Դատապարտել է

29/08/2008

ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը երեկ դատապարտել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը: «Դառնալով ԵԽ անդամ` Ռուսաստանը պարտավորվել է հարգել հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսօր արված հայտարարությունը ջարդուփշուր արեց այդ խոստումը»,- հայտարարել է Պուչը:

«Խոսքը միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ԵԽ հիմնական սկզբունքի ակնհայտ ու միտումնավոր խախտման մասին է: Այդ որոշումը միայն է՛լ ավելի կբարդացնի իրադրությունը եւ լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Վեհաժողովն այդ որոշման հետեւանքների գնահատականը կտա սեպտեմբերի 29-հոկտեմբերի 3-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում»,- հայտարարել է Լուիս Մարիա դե Պուչը: Իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայտարարել է, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերը կտուժի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշման պատճառով: «Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության միակողմանի ճանաչումը խախտում է Եվրախորհրդի երկրներից մեկի տարածքային ամբողջականությունը»: