«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին հեռացնեն ԵԿՄ նախագահի պաշտոնից` ԵԿՄ-ի փոխարեն՝ «վերահսկելի», «ենթակա» հասարակական կազմակերպություն ունենալու նպատակով: «Սա միանշանակ ասում է այն մասին, որ Մանվել Գրիգորյանը վերջին գործընթացներում իրեն պահել է դրական առումով, եւ դա է պատճառը, որ իշխանություններն ուզում են նրանից ազատվել: Եթե Գրիգորյանը բավարարեր իշխանություններին, նրան աշխատանքից չէին ազատի»,- ասել է նա: Սակայն, ըստ Ա. Սարգսյանի` Մ. Գրիգորյանն ինքն էլ որոշակի կազմակերպչական «բավականին լուրջ աշխատանք է կատարում, որ նման բան տեղի չունենա». «Իհարկե, ձեռքերը չի ծալել-նստելգ Այդ բաները Երկրապահում շատ լավ գիտեն, եւ ինտրիգներ իրենք էլ կարող են անել, առավել եւս` այդ դեպքում, երբ իրենք արդար են»,- վստահեցրել է նա: Հարցին, թե ինչով է պայմանավորված ԵԿՄ-ի չեզոքությունը այս իրավիճակում, երբ եւ՛ ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, եւ՛ ԵԿՄ բազմաթիվ շարքային անդամներ գտնվում են անազատության մեջ, Արամ Սարգսյանը պատասխանել է. «Եթե հայտարարությունը բավարար լիներ, եւ դրանից հետո իշխանությունները հետեւություններ անեին ու բաց թողնեին տղաներին, միանշանակ այդ հայտարարությունը կարվերգ Այստեղ խնդիրը հայտարարությունը չէ, այստեղ համապատասխան քաղաքական իրավիճակում կոնկրետ բանակցությունների արդյունքում այդ մարդկանց բաց թողնելու կամ, եթե իշխանությունը հաշվի չի նստում ու չի ուզում հետդ բանակցել ու չի ուզում նույնիսկ տեսակետդ հաշվի առնել, ստիպում են մեզ գնալ այնպիսի քայլերի, որ իրենք ստիպված լինեն մեր կարծիքը հաշվի առնել ու հասկանան, որ երկիրը լուրջ խնդիրներ ունի»: