Ամերիկյան World Public Opinion (WPO) հետազոտական կենտրոնի կողմից Եգիպտոսում, Նիգերիայում, Ադրբեջանում, Ինդոնեզիայում, Իրանում, Պաղեստինում եւ Թուրքիայում 5200 մարդկանց միջեւ անցյալ հունվարին եւ փետրվարին անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ գլոբալիզացիայի գաղափարի նկատմամբ ամենասառը մահմեդական ժողովուրդը թուրքերն են: Ըստ հետազոտության, հիշյալ մահմեդական 7 երկրներում հարցվածների ընդհանուր առմամբ 63 տոկոսը դրական մոտեցում է ցուցաբերել գլոբալիզացիայի գաղափարին: Գլոբալիզացիային կողմ է արտահայտվել հարցման ենթարկված թուրքերի 39 տոկոսը: Հարցման ենթարկված մահմեդականների՝ 25 տոկոսը, իսկ թուրքերի 28 տոկոսը վնասակար է համարել գլոբալիզացիայի գաղափարը: Գլոբալիզացիան դրական գաղափար են համարել Ադրբեջանում հարցվածների 58 տոկոսը, Իրանում՝ 61 տոկոսը, Եգիպտոսում՝ 79, իսկ Նիգերիայում՝ 78 տոկոսը:
Հետազոտական կենտրոնը պարզել է, որ բոլոր երկրներում հարցվածները, հատկապես թուրքերը, կողմ են միջազգային առեւտրին: Նրանք այն կարծիքին են, որ մշակութային ինքնությունը պահպանվելու պայմանով, ընդհանուր առմամբ, դեմ չեն գլոբալիզացիայի գործընթացին աշխարհում: