Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը

01/06/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Խորհրդային մեր մանկության տարիներին մեզ սովորեցնում էին, թե Հայրենիքը
սկսվում է այբբենարանի ներսի նկարից։ Որքան էլ դա գեղեցիկ հնչեր,
ցավալիորեն այդ նկարը չէր համապատասխանում շրջապատող իրականությանը։ Եվ
այդպես՝ շփոթվելով, մենք չէինք իմանում, թե ինչից է սկսվում Հայրենիքը։
Ավելի ուշ, բայց նույն խորհրդային տարիներին, այդ երկրի բանակում մեզ
ասում էին, թե Հայրենիքը սկսվում է այն պոստից, որը դու ես հսկում։
Նույնպես գեղեցիկ ձեւակերպում, բայց, եթե այբբենարանի ներսի նկարը չէր
համապատասխանում շրջապատող իրականությանը, այստեղ էլ պարզ չէր լինում, թե
ի՞նչ ես հսկում եւ ինչո՞ւ։
Այսպես ասած՝ «հայրենասեր» մարդիկ, բացատրելով, թե ինչու չեն արտագաղթում,
ասում են՝ մեր հայրերի, մեր պապերի գերեզմաններն են այստեղ։ Ուրեմն կարելի
է ենթադրել, որ Հայրենիքը սկսվում է գերեզմաններից։ Ու որքան էլ զարմանալի
է, բարձր արժեքներից մեկը մեզ համար եղել ու շարունակում է մնալ գերեզմանը։
Հայտնի մի անեկդոտ կա, որի «նոր հայ» հերոսն ընկերներին տանում է հոր գերեզմանը ցույց տալու։
– 90.000 դոլար եմ ծախսել հորս գերեզմանի վրա,- ասում է նա։
– Ո՜ւո՜ւո՜ւ….,- զարմանում են ընկերները։
– Հա, բայց եթե վաթսուն տվող լինի, առանց բազարի կտամ,- շարունակում է «նոր հայը»։
Նախորդ պարբերության ֆոնի վրա, սա, իհարկե, վայրենություն է։
Բարոյականության ու արժեքների անկումը ծաղրող այս անեկդոտի հերոսի
մտածողությունն աննկատ, բայց բավական արագ դարձավ մեր մտածելակերպի որոշիչ
բաղադրիչներից մեկն, այն բանից հետո, երբ Հանրապետության նախագահը ցույց
տվեց փողի տեղն ու նախանշեց քաղաքի զարգացման ճանապարհը։ Անշուշտ, հիշում
եք, նախագահի «Փողի վրա նստած՝ փող եք ուզում» դարակազմիկ
արտահայտությունը։
Եվ դրանից հետո սկսվեց առք ու վաճառքի այնպիսի մի գործընթաց, որի
արդյունքն այս պահին տեսանելի է միայն աչքով, իսկ իրականում մենք դա
կզգանք քիչ ավելի ուշ, երբ չենք գտնի մեր ինքնությունն ու
պատկանելությունը հաստատող որեւէ փաստ։ Ծանր կլինի այդ հետեւանքը,
որովհետեւ, երբ քո պատմածն ու զավակիդ տեսածն իրար չեն համապատասխանում,
կապն ընդհատվում է։
Հիշողության վայրի ընդհատումները հանգեցնում են անհավատության։ Այսինքն՝
արժեքները ոչ թե ըստ նշանակության են գնահատվում, այլ՝ ըստ կարիքի։ Եվ այդ
ժամանակ կարող ես ազատ լինել ու մտածել, որ, օրինակ, Տաթեւի վանական
համալիրի մենախցերը նորոգելով կարելի է ռեստորան կամ հյուրանոց կառուցել։
Գործարարության տեսակետից, թերեւս, արդարացված մտահղացում է, այն կարող է
զարգացնել զբոսաշրջությունը, դրա տված շոշափելի արդյունքով կարելի է հոգալ
վանքի պահպանության ընթացիկ ծախսերը, բայց երբ մի պահ պատկերացնում ես
(եթե պատկերացնում ես), թե ինչ ճգնությամբ ու աղոթքներով է սրբացել այս
վայրը, գայթակղությունդ մահացու մեղք է թվում, իսկ արդարացված
մտահղացումդ՝ սրբապղծություն։
Նման մի գայթակղություն է նաեւ զբոսաշրջության զարգացման հայկական
գործակալության (ԶԶՀԳ) վերջերս առաջարկած ռազմավարական ծրագիրը, որը
թերեւս կարելի է համարել հանրապետության նախագահի ստարտով սկսված
«զարգացման» գագաթնակետը։
Ըստ այդ ծրագրի՝ «Հայաստանը սկսվում է Աբովյան 1-ից»։ Զարմանալի այս
հայտնագործությունն է ինձ ստիպել մտածելու, թե ինչի՞ց է սկսվում
Հայրենիքը։ Ես, որ արդեն քառասուն տարի ապրում եմ Հայաստանում, երբեւէ չեմ
մտածել, որ այն կարող է սկսվել մի կետից, առավելեւս՝ մի հասցեից։
Հակառակը՝ անընդհատ փորձել եմ ունենալ ու պահել Հայրենիքի ամբողջական
բնապատկերը, որի մեջ կա եւ սեր, եւ հիասթափություն, կա եւ ուրախություն,
եւ թախիծ, կա ճոխություն եւ կա թշվառություն։ Այս վերջինը, սակայն, հիմա
կա ամենից շատ, այս վերջինը բնապատկերի գերիշխող գույնն է։ Եվ եթե պետք է
լինի որեւէ ռազմավարական ծրագիր, ապա այն անպայմանորեն պետք է ուղղված
լինի այս վերջինի վերացմանը։ Հաղթահարման փոխարեն ասացի՝ «վերացում», եւ
զգացի, որ ակամա կրկնում եմ ծրագրի հեղինակներին։ Նրանք ուզում են
Հայաստանի Պատմության պետական թանգարանի եւ Ազգային պատկերասրահի շենքում՝
առեւտրի ու զվարճանքի վայր ստեղծելով, «ճոխացնել» մայրաքաղաքի կենտրոնը,
եւ չեն մոռանում ընդգծել շենքի շրջակայքը մուրացկաններից մաքրելու
անհրաժեշտությունը։ Քանի որ այստեղից է սկսվում Հայաստանը, ուրեմն
մուրացկանները կարող են իրենց հանապազօրյա գործով զբաղվել, ասենք, կինո
«Մոսկվայի», օպերայի կամ մի այլ տարածքում։ Բայց քանի որ այս տեղերում էլ
նրանց չեն թողնելու «աշխատել», մուրացկանները կամ պիտի մեռնեն, կամ պիտի
հավաքվեն քաղաքից դուրս գտնվող աղբավայրերում՝ աչքից ու սրտից հեռու, քանի
դեռ մի հերթական «զարգացման գործակալություն» չի որոշել իրականացնել
այնպիսի ռազմավարական ծրագիր, որին առաջին հերթին խանգարում են
մուրացկանները։
Եթե ծրագրի հեղինակներն անսիրտ ու անհոգի վերաբերմունք են ցուցաբերում
առայժմ Աբովյան 1-ից չսկսվող Հայաստանի խեղճ քաղաքացիների (մարդկանց,
հայրենակիցների) նկատմամբ, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու
վերաբերմունքը հազարամյա մշակույթի նմուշների հանդեպ, որն, ի դեպ,
անհնարին նվիրվածությամբ պահպանում ու ներկայացնում են թանգարանի
աշխատակիցները։
Ես թանգարանային գործի մասնագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ Պատմության
թանգարանն ու Ազգային պատկերասրահը տարբեր բաներ են, եւ դրանց միացումը չի
կարող բարի արդյունք ունենալ։ Ես մասնագետ չեմ, բայց արտասահմանյան որեւէ
երկրում, ուր եղել եմ, չեմ տեսել մեկ եւ միեւնույն շենքում գործող
ռեստորան եւ թանգարան (խոսքը փոքրիկ կաֆեների մասին չէ)։ Ես այդ գործի
մասնագետը չեմ, բայց գիտեմ, որ մի բան պահելու եւ պահպանելու համար չի
կարելի նսեմացնել դրա արժեքը։ Այդպես վարվում են թանգարանի շրջակայքում
«աշխատող», ծրագրի ղեկավարների աչքին անցանկալի մուրացկանները։ Նրանք
իրենց երեխաներին պահելու համար փողոց են հանում նույն այդ երեխաներին,
որպեսզի նրանցով խղճահարություն առաջացնեն։
Եվ, այսուհանդերձ, ինչի՞ց է սկսվում Հայրենիքը։ Երեւի ռազմավարական ծրագրի
հեղինակների ու մուրացկանների մտածողության նույնականությունից։ Կամ երեւի
«պետք է» հրամայականից, որն այս նախագծի ընդհանուր տոնն է։