Արդեն մեկ շաբաթից ավելի Հայաստանում բենզինի բացակայության արդյունքում ստեղծված ճգնաժամը, չնայած իշխանությունների` վիճակի բարելավման վերաբերյալ հավաստիացումներին, խորանում է: Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս մայրաքաղաքի` դեռեւս գործող բենզալցակայանների առաջ տասնյակ մեքենաներով հերթեր էին գոյանում, իսկ 1 լիտր բենզինի «ստվերային» գինը հասել էր մինչեւ 1200 դրամի: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, երեկվա դրությամբ Վրաստանից Հայաստան էր հասել 10 վագոն բենզին, եւս այդքան էլ Հայաստանում կլինի առաջիկա օրերին: Սակայն, ակնհայտորեն, դա չի բավարարելու պահանջարկը: Այսինքն` վառելիքի ճգնաժամի հաղթահարման տեսանելի հեռանկար դեռեւս չի երեւում: Բացառված չէ, որ առաջիկայում նման իրավիճակ առաջանա նաեւ հացահատիկի ներկրման հետ կապված: Համենայնդեպս, վերջին օրերին բազմաթիվ հացի գործարաններում ու արտադրամասերում սկսել են աշխատել «տնտեսման» ռեժիմով. որոշ դեպքերում սովորական ալյուրին սկսել են խառնել ցածրորակ, «սեւ» ալյուր: