Բացահայտել են

31/08/2008

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` 2006-2007թթ. Երեւանում կատարված ավտոառեւանգման դեպքերի փաստերով ՀՀ Ոստիկանության քննչական տարբեր ստորաբաժանումներում հարուցվել էին 30 քրեական գործեր:

«Հաշվի առնելով դրանց հասարակական վտանգավորությունը, ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարված էր վարույթն իրականացնել ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից, որի արդյունքում ԱԱԾ-ում կազմվել էր օպերատիվ քննչական խումբ: ՀՀ ԱԱԾ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ավտոառեւանգողների հանցավոր խումբը բացահայտվել եւ կալանավորվել է: Նշված խումբը գլխավորել է նախկինում սպանության համար դատապարտված Հարություն Հայկի Սարգսյանը, որն իր խմբում ընդգրկել էր հարազատ եղբորը` Լյուդվիգ Հայկի Սարգսյանին, մորեղբոր որդուն` Արմեն Խաչատուրի Նազարյանին եւ «Չախկալ» մականվամբ Արմեն Ալբերտի Խաչատրյանին: Կազմակերպված հանցավոր խումբն, առեւանգելով ավտոմեքենաները, հանցավոր աշխարհի հեղինակությունների միջնորդությամբ բանակցությունների մեջ էր մտնում տուժողների հետ եւ համապատասխան գումարի դիմաց` վերադարձնում մեքենաները: Ավտոմեքենաների սեփականատերերի հետ համաձայնության չգալու պատճառով, որպես իրական սպառնալիք, ինչպես նաեւ մյուս տուժած անձանց ահաբեկելու նպատակով, առեւանգված 3 ավտոմեքենաներ հրկիզվել են: Քննության ընթացքում բացահայտվել եւ հաստատվել է խմբի կողմից իրականացված 21 ավտոմեքենաների հափշտակության փաստեր, ինչպես նաեւ 25 այլ հանցագործություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 13-ին Հ. Սարգսյանի կողմից կազմակերպված հանցավոր խմբի քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Իսկ Ա. Նազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: