանների խնդիրն է, ես ի՞նչ
կարող եմ ասել: Կարող են ասել, որ սխալ է այդ երկուսի միացնելը: Ես
անձնական ոչ մի բան չունեմ, ոչ մի բիզնես հետաքրքրություն: Ոչ էլ
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունն է իմ անձնականը: Դա
Հայաստանի կառավարությանն է, որին մենք՝ Վահագն Հովնանյանի ընտանիքը,
հովանավորել ենք այսքան ժամանակ:
– Դուք ասում եք՝ թանգարանի եւ Պատկերասրահի տոմսերը միավորել եւ մեկ
տոմս առաջարկել այցելուներին: Բայց ինչո՞ւ պետք է այդ տոմսը վաճառի
տեղեկատվական կենտրոնը: Ձեր ղեկավարած կենտրոնը տոմսերի վաճառքից իր
օգո՞ւտը պետք է ունենա:
– Ոչ, մենք միայն հեշտացնում ենք տուրիստի մուտքը: Մեր կենտրոնը տուրիստի
համար անվճար է աշխատում: Տոմսերի վաճառքից ստացվող գումարը թանգարանինը
եւ Պատկերասրահինը պետք է լինի: Ես «Էրմիտաժի», «Մետրոպոլիտեն» եւ մի քանի
այլ թանգարանների խորհրդի անդամ եմ եւ ընդամենը որպես գաղափար հուշում եմ
միջազգային փորձը: «Էրմիտաժը» ժամանակին նույն այս խնդիրներն ուներ եւ
այսօր արդեն դրանք լուծված են, եւ թանգարանը կարողանում է հոգալ իր
կարիքները, մշակութային արժեքների պահպանման պայմանների հարցերը: Տոմսերի
գնային քաղաքականություն պետք է մշակվի դպրոցականների, ուսանողների,
տեղացիների եւ տուրիստների համար: Թերթերում գրում են, թե առաջարկում եմ՝
բորդելներ ու սաունաներ բացվեն Պատկերասրահում եւ Պատմության թանգարանում:
Ամոթ է: Այդքան տարի դրսում եմ ապրել եւ բորդելների ու սաունաների
գաղափարը ես Հայաստանում տեսա: Որոշ մարդկանց հիվանդ մտքեր են դրանք, որ
ամեն ինչի մեջ վատ միտք են միայն տեսնում: Ուրիշները քաղաքի գեղեցիկ
շենքերը վերցնում եւ աղբանոց ու անբարո վայրեր են սարքում, իսկ
Հովնանյանների ընտանիքը մինչ օրս աղբանոցները մաքրել է ու ծաղկեցրել: Ես
առաջարկում եմ մաքրել աղբանոցը մայրաքաղաքի կենտրոնի՝ Պատմության
թանգարանի եւ Պատկերասրահի մուտքի առջեւ եւ գեղեցկացնել, ոչ թե տգեղ
կառույցներ դնել: Առաջարկում եմ աշխարհում ընդունված ստանդարտներով
սրճարաններ աշխատեցնել, որպեսզի թանգարանները գործեն, օգնություն գա
իրենց, որ մեր մշակութային արժեքները լավ պահպանվեն, մարդիկ գան տեսնեն եւ
երկիրը պրոպագանդեն: