Իշխանությունները շարունակում են նույն գիծը

29/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի ու ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի Հայաստան կատարած այցերից հետո անցել է ավելի քան 1 ամիս, ու մինչեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը` սեպտեմբերի 11-ը, մնացել է մոտ 2 շաբաթ: Եվրախորհրդի պաշտոնյաները Հայաստանի իշխանությունների հետ իրենց հանդիպումների ժամանակ անդրադարձել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքի, մարտի 1-ից հետո կալանավորված անձանց ու ընդդիմության հանրահավաքները շարունակաբար չարտոնելու խնդիրներին: Եվրախորհրդի ներկայացուցիչների այցից հետո ընդամենը փոխվել է Արշակ Բանուչյանի եւ Արարատ Զուրաբյանի խափանման միջոցը, մի քանի գործեր ուղարկվել են դատարան, իսկ ընդդիմության հանրահավաքներն իշխանությունները շարունակում են չարտոնել: Այլ փոփոխություններ չեն արձանագրվել: Հիշեցնենք, Պուչը նաեւ հայտարարել էր, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽ ԽՎ 2 բանաձեւերի պահանջները, ապա «սկանդալային իրավիճակ կստեղծվի», «Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում, ինչպես նաեւ ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում տեղի ունենալիք քննարկումները կարող են աղետալի լինել Հայաստանի համար», եւ «շատ արագ սանկցիաներ կկիրառվեն»:

Մենք փորձեցինք ճշտել, թե Հայաստանի քաղաքական ուժերն ինչպե՞ս են գնահատում իրավիճակը այսօր, եւ արդյո՞ք իշխանություններն այս 1 ամսվա ընթացքում բավարար քայլեր կատարել են, որպեսզի սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում դրական գնահատվի խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ իշխանությունների գործունեությունը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, թե վստահ է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի գնահատականն ավելի խիստ կլինի: Նրան հակառակ՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ եթե աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով` կողմնակալ վերաբերմունք չլինի, «Եվրախորհուրդը կդրսեւորի դրական գնահատական»: ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը եւ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը դժվարացան ասել` սպասվող զեկույցը Հայաստանին դրակա՞ն, թե՞ բացասական գնահատականներ է տալու:

Հատկապես այս 1 ամսվա ընթացքում ԱԺ կալանավորված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանի եւ մյուս քաղբանտարկյալների առողջական վիճակն անընդհատ վատանում է, նրանք անընդհատ դժգոհում են, որ ցուցաբերվող բժշկական օգնությունը բավարար չէ: Մյուս կողմից՝ վերջին մի քանի օրերին էլ ոստիկանները մի քանի անգամ հարձակվեցին Հյուսիսային պողոտայում նստացույց անող քաղաքացիների վրա, հափշտակեցին պաստառները, քաղբանտարկյալների լուսանկարները, Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարան հանձնելու եւ Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու ստորագրությունները, ձերբակալեցին 4 երիտասարդի: Արդյո՞ք իշխանություններին չի հուզում, թե ինչ զեկույց կհրապարակի Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովը, եթե սեպտեմբերի 11-ին ընդառաջ՝ այսպիսի իրավիճակ են ստեղծում:

«Ինֆորմացիա չունեմ այդ դեպքերի հետ կապված: Կամ ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանում կատարվող որեւէ դիպված պետք է դառնա համաշխարհային քննարկման առարկա: Ընդդիմության ճակատն այսօր ծայրահեղ քայլեր է օգտագործում: Ամբողջ աշխարհն այսօր այլ խոհերով ու մտահոգություններով է զբաղված, իսկ ընդդիմությունը փորձում է կեղծ ժողովրդավարություն մատուցել ժողովրդին,- մեր հարցերին ի պատասխան՝ ասաց Գ.Սահակյանն` ավելացնելով,- Ցանկացած ահազանգի դեպքում կալանավորների առողջության մասին մտածվել է: Առավելեւս, նաեւ հիմք ընդունելով նման հանգամանքը` խափանման միջոց է փոխվել: Կարծում եմ, որ դատարանները կլսեն խնդիրները, գնահատականներն ավելի ռեալ կլինեն եւ՛ մեզ համար, եւ՛ Եվրախորհրդի համար»:

Պարզվեց, որ պարոն Սահակյանի նման, Հյուսիսային պողոտայում կատարված իրադարձություններին լավ ծանոթ չէին նաեւ Ա.Շահբազյանն ու Ա.Սաֆարյանը, որոնք հրաժարվեցին կոնկրետ գնահատական տալ: «Մենք բախվում ենք մի երեւույթի հետ, երբ մարդիկ կան, ովքեր խանութներ ունեն: Բայց, իհարկե, մարդկանց իրենց բողոքն արտահայտելու, ակցիաներ կատարելու համար հնարավորություններ պիտի ընձեռվի»,- ասաց Ա.Շահբազյանը: «Իսկ հանձնաժողովի վերջին 2 նիստերում մենք հանգամանորեն անդրադարձել ենք կալանավորների առողջական խնդիրներին: Մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, բայց մենք մասնագետ չենք, որ կարողանանք գնահատել, թե բժշկական այս եզրակացության հիման վրա կարելի՞ է խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել: Դրա համար մենք որոշեցինք դիմել համապատասխան հիմնարկներին՝ մեզ տալու եզրակացություններ»,- խոսելով քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին, ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: «Ես մարտի 1-ի հանձնաժողովի անդամ եմ, եւ վերջին նիստում քննարկել ենք մի քանի դիմումներ, որոնք ստացվել են կալանավորների փաստաբաններից ու հարազատներից: Մենք այդ դիմումները հղում ենք անհրաժեշտ ատյաններին եւ հույս ունենք, որ արագ կստանանք դրանց պատասխանները»,- գրեթե նույն պատասխանը տվեց նաեւ Ա.Սաֆարյանը:

«Այնտեղ պայմաններն այնպիսին են, որ առողջական վիճակը չի կարող լավ լինել: 6-7 հոգով՝ մի խցում, բոլորը ծխում են, տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ են, ինչպե՞ս կարելի է հուսալ, որ նրանց առողջական վիճակը լավ կլինի: Որեւէ բան հաշվի չի առնվում թե՛ առողջության, թե՛ օրինականության տեսակետից: Եվ այսօր հասարակությանը հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ մեղադրանք է նրանց ներկայացված: Դատավարություններն ընթանում են անգրագետ ձեւակերպումներով ու դատավարություններով: Սա է մեր այսօրվա իրականությունը: Ամբիոններից ասվում է, թե մենք հաշվի ենք առնում ժողովրդի կարծիքը, իբր թե բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են, բայց դրանք խոսքեր են, դրանց գործնական արտահայտությունը պետք է լինի»,- ասում է տիկին Բախշյանը:

Հիշեցնենք նաեւ, որ հունիսի վերջին 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները կատարելու համար ԵԽ ԽՎ-ն Հայաստանին ժամանակ էր տվել մինչեւ 2009թ. Վեհաժողովի հունվարյան նստաշրջանը, որին մնացել է 4 ամիս: Նույնքան ժամանակ է անցել առաջին` 1609 բանաձեւն ընդունելուց հետո: Դատելով մեր իշխանությունների` ԵԽ ԽՎ պահանջները կատարելու կամ, ավելի ճիշտ, չկատարելու տեմպից, չի բացառվում, որ Հայաստանը նույն իրավիճակն ունենա նաեւ հունվարին: Ի՞նչ սպասելիքներ ունեն այս առումով մեր զրուցակից պատգամավորները:

«Ցանկացած դեպքում շատ լավ կլինի, բոլոր դեպքերում՝ կյանքը կանգ չի առնի: Կարծում եմ, որ Եվրախորհուրդը նոր առաջարկներ ու խորհուրդներ կանի: Բայց ես չեմ կարծում, որ մենք դրանց համար պետք է աշխատենք, մենք մեր ժողովրդի համար պետք է աշխատենք: Չեմ կարծում եմ, որ կողմնապահություններ կլինեն: Իրականությունն այն է, որ ՀՀ-ն դեռեւս հաղթահարելու շատ բան ունի: Այսինքն՝ այն ծրագիրը, որը ներկայացրել ենք հասարակության դատին, Եվրախորհրդի կողմից արված բոլոր առաջարկությունները ի կատար կածվեն: Մարտի 1-ին առնչվող խնդիրներին, կարծում եմ, դրական գնահատականներ կստանան»,- ասաց Գ.Սահակյանը:

«Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի զեկույցը: Երբ վերջնական եզրակացությունը թողնվեց հունվարին, տրամաբանությունն այն էր, որ ժամանակ է անհրաժեշտ այդ խնդիրները լուծելու համար: Սրանք վերաբերում էին երկրի ժողովրդավարացման, մասնավորապես՝ մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքներին: Կարող եմ ասել, որ այս ուղղությամբ աշխատանքներ արվում են եւ՛ հանձնաժողովում, եւ՛ պետականորեն: Հավանաբար ինչ-որ անդրադարձ կլինի այս քայլերի վերաբերյալ: Հանձնաժողովն իր աշխատանքները որոշակիորեն առաջ է տարել: Մենք հավանաբար սեպտեմբերի առաջին օրերին կունենանք միջանկյալ զեկույց: Այս երեւույթները պիտի փաստվեն, եւ կարծում եմ, որ կտրուկ գնահատումներ չեն լինի: Քաղաքական գործընթացների հետ կապված նման երեւույթները կեսճանապարհին գնահատելը ճիշտ չէ: Մենք արդյունքը պիտի տեսնենք, որ ասենք` կատարվե՞ց, թե՞ չարվեց այն, ինչ ակնկալվում էր»,- ասաց Ա.Շահբազյանը:

«Եվ դա կարող է լինել աշնանային նստաշրջանի, քաղաքական սեզոնի, գործադիր իշխանության իրավապահ մարմինների, դատական համակարգի լարված աշխատանքի արդյունքը: Հայաստանն այդ խնդիրներն ի վիճակի է լուծել մինչեւ տարվա վերջ: Ամառվա հետ կապված դադար էր քաղաքական դաշտում, եւ ակնկալվում է, որ կաշխուժանա: Ես մայիսից նույն բանն եմ ասում` ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը պետք է բավարարի մինչեւ 2008թ. ավարտը՝ մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ թնջուկից ազատվելու համար: Ես համոզված եմ դրանում»,- ասաց Ա.Սաֆարյանը:

«Իշխանությունները փոխանակ ցույց տան, որ ուզում են թուլացնել այս լարվածությունը, շարունակում են նույն գիծը, նույն դատավարությունները, քաղբանտարկյալների նկատմամբ նույն ապօրինի որոշումները, կալանքի ժամկետը երկարաձգելու անօրինական պահանջով դատարաններում հանդես գալը: Ճիշտն ասած, ես դժվարանում եմ հասկանալ իշխանությանը, թե ինչ են ուզում ասել իրենց քայլերով: Բայց եթե այս նույն քայլերով առաջ գնանք, կարծում եմ, որ վտանգավոր է լինելու Հայաստանի համար»,- իր մտահոգությունն է հայտնում Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչը հայտարարել էր. «Հայաստանը չի կարող սպասել մինչեւ հունվար։ Մինչեւ հունվար, հնարավոր է, որ արդեն որոշում կայացված լինի: Հայաստանը ժամանակ ունեցել է դեռ մարտ ամսից, իսկ հունիսյան նստաշրջանում Հայաստանին լրացուցիչ ժամանակ տալու որոշումն ուղղակի բացառություն էր»: