Վաշինգտոնի գինիների խանութներից մեկը՝ ի նշան Վրաստանում Ռուսաստանի գործողությունների դեմ բողոքի, հայտարարել է, որ դադարեցնում է ռուսական օղի վաճառել եւ հաճախորդներին ավելի շատ վրացական գինիներ է առաջարկելու: «Մենք պատրաստվում ենք ռուսական օղու ոչ մեծ բոյկոտ սկսել»,- հայտարարել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի Ջորջթաուն հեղինակավոր շրջանում «Պոտոմակ ուայն էնդ սպիրիտ» խանութի սեփականատեր Սթիվեն Ֆիլդմանը: Նա ասել է, որ ռուսական օղին բոյկոտելու միտքն իր մեջ ծնվել է այն բանից հետո, երբ ինքն իր վրացական արմատներ ունեցող մի քանի գնորդներից իմացավ Վրաստանում Ռուսաստանի գործողությունների մասին, ինչպես նաեւ հակամարտության մասին տեղեկացավ ամերիկյան մամուլից: Նրա խանութում ռուսական օղու բոյկոտը շարունակվելու է «այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները չեն հեռացել Վրաստանի օրինական տարածքից, եւ քանի դեռ վրացական կառավարությունը բավարարված չի լինի վերջնական արդյունքից»: ՝«Վաշինգտոն պոստը» հիշեցնում է, որ ԱՄՆ-ում օղին ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող թունդ սպիրտային խմիչքն է: Տարեկան ԱՄՆ-ում 51,2 մլն արկղ օղի է վաճառվում, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 լիտր խմիչք: